Ռուսական զորքերը երեկ երեկոյան հարվածել են Ուկրաինայի Զապորոժիեի մարզի «Ամստոր» առևտրի կենտրոնին, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ, հայտնում է Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Գործակալության տվյալներով՝ 6000 քառակուսի մետր տարածքում բռնկվել է խոշոր հրդեհ, աշխատանքներն ստիպված են եղել իրականացնել չափազանց դժվարին պայմաններում. հետագա հարձակումների վտանգի պատճառով աշխատանքները պարբերաբար դադարեցվել են՝ ապաստան գտնելու համար։
Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը ցույց է տվել առևտրի կենտրոնի տանիքը հարձակումից հետո:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Սոլոմյանսկի շրջանում առավոտյան տեղի ունեցած հարձակման հետևանքով անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են բնակելի շենքերի միջև, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել տրանսպորտային ընկերությունում:
Գոլոսիևսկի շրջանում հարձակման է ենթարկվել բենզալցակայանը, հրդեհվել են նաև պահեստներ: Դարնիցկի շրջանում հարձակման են ենթարկվել տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտը և բենզալցակայանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեկ մարդ վիրավորվել է:
Խարկովի մարզի Իզյում քաղաքում, որտեղ ուղղորդվող ռումբեր են նետվել, վիրավորվել է յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Վնասվել են բնակելի շենքեր, բռնկվել է հրդեհ։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ սեպտեմբերի 23-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 161 գրոհային անօդաչու թռչող սարք, որոնցից 119-ը խոցվել է։ Խփվել են նաև երեք «Բանդերոլ»/«Դան-Տ» հրթիռային անօդաչու թռչող սարքեր։
Ռուսաստանի հարվածները
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքը գիշերը խմբակային հարվածներ է հասցրել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության, վառելիքաէներգետիկ ընկերությունների և լոգիստիկ կենտրոնների ուղղությամբ։
Ռուսաստանը հարվածել է նաև նավերի, որոնք, ռուսական կողմի պնդմամբ, կիրառվում են Ուկրաինայի զինված ուժերի նպատակների համար:
Ուկրաինայի նավահանգստային վարչությունը հայտնել է, որ Ռուսաստանը հարվածել է Սև ծովում օտարերկրյա դրոշի ներքո նավարկող նավի, որի նավապետը սպանվել է: