Վաղ առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ռուսական անօդաչու թռչող սարքերի ու հրթիռային հարվածների հետևանքով առնվազն 10 զոհ կա, տասնյակից ավելի վիրավորներ, բազմաբնակարան շենքեր են տուժել, հայտնում է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։
Ռուսական հարվածների հետևանքները Կիևում, հուլիսի 6,2026թ.
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ փրկարարական ջոկատները փորձել են բնակիչներին դուրս բերել գիշերային հրետակոծությունից ավերված շենքերից։ Կլիչկոն նաև մանրամասնել է, որ միայն Պոդիլսկիի շրջանում չորս բնակելի շենք է թիրախավորվել։
Ռուսական հարվածների հետևանքները՝ Կիևում, հուլիսի 6,2026թ.
Նրա խոսքով՝ հրդեհ է բռնկվել Դարնիցկիի 30-հարկանի շենքում, որտեղ անցյալ հինգշաբթի Ռուսաստանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և տասնյակ հրթիռներ էր արձակել՝ խլելով առնվազն 30 մարդու կյանք:
Ռուսական հարվածներից հետո՝ Կիևի բնակիչները պատսպարվել են, հուլիսի 6,2026թ.
Քաղաքում օդի որակի վատթարացման պատճառով բնակիչներին հորդորել են փակել պատուհանները։ Բնակիչները պատսպարվել են մետրոպոլիտենի կայարաններում, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներում:
Ուկրաինայի հարևան ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը որպես կանխարգելիչ միջոցառում կարճ ժամանակով կործանիչներ էր օդ բարձրացրել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ զգուշացրել էր սպասվող ռուսական հարձակման մասին։
Ռուսաստանը հայտնում է Կիևի վրա «զանգվածային» հարձակման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը «զանգվածային» հարձակում է իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և այլ վայրերի վրա՝ օգտագործելով հեռահար, բարձր ճշգրտության զենքեր և անօդաչու թռչող սարքեր։
Նախարարությունը նաև հայտնել է, որ հարվածներ է հասցվել Կիևի և Կիևի մարզի ռազմական և էներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի մի շարք այլ շրջանների ռազմական օդանավակայաններին։