Զելենսկին ժամանել է Փարիզ. նախատեսված են բանակցություններ Մակրոնի հետ

Ուկրաինայի նախահահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Փարիզ։ Այս մասին հայտնել է նրա խոսնակը՝ տեղեկացնելով, որ այցի շրջանակում նախատեսված են բանակցություններ նախագահ Էմանյուել Մակրոնի հետ՝ Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու շուրջ։

Այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների միջնորդությամբ Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունները խափանվել են՝ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի հետևանքով։

Սա Զելենսկու արդեն 12-րդ այցն է Ֆրանսիա՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից ի վեր։

Ավելի վաղ՝ այս շաբաթ Կրեմլը հայտարարել էր, որ նախատեսվող հանդիպումը կարող է խոչընդոտել խաղաղության գործընթացին, և որ «Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գաղափարն անհեթեթ է»։ Այս իրադարձություններին զուգահեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշ նավթային պատժամիջոցներ կարող են մեղմվել՝ միջազգային նավթի գները ցածր պահելու նպատակով։

Ավելի վաղ նրա վարչակազմը ազդարարել էր, որ հնարավոր է մեղմվի նաև Ռուսաստանի նավթի արտահանման սահմանափակումը։
ԱՄՆ կառավարությունը ժամանակավորապես թուլացրել է տնտեսական պատժամիջոցները, որպեսզի ծովում մնացած ռուսական նավթը հնարավոր լինի մինչև ապրիլի 3-ը վաճառել Հնդկաստանին։

Զելենսկու այցը տեղի է ունենում նաև այն ժամանակ, երբ Եվրամիության անդամ Հունգարիան արգելափակել է Ուկրաինային տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի վարկը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։

Հունգարիան ու Սլովակիան մեղադրում են Կիևին Դրուժբա նավթատար խողովակի վերագործակրումը ձգձգելու մեջ․ խողովակը ռուսական նավթ է մատակարարվում այդ երկու դեպի ծով ելք չունեցող երկրներին։ Ուկրաինան հայտարարել է, որ նավթատարը վնասվել էր ռուսական հարվածների հետևանքով։

Բրյուսելը երեկ առաջարկել է առաքելություն ուղարկել արգելափակված նավթատարը ստուգելու համար, և սպասում է Կիևի պատասխանին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը կարող է շարունակել մեղմացնել սահմանափակումները ռուսական նավթի նկատմամբ. Սքոթ Բեսենթ