Զելենսկին ասել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսին Ստամբուլում նախագահական նստավայրում, 31-ը հոկտեմբերի, 2026թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայում։

«Այո՛, մենք պատրաստ ենք։ Մենք պատրաստ ենք այս հանդիպմանը Թուրքիայում», - CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է Զելենսկին և հավելել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Պուտինի հետ հաղորդակցման իր սեփական ալիքն ունի»։ «Այդ պատճառով մենք աջակցում ենք հանդիպման անցկացմանը Թուրքիայում», - ասել է նա։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան «սերտ և դրական հարաբերություններ» է զարգացրել Թուրքիայի հետ, որը կարող է գործել որպես «գործնական և իրատես միջնորդ» պատերազմի դադարեցմանն ուղղված բանակցություններում։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հայտնել էր, որ Ուկրաինայի առաջնորդը տարբեր աղբյուրներով ազդակներ է ուղարկում, որ պատրաստ է Պուտինի հետ երկխոսությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտնել է Պուտինի և Զելենսկիի հետ «շատ շուտով» կայանալիք հանդիպման մասին

«Եթե նա ուզում է [խոսել], եթե նա իսկապես ուզում է խոսել, թող գա», - ասել էր Ուշակովը՝ հավելելով, որ Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկիի հետ խոսելուց։

Հարցին, թե արդյոք Պուտինը կպատասխանի, եթե Ուկրաինայի նախագահը զանգահարի, Ուշակովը պատասխանել է. «Կարծում եմ՝ իհարկե, կպատասխանի։ Պուտինը երբեք չի հրաժարվել խոսելուց»։

Կրեմլը բազմիցս Զելենսկիին հրավիրել է Մոսկվա՝ բանակցությունների համար։ Ուկրաինայի նախագահն իր հերթին այդ առաջարկներին ի պատասխան հանդիպման այլ վայրեր է առաջարկել:

Այս տարվա գարնանը Պուտինը հայտարարեց, որ երրորդ երկրում բանակցելու պայմանը խաղաղության շուրջ վերջնական համաձայնության հասնելն է, և նման հանդիպմանը պետք է կոնկրետ փաստաթուղթ ստորագրվի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ պետքարտուղարը կասկածում է, թե պատերազմը Ուկրաինայում շուտով կավարտվի

Պուտինը կարծում է, որ հանդիպումը պետք է լինի «վերջնական կետ», այլապես «կարելի է ժամերով, գիշեր ու ցերեկ անվերջ խոսել՝ ապարդյուն»։ Իսկ այս տարվա հունիսի սկզբին նախագահը հայտարարեց, որ Զելենսկիի հետ հանդիպման իմաստ այս պահին չի տեսնում:

Օրեր առաջ էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «շատ շուտով» Պուտինի և Զելենսկիի հետ հանդիպում կլինի։ «Կարծում եմ՝ մենք հսկայական առաջընթաց ենք գրանցում Ռուսաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Հանդիպումը տեղի կունենա շատ շուտով։ Կարծում եմ՝ հսկայական առաջընթաց կա», - ասել էր Թրամփը՝ առանց այլ մանրամասները նշելու։

Ուկրաինան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նախատեսում են նոյեմբերի սկզբին վերսկսել եռակողմ ձևաչափով հանդիպումներն Աբու Դաբիում: Տեխնիկական թիմերով այս հանդիպման վերջնական օր, սակայն, դեռ որոշված չէ: Պուտինը հայտարարել է, որ այս հանդիպման նպատակն է, որոշել, թե ինչպես է ապահովվելու Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգությունը խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո: