Ուկրաինայի նախագահը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել երկու հարցերը, որոնց շուրջ Աբու Դաբիում անցած շաբաթվա եռակողմ բանակցությունների ժամանակ կողմերը չեն համաձայնել, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը:
«Ուկրաինսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում Անդրեյ Սիբիգան ասել է, որ խոսքը տարածքների և ռուսական զինուժի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանի մասին է:
Ռուսաստանը պնդում է, որ ուկրաինական զորքը դուրս գա ողջ Դոնբասից, այդ թվում՝ ռուսական բանակի կողմից չօկուպացված տարածքներից։ Ուկրաինան այս պահանջը համարում է անընդունելի, նաև պնդում, որ ռուսական զորքը դուրս գա Զապորոժիեի ատոմակայանից: Իսկ ԱՄՆ-ն առաջարկում է այն կառավարել Ռուսաստանի հետ համատեղ։
«Հենց այս հարցերը լուծելու համար նախագահը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և քննարկել դրանք», - ասել է Սիբիգան:
Խոսելով խաղաղության ամերիկյան պլանի մասին՝ Ուկրաինայի արտգործնախարարը նշել է, որ այս պահին սեղանին կա երկու փաստաթուղթ։
«Եթե խոսքը կոնկրետ այս 20 կետանոց շրջանակի մասին է, ապա դա ներկայումս երկկողմ փաստաթուղթ է, որը կստորագրեն ԱՄՆ-ն և Ուկրաինան։ Դե ԱՄՆ-ն էլ պետք է փաստաթուղթ ստորագրի Ռուսաստանի հետ», - նշել է Սիբիգան:
Ուկրաինայի գլխավոր դիվանագետը պարզաբանել է, որ Եվրամիության ստորագրությունը չի լինելու որևէ փաստաթղթի տակ, թեև դրանում չի կարող լինել որևէ դրույթ, որի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել եվրոպացի դաշնակիցների հետ։ «Սա սկզբունքային է», - ընդգծել է նա: