Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել:
Օրեր առաջ Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցած Ուկրաինայի նախագահը X-ում արված գրառմամբ տեղեկացրել է. «Ես Իլհամ Ալիևի հետ քննարկեցի մի քանի շաբաթ առաջ Ադրբեջան կատարած իմ այցի ընթացքում մեր կողմից համաձայնեցված քայլերի իրականացումը։ Մենք շարունակում ենք աշխատել ինչպես Ուկրաինայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների հետ մեր համագործակցության ուղղությամբ՝ անվտանգությունն ու կայունությունը ամրապնդելու համար»:
Գագաթնաժողովի շրջանակում Հայաստան այցելած Զելենսկին հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քննարկվել էր Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները: Փաշինյանն ու Զելենսկին անդրադարձել են նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին՝ ընդգծելով կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։
Ուկրաինայի նախագահը նշել էր, որ Փաշինյանի հետ խոսել են նաև տնտեսական գործընկերության զարգացման մասին. «Ես առաջարկեցի վերսկսել Տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը և դրա հաջորդ նիստն անցկացնել այս տարի Կիևում»։
Նախքան Երևան գալը, Զելենսկին Ադրբեջանում էր, որտեղ առաջարկել էր Բաքուն դիտարկել որպես ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ: Մոսկվան, սակայն, մերժել է այս առաջարկը:
Իլհամ Ալիևն իր հերթին տեղեկացրել է, որ նախօրեին իրեն է զանգահարել Ուկրաինայի առաջնորդը, քննարկել են երկկողմ հարաբերությունները. «Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակությամբ նշվեց մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան»,- գրել է Ադրբեջանի նախագահը: