Օր 4-րդ. Դեռ ոչինչ չի վկայում, թե առաջիկայում պատերազմը կդադարեցվի

Իրան - Օդային հարված Ուրմիա քաղաքին, 3-ը մարտի, 2026թ.

Պատերազմի չորրորդ օրը ԱՄՆ-ն ու Իսրայելը և Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները՝ մեծացնելով հակամարտության աշխարհագրությունը և խնդիրներ առաջացնելով ողջ աշխարհում:

Այսօր Իսրայելի բանակը հայտնել է, որ բազմաթիվ հարվածներ է հասցրել Իրանի նախագահի նստավայրին և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի շենքին։ Թիրախավորել են նաև բարձրաստիճան հրամանատարի, սակայն մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Թեհրանում հարվածել են նաև ռազմական ուսումնական հաստատության և «լրացուցիչ կարևոր ենթակառուցվածքներին», այդ թվում՝ ռադիոյի և հեռուստատեսության պետական հեռարձակողի գլխավոր գրասենյակին, որը, ըստ Իսրայելի, կիրառվում է նաև ռազմական նպատակով:

Նախագահականին հարվածից քիչ անց նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ կառավարությունը շարունակում է իր գործառույթները ողջ երկրում և նահանգապետերի հետ համակարգում է իր գործողությունները:

«Մենք անմիջական կապի մեջ ենք նահանգապետերի հետ։ Իրավիճակը բացառիկ է, բայց երկրի գործունեությունը կանգ չի առել», - գրել է Իրանի նախագահը, - «Մշտական գործողությունները շարունակվում են ամբողջ երկրում»։

Ըստ Mehr գործակալության՝ Իրանի արևմտյան Համադան քաղաքում սպանվել է առնվազն հինգ, վիրավորվել՝ 25 խաղաղ բնակիչ: Քերման նահանգում ռազմաբազային հարվածից 13 զինվոր է զոհվել: Ռազմաօդային ուժերի և նավատորմի հինգ անդամ էլ, ըստ ISNA գործակալության, զոհվել է Բուշեհր նահանգում: Պայթյուններ են լսվել նաև Սպահանում և Շիրազում:

Իրանում զոհերի թիվը հասել է 787-ի: Նրանցից 180-ը սպանվել են Մինաբ նահանգում օրիորդաց դպրոցի վրա հարձակումից: Աշակերտներից 165-ին այսօր են հուղարկավորել:

Reuters-ը կադրեր է հրապարակել, որոնք վկայում են, որ Նաթանզի ուրանի հարստացման ստորգետնյա օբյեկտի մուտքը հարձակման է ենթարկվել և վնասվել: Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունն այսօր հաստատել է այս տեղեկությունը:

Կարմիր մահիկի տվյալներով՝ Իրանի վրա առայսօր իրականացվել է 1039 հարձակում, տուժել է 153 քաղաք, ընդհանուր 504 վայր: Ըստ իրանական մամուլի՝ արգելվել է Իրանից բոլոր տեսակի սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների արտահանումը «մինչև հետագա ծանուցումը»:

Իսրայելը նաև շարունակել է հարվածները Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի օբյեկտներին Լիբանանի ողջ տարածքում: Իրանի աջակցությունը վայելող շարժումն էլ հայտնել է, թե իսրայելական երեք ռազմական օբյեկտի է հարվածել:

Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է, որ բանակն առաջ է շարժվում Լիբանանի հարավում, որպեսզի ռազմավարական լրացուցիչ տարածքներ գրավի՝ Իսրայելի սահմանային բնակավայրերի վրա կրակը կանխելու համար։ Դրանից հետո, ըստ Լիբանանի պետական լրատվական գործակալության, լիբանանյան բանակը սկսել է հետ քաշվել առաջնագծից։

Իրանն, իր հերթին, հարվածել է Իսրայելին, ինչի հետևանքով յոթ մարդ է վիրավորվել Բնեյ Բրակ և Ռոշ Հային քաղաքներում։

Իրանը նաև շարունակել է հարվածները Պարսից ծոցի երկրներում: Իրանական Fars գործակալության պնդմամբ՝ Իրանը ոչնչացրել է Բահրեյնում ամերիկյան ռազմաբազայի հրամանատարական գլխավոր շտաբը։ ԱՄՆ-ն դեռ չի մեկնաբանել սա:

Սաուդյան Արաբիայում ենթադրաբար իրանական անօդաչուները հարվածել են ԱՄՆ դեսպանատանը, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել է, որ Իրանի հարվածներից երկրում երեք մարդ է սպանվել, վիրավորվել ևս 68-ը: Նաև հարձակման է ենթարկվել Ֆուջեյրա նավթային տերմինալը, որտեղ հրդեհ է բռնկվել: Երեկվա հարվածից հետո Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունն անորոշ ժամանակով փակվել է:

Չնայած բանակցությունների նստելու բազմաթիվ կոչերին՝ դեռ ոչինչ չի վկայում, որ առաջիկայում պատերազմը կդադարեցվի: Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ բանակցել և հիմա կենտրոնացած է ինքնապաշտպանության վրա: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու Իսրայելն են սկսել պատերազմը, նրանք էլ պետք է դադարեցնեն այն:

ԱՄՆ նախագահը սոցցանցում գրել է, որ վերացրել են Իրանի հակաօդային պաշտպանությունը, ռազմաօդային ուժերը, նավատորմը և ղեկավարությանը: «Նրանք ուզում են բանակցել։ Ես ասացի՝ չափազանց ուշ է», - գրել է Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ ասել էր, թե ԱՄՆ-ն զինամթերքի «անսահմանափակ պաշար» ունի պատերազմելու համար։

Միացյալ Նահանգների պետքարտուղարն էլ ասել է, որ Իրանին ամենածանր հարվածները դեռ առջևում են։ Մարկո Ռուբիոն շեշտել է՝ համատեղ գործողությունների նպատակն է ոչնչացնել Իրանի հրթիռային ծրագիրը: Ըստ ամերիկյան կողմի՝ Թեհրանը մտադիր է այնքան ուժեղացնել հրթիռային կարողությունները, որ ոչ ոք չհամարձակվի ընդդիմանալ իր միջուկային ծրագրին:

«Ահա թե ինչ էին նրանք փորձում անել՝ անձեռնմխելիության այնպիսի կարգավիճակ ձեռք բերել, երբ տարածաշրջանին կարող են այնքան մեծ վնաս պատճառել, որ ոչ ոք չկարողանա ոչինչ անել նրանց միջուկային ծրագրի կամ միջուկային ձգտումների հետ կապված», - պնդել է Ռուբիոն:

Իսրայելի վարչապետն էլ ասել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը մտադիր չեն «անվերջ պատերազմել», պատերազմն արագ կավարտվի: Բենյամին Նեթանյահուն Fox News-ին ասել է, թե հարվածները պայմաններ կստեղծեն, որ Իրանում փոխվի ռեժիմը, և գա «խաղաղության դարաշրջան»:

«Դա կարող է որոշ ժամանակ պահանջել, բայց ոչ տարիներ։ Սա անվերջ պատերազմ չէ։ Իրականում, սա հիմա գործադրվող ջանք է՝ հասնելու այն խաղաղությանը, որը բոլորս ենք տենչում ու աղոթում դրա համար: Կարծում եմ՝ միասին կհասնենք դրան», - հայտարարել է Նեթանյահուն:

Շաբաթ օրը բռնկված պատերազմն արդեն տնտեսական խնդիրներ է ստեղծում աշխարհում: Չինական խոշոր նավթավերամշակողներից մեկը փակել է մի արտադրամասը, որը նավթ էր գնում Saudi Aramco-ից: : Երեկ անօդաչուի հարվածից հետո Սաուդյան Արաբիայի նավթային հսկան կասեցրել էր իր տերմինալներից մեկի գործունեությունը:

Հնդկական ընկերություններն էլ կրճատել են գազի մատակարարումը ձեռնարկություններին, երբ Կատարը դադարեցրեց հեղուկ բնական գազի արտադրությունը։ Ինդոնեզիան հայտարարել է, որ կսկսի ավելի շատ ամերիկյան նավթ ներմուծել:

Պատերազմի հետևանքով հազարավոր չվերթներ են չեղարկվել, միայն Կատարում 8 հազար տարանցիկ ուղևոր է արգելափակվել: Պակիստանը հայտարարել է, որ մարտին իր օդային տարածքը մասամբ փակ կլինի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի պատերազմական ռազմավարությունը. բարձրացնել հակամարտության գինը՝ վերջնարդյունքում հրադադարի հասնելու համարBloomberg. «Քաթարն ու ԱՄԷ-ն փորձում են Իրանի շուրջ հրադադարի հասնել»Տևական պատերազմը կարող է հանգեցնել կտրուկ գնաճի. ԵԿԲՌուբիոն զգուշացնում է՝ Իրանին «ամենածանր հարվածները» դեռ առջևում ենԹրամփը պնդում է՝ Իրանի ՀՕՊ-ը, օդուժը, նավատորմը և ղեկավարությունը վերացված են, Փեզեշքիանը վստահեցնում է՝ շարունակում են աշխատել