Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ՝ քննարկել Ռուսաստանի վերջին ավիահարվածների, Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հրթիռների անհապաղ անհրաժեշտության մասին, ինչպես նաև Ռուսաստանի պատերազմի հետևանքները համաշխարհային շուկաների վրա։
Զելենսկին նշել է, որ ունեցել են «լավ հեռախոսազրույց» և քննարկել են այս շաբաթ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման արդյունքները։
«Ռուսաստանի օդային հարձակումները մեր երկրի վրա շարունակվում են, և հակաօդային պաշտպանությունը, մասնավորապես՝ Patriot համակարգերի համար նախատեսված բալիստիկ հրթիռներ խոցող հրթիռները, շարունակում են մնալ մեր առաջնահերթությունը», - նշել է Զելենսկին։
Կիևի և Մոսկվայի փոխադարձ հեռահար հարվածների ինտենսիվացման ֆոնին՝ այս շաբաթ Սպիտակ տանն ավելի քան մեկ ժամ բանակցություններ են ընթացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև: Թրամփը հանդիպումը դրական էր գնահատել: Ուկրաինայի նախագահն էլ իր հերթին ասել էր, որ «լավ հանդիպում է» ունեցել նախագահ Թրամփի հետ:
Հաղորդվել էր, որ Զելենսկին նախագահ Թրամփի հետ քննարկել է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին նոր թափ հաղորդելու հնարավորությունները, ամերիկյան հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզավորման հետ կապված հարցեր: