Օնիկ Գասպարյանը զգուշացնում է 44-օրյայի վերաբերյալ «ստեր պայթեցնելու» մասին. ԱԺ-ում քննարկում կլինի՞

44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Օնիկ Գասպարյանն առաջարկում է Ազգային ժողովում փակ քննարկում կազմակերպել, որ «պայթեցնի պատերազմի մասին շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները»: 2020-ի աղետալի պատերազմից արդեն վեց տարի է անցել, ու բարձրաստիճան զինվորականը նախընտրական այս փուլն է համարում «իրականության հետ առերեսվելու ժամանակը»:

«Վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ անձը։ Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես, գերադասելով ազգային և պետական շահը, զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց։ Հետևաբար, առաջարկում եմ Ազգային ժողովում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ», - հայտարարել է նա:

ԳՇ նախկին պետ Գասպարյանը ցանկանում է, որ քննարկմանը ներգրավվեն 44-օրյայի ընթացքում քաղաքական ու ռազմական առանցքային պաշտոն զբաղեցրածները, ինչպես նաև պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ունեցող գործիչները, զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատները:

Քոչարյանը քննարկում կազմակերպելու իմաստ չի տեսնում

Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ այս հարցով քննարկում կազմակերպելու իրավասություն ունի, «Ազատությանն» ասաց՝ Գասպարյանի առաջարկին ընդառաջելու իմաստ չեն տեսնում: «Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողվում երկու օր պատասխանել է հարցերի, և դա ներառված է զեկույցում: Բոլոր բացատրությունները ինքը տվել է, ներկայացրել նաև իր նկատառումները: Հիմա ի՞նչ է ուզում»,- արձագանքեց Քոչարյանը:

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար 2022-ին ստեղծված քննիչ հանձնաժողովն անցած տարի ավարտեց աշխատանքը, սակայն զեկույցն այդպես էլ չհրապարակվեց, ուղարկվեց խորհրդարանի գաղտնի բաժին: Անհետ կորածների հարազատները մինչ օրս պահանջում են բացահայտել այդ փաստաթուղթը: Քննիչ հանձնաժողովը միակ ձևաչափն էր, որտեղ Օնիկ Գասպարյանը ներկայացրել է պատերազմի մանրամասները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Փաշինյանին մաքրագործել և հրեշտակի թևեր հագցնել չի հաջողվել». ի՞նչ է կարդացել Գեղամ Մանուկյանը 44-օրյա պատերազմի զեկույցում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

44-օրյայի զեկույցն ուղարկվել է գաղտնի բաժին. հանրությանն այն հասանելի չի լինի

Նրա մասնակցությամբ նիստը, ի դեպ, տպավորել էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին. «Ես հասկացա, որ ինքն ի վիճակի է անել ոչ միայն վերլուծություններ, արձանագրել փաստեր, այլ նաև իր անցած ճանապարհով կարող է նաև մեր կրթական ծրագրերի մեջ ունենալ իր ուրույն մասնակցությունը»:

Թե երեք տարի անց ինչ հարցերի է ուզում անդրադառնալ նախկին բարձրաստիճան զինվորականը, որոնց մասին չի խոսել քննիչ հանձնաժողովում, պարզ չէ: Գասպարյանը նաև չի հստակեցրել՝ կոնկրետ ինչ սուտ է ցանկանում բացահայտել, որ վերջին օրերին լսել և վրդովվել է:

Պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ այս առաջարկի հավանական պատճառն այն է, որ 44-օրյայի ցանկացած դրվագ առնչվում է Գասպարյանին, իսկ վերջին շրջանում հենց նրա գործողություններն են քննարկվել, այդ թվում՝ խորհրդարանում:

«Սեյրան Օհանյանը խոսել է փաստերի մասին, այն իրողությունների, որոնք հանրային առումով արձանագրված են, միգուցե դրանցում կան տարբեր նրբերանգներ, տարբեր չբացահայտված որոշումներ կամ հրամաններ, բայց այն, ինչ որ առկա է դաշտում, Սեյրան Օհանյանը ներկայացրեց դրա վերաբերյալ իր վերլուծությունը, որը բավականին ռացիոնալ է», - «Ազատության» հետ զրույցում նշեց Աբրահամյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը օրերս խորհրդարանում հենց վարչապետի ներկայությամբ էր պնդել, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը 283 կմ պաշտպանության գոտի է ունեցել, որից 265-ը մինչև 2020 թվականի հոկտեմբերի 27-ը պահել են: Պատերազմն ավարտվել էր մոտ երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 9-ին:

«Այն տարածքով են Ձեր ասած գեներալները փախել, և ես գտնում եմ, որ այդ պատասխանատվությունը հենց Ձեզ վրա է, որովհետև եթե ՊԲ-ն է որոշում ընդունում, հաստատում է Գլխավոր շտաբը կամ Ղարաբաղի նախագահը, իսկ եթե մի քանի զորամիավորում են՝ ՊԲ-ն և մի քանի հայաստանյան զորամիավորումներ, ապա ԳՇ պետն է այնտեղ որոշում ընդունում, և հաստատում եք Դուք: Ձեր պատասխանատվության գոտիով է Ադրբեջանը շրջանցել, եկել, հասել Շուշի, Բերձոր և ՀՀ սահմաններ՝ Գորիս, Կապան, Մեղրի», - ասել էր Օհանյանը:

Վարչապետ Փաշինյանը իր ելույթում չէր արձագանքել Օհանյանին, որը պնդում էր, թե Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքով է ադրբեջանական զորքը հասել Շուշի: Ինքը՝ Փաշինյանը, դեռ 2021-ի քարոզարշավին զգուշացնում էր, թե Շուշիի անկման համար պետք է պատասխան տա Օնիկ Գասպարյանը. «Ինքը պետք է դատարանում բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբը ինչու է օրուկես ուշացումով տեղ հասել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչպես ընկավ Շուշին. մեղավորների փնտրտուքը շարունակվում է

Տիգրան Աբրահամյանը մի քանի հարց ունի Օնիկ Գասպարյանին

Օնիկ Գասպարյանը ոչ միայն դատարանում, այլև առհասարակ մինչև օրս հանրությանը հետաքրքրող հարցերի հրապարակային չի անդրադարձել: Նախկին մի շարք բարձրաստիճան զինվորականների քրեական գործերով հարցաքննվել է, բայց ինքը ոչ մի գործով չի անցնում: Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որ նաև 44-օրյայի զեկույցին է ծանոթ, բավարարված չէ Օնիկ Գասպարյանի բացատրություններից: Այժմ էլ, ասում է, հարցերը նրան շատ են, բայց դրանց պատասխանները, ըստ Աբրահամյանի, պետք է հրապարակային տրվի: Առնվազն մի քանի կարևոր հարց ինքն ունի անգամ զեկույցին ծանոթանալուց հետո, առաջինը՝ ինչո՞ւ զորքերը ժամանակին չեն բերվել մարտական պատրաստության ամենաբարձր վիճակի, երկրորդը՝ ինչո՞ւ պատերազմական վիճակում զորակոչը համապատասխան պլաններով չի իրականացվել:

«Երրորդը՝ շատ կարևոր կլինի, որ Օնիկ Գասպարյանը՝ որպես քաղաքական որոշումներին որոշակի մասնակից, ասի, թե ինչ է եղել պատերազմի ընթացքում, ռուսական կողմից ինչ առաջարկներ են ներկայացվել, որն է եղել իր մոտեցումը, և արդյոք հնարավորություն տեսել է պատերազմը կանգնեցնելու: Իհարկե, որոշումը քաղաքական իշխանությանն է պատկանում, բայց Օնիկ Գասպարյանն այդ ժամանակահատվածում մեծ թվով փոքր ֆորմատի քննարկումներ, խորհրդակցություններ է որոշել, որի հիման վրա նաև քաղաքական որոշումներ են կայացվել, և Օնիկ Գասպարյանն այստեղ, բնականաբար, ասելիք ունի», - ասաց պատգամավորը:

2020-ի պատերազմից ուղիղ մեկ շաբաթ անց այն ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարեց, թե պատերազմի չորրորդ օրը զեկուցել է իրավիճակն ու ասել, որ անհրաժեշտ է երկու-երեք օրվա ընթացքում կանգնեցնել պատերազմը: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ամիսներ անց՝ հերքելով Գասպարյանի ասածները: Այդ ժամանակ բանակի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջում էր վարչապետի հրաժարականը՝ համարելով, որ նա ի վիճակի չէ ընդունելու ադեկվատ որոշումներ, երկրին էլ հասցրել է կործանման եզրին: Այս գնահատականից մոտ երկու շաբաթ անց Գասպարյանը դատարանում վիճարկում էր իրեն պաշտոնից ազատելու Փաշինյանի որոշումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԺ-ն մերժել է Դավիթ Տոնոյանի դիմումը՝ ծանոթանալու 44-օրյա պատերազմի զեկույցին44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ էԲավականաչափ ջանքեր չգործադրվեցին պատերազմը Հայաստանի  և Արցախի համար առավել բարենպաստ պայմաններով կանգնեցնելու համար. Օնիկ Գասպարյան ՊՆ-ն առաջարկում է օրենքով արգելել զինվորականներին քաղաքական հայտարարություններ անել Օնիկ Գասպարյանը կրկին մասնակցում է 44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստինՕնիկ Գասպարյանին չպետք է տանեին քաղաքական դաշտ. Անդրանիկ Քոչարյան Օնիկ Գասպարյանն ԱԺ-ում է, մասնակցում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստինՎարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու Արմեն ՍարգսյանիԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի ու երեք բարձրաստիճան սպաների քրգործն ուղարկվել է դատարան