Աբու Դաբիում շաբաթավերջին կայացած եռակողմ բանակցությունների արդյունքում խնդրահարույց հարցերը պակասել են, Վիլնյուսում հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ անդրադառնալով Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների երկօրյա հանդիպմանը, որի ընթացքում, այդպես էլ հնարավոր չի եղել համաձայնության գալ ամենագլխավոր՝ տարածքների հարցի շուրջ:
Լիտվացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսին Վլադիմիր Զելենսկին հասկացրել է, որ այս հարցում Ուկրաինայի դիրքորոշումը մնում է անփոփոխ. երկրի տարածքային ամբողջականությունը «պետք է հարգվի», իսկ փոխզիջման համար բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն դրան:
Զելենսկին նաև ասել է, որ ԱՄՆ կողմից տրամադրվելիք անվտանգության երաշխիքների մասին փաստաթուղթն ամբողջությամբ պատրաստ է, Կիևն ազդակի է սպասում Վաշինգտոնից՝ հաստատելու դրա ստորագրման օրն ու վայրը:
«Մեզ համար անվտանգության երաշխիքներն առաջին տեղում են: Սրանք անվտանգության երկկողմ երաշխիքներն են ԱՄՆ կողմից: Փաստաթուղթը 100%-ով պատրաստ է, և սպասում ենք, որ մեր գործընկերները հաստատեն այն ստորագրելու ամսաթիվը և վայրը»,- հայտարարել է Զելենսկին:
Ուկրաինայի առաջնորդն ասել է, որ անվտանգության երաշխիքների երկրորդ մասը Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հստակ հեռանկարն է: Ուկրաինան, ըստ նրա, դաշինքին միանալուն ամբողջությամբ պատրաստ կլինի 2027-ին:
Թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը և թե՛ ԱՄՆ-ն «կառուցողական» են գնահատել Աբու Դաբիում երկօրյա բանակցությունները: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ասել է, որ դրանք այս շաբաթ կշարունակվեն կրկին նույն վայրում: Սթիվ Ուիթքոֆը, սակայն չի նշել, թե կոնկրետ երբ: