Ժողով Մայր Աթոռում՝ Կաթողիկոսի նախագահությամբ. մասնակիցները սթափության կոչ են անում ԱԺ մեծամասնությանը

Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

«Հայոց Եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած ապօրինի արշավին և այս շրջանակներում Ազգային ժողովում նախաձեռնված գործընթացներին» են անդրադարձել բարձրաստիճան հոգևորականները այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած ժողովի ժամանակ, փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, հայաստանյան թեմակալ առաջնորդները և առաջնորդական տեղապահները հայտարարությամբ են հանդես եկել, որում վճռական անհամաձայնությունն են հայտնում «Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական գործողությունների ուղղորդման ներքո՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում այսպես կոչված ճգնաժամի ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծման առնչությամբ»։

«Այս նախաձեռնությունը հերթական անգամ ոտնահարում է կրոնական ազատության և Եկեղեցու ինքնավարության միջազգայնորեն ճանաչված հիմնարար սկզբունքները, որով լրջորեն կասկածի տակ է դրվում երկրում օրենքի գերակայությունը», - ասված է հայտարարությունում:

Իշխող քաղաքական ուժը, ըստ ժողովի մասնակիցների, «փորձեր է կատարում միջամտելու Հայոց Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը», և խորապես մտահոգիչ է, որ «ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը»:

Բարձրաստիճան հոգևորականները կոչ են անում խորհրդարանական մեծամասնությանը «դրսևորել սթափություն և պատասխանատվություն, գործել բացառապես սահմանադրական լիազորությունների շրջանակում», և պահանջում «պետական իշխանությամբ օժտված՝ մեր Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր զավակից զերծ մնալ անօրինական որևէ գործողությունից, հրաժարվել իշխանական դիրքի չարաշահումից»։

Ժողովի մասնակիցները համոզմունք են հայտնում, որ «այս գործընթացն անխուսափելիորեն բացասական ներգործություն է ունենալու ազգային կյանքում, առաջ է բերելու նոր պառակտումներ, հասարակության մեջ տեղիք է տալու թշնամանքի ու անհանդուրժողականության»։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վճռականորեն հետամուտ է լինելու օրինական բոլոր միջոցներով պաշտպանելու Հայոց Եկեղեցու և իր հավատացյալ հոտի իրավունքները», - հայտարարում են Գարեգին Երկրորդի նախագահած ժողովի մասնակիցները:

Մեկ շաբաթ առաջ Խորհրդարանում քննիչ հանձնաժողով ստեղծվեց՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով»: Դրանից օրեր առաջ էլ Կառավարությունը հրապարակվեց «եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցը», որը Մայր Աթոռը «հակասահմանադրական, հակականոնական և անօրինական» է որակել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «օրենսդրական փոփոխություններ պետք է լինեն, որով եկեղեցու բռնազավթումը պետք է վերացվի»:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ի՞նչ խնդիր է դրված եկեղեցու հարցով հանձնաժողովի առջև. Փաշինյանը բացահայտում է կուսակիցների առաջադրանքը «Հակասահմանադրական է». Մայր Աթոռում քննարկել են ՔՊ-ի ստեղծած քննիչ հանձնաժողովի հարցը Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցըՔՊ-ն 62 կողմ ձայնով հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը«Օրենսդրական փոփոխություններ պետք է լինեն, որով եկեղեցու բռնազավթումը պետք է վերացվի». Փաշինյան «Ցածրորակ և դեղին մամուլի հրապարակում». եկեղեցու դեմ զեկույցը քննադատում են իրավապաշտպաններըԿառավարությունը հրապարակեց «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը. Մայր Աթոռը հակասահմանադրական է որակում