Զինծառայողի մահվան հերթական դեպքը․ Փաշինյանն ասում է՝ պաշտոնանկություններ կլինեն

Այսօր հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին հրազենային վնասվածքով, առավոտյան հայտարարեց Պաշտպանության նախարարությունը։

«Ազատության» տեղեկությամբ զինծառայողը ժամկետային էր, զորակոչվել էր Նոր Նորքի զինկոմիսարիատից։

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, բայց առայժմ չեն հստակեցնում, թե որ հոդվածով։

24 օր առաջ դարձյալ զինծառայողի մահ էր արձանագրվել ու այս ծանր վիճակագրությունը կանգ չի առնում. այս տարի արդեն 12 դեպք։

Վարչապետ Փաշինյանը կարծում է՝ անհատական պատասխանատվություն կրողներ պիտի լինեն, բայց նրանք պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը չեն. «Իմ գնահատականը այն չէ, որ այս իրադրությունում Գլխավոր շտաբի պետը և պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդիրը լուծելու համար»։

Առավոտյան իրադրությունը կառավարությունում քննարկել են ու որոշել՝ պաշտոնանկություններ կլինեն. «Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք, նաև մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս և հետևությունների կգանք»։

Կեսօրից հետո տեղեկություն տարածվեց, որ ազատման դիմում է գրել Ռազմական ոստիկանության պետ, վեց տարի պաշտոնավարող Աշոտ Զաքարյանը։ Պաշտպանական գերատեսչությունից, սակայն, չեն հաստատում և ընդհանրապես կադրային սպասվող փոփոխությունների մասին ոչինչ չեն ասում։

Դեռ երեկ Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն էր հրավիրել Զինված ուժերում հոգեբանական ծառայությունների աշխատանքների կազմակերպման վերաբերյալ ու ընդհանրապես մեկ ամիս է այս գերատեսչությունը ակտիվ լծված է զորքի հետ բարոյահոգեբանական զրույցների գործին:

Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն է ժամկետայիններին բացատրում, թե ինչ կարևոր է կարգապահությունը, արատավոր բարքերին վերջ տալը: «Չնչին վատ վիճակներ», այսպես է ձևակերպում Գլխավոր շտաբի պետը այն իրավիճակը զինված ուժերում, որ հաճախ սպանության կամ ինքնասպանության պատճառ է դառնում։

Արդյո՞ք այս ամենը նկատի ունի Փաշինյանը, երբ նշում է, որ Պապիկյանն ու Ասրյանը բավարար ջանքեր են գործադրում զինծառայողների մահվան վիճակագրությունը մեղմելու ուղղությամբ։ Չհստակեցրեց վարչապետը։

Հայտնի է այն, որ Սուրեն Պապիկյանը 10 օր առաջ վերանշանակվեց պաշտպանության նախարարի պաշտոնում։ Թիմակիցները կարծում են՝ պաշտպանական ոլորտի բարեփոխումները թափով առաջ է տանում։

Որ Զինված ուժերում հանցավորությունը, մահվան դեպքերը նվազեցնել չի հաջողվել, խոստովանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը, խոստովանում է ու հուսադրում։

«Այս խնդիրը, այո, կա, բայց մենք պետք է թողնենք, որ ինքը այդ խնդիրների լուծման ուղղությամբ միջոցառումներ ներկայացնի և կազմակերպի մեր օգնությամբ», - ասաց Խաչատրյանը:

Որևէ դրական փոփոխություն ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերով չկա. իրավապաշտպան

Դեռ Ազատի զորամասի զարհուրելի հրդեհից հետո էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պնդում, որ նախարար Պապիկյանը պիտի հեռանա պաշտոնից։ Մի գիշերում 15 զինծառայող մոխրացավ մի խարխուլ տան մեջ, որի անունը պետությունը զորամաս էր դրել։ Այսօր էլ իրավապաշտպանը նույնն է պնդում. «Այն ժամանակ էլ, ինչպես հիմա, Պապիկյանի փոխարեն խոսեց Նիկոլ Փաշինյանը, հռչակելով մեղավոր պատասխանատուներին, բայց չասաց, թե ինչ կապ ունի Ռազմական ոստիկանությունը մահվան այս դեպքի հետ։ Եթե Փաշինյանն ավելի լավ է տիրապետում բանակում, զորամասում տիրող իրավիճակին, այդ դեպքում ինչո՞ւ է նախարարի պաշտոնը զբաղեցնում Պապիկյանը»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը, որ համակարգում է բանակի ոլորտը, արձանագրում է՝ որևէ դրական փոփոխություն ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերով չկա։ Թվային առումով պատկերն ավելի վատ է նախորդ տարվա համեմատությամբ։

«Եթե մենք ամբողջ 2025 թվականի ընթացքում արձանագրել ենք 35 զինծառայողի մահացության դեպք, այժմ ութ ամսվա ընթացքում արդեն իսկ ունենք 31 զինծառայողի մահացության դեպք։ Ընդ որում, ասեմ, որ 2025 թվականին 10 դեպքն է որակվել զինվորական ծառայության հետ կապված, իսկ հիմա ութ ամիսների ընթացքում արդեն իսկ ունենք զինվորական ծառայության հետ կապված որակված 10 զինծառայողի մահվան դեպք», - ներկայացրեց Մովսեսյանը:

Պաշտպանության նախարարության թվերն այլ են, բայց նույնպես չեն խոսում հաջող ընթացող բարեփոխման մասին։ Անցյալ տարի, ըստ նախարարության, վեց զինծառայողի մահվան դեպք է եղել, այս տարվա միայն 7,5 ամսում արդեն 12։

Քրեական ենթամշակույթ, որ բանակ է մտնում ընտանիքներից, բակերից, սպանության, ինքնասպանության հասցնելու դեպքերն այսպես են հիմնավորում պատասխանատուները։ Օրեր առաջ էլ Փաշինյանն իր վերլուծությունն էր ներկայացրել՝ բանակում հաճախ ինքնասպան են լինում խաղաղամոլության ու դրա հետևանքով առաջացած պարտքերի պատճառով, անձնական ընտանեկան հարցերն են դրդում, և հաջորդը դիրքում հերթապահության ժամանակ քնելն ու դրանից բռնկվող կոնֆլիկտներն են։

Եթե առաջին երկու պատճառները բանակում չեն զարգացել, ապա դիրքում քնելու հարցը կարող էր համակարգային լուծում ստանալ, ասում է Նազելի Մովսեսյանը։ Զինծառայողը մինչև հերթապահությունը լիարժեք հանգստի հնարավորություն ունեցե՞լ է։

«Ինչո՞ւ պիտի զինծառայողը քնի մարտական հերթապահության ժամանակ։ Արդյո՞ք կան բավարար մարդկային ռեսուրսներ, որպեսզի յուրաքանչյուր զինծառայող բավարար ժամանակ ունենա հանգստի համար և մարտական ծառայության ընթացքում չունենա քնելու ցանկություն և կարիք», - նշեց նա։

Այստեղ նույնպես, ըստ Փաշինյանի, բանակի ղեկավարությունը կապ չունի. «Ես ունեմ այդ մեղքը, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել։ Ես ունեմ այդ մեղքը, որ մինչև հիմա այս խնդրի լուծումը չենք գտել մենք»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայտնաբերվել է ՊՆ զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով«Էնքան մեծ կյանք կար իր մեջ». ի՞նչ հանգամանքներում է զոհվել զինծառայող Նարեկ Թորոսյանը Պայմանագրային զինծառայող է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթԽաղաղ պայմաններում 5-րդ մահը բանակում՝ 4 ամսվա ընթացքում