ԲՀԿ-ն վիճարկում է ԿԸՀ-ի՝ 2 ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումները

2 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումների դեմ ԲՀԿ-ն հայցեր է ներկայացրել վարչական դատարան:

ԲՀԿ հայցադիմումի քննությանը որպես 3-րդ կողմ մասնակցում են «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը և «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը: «Քաղաքացիական պայմանագիրը» միջնորդել էր դատարանին հետաձգել նիստը՝ գործի նյութերին ծանոթանալու պատճառաբանությամբ: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը: Պատասխանող կողմ է հանդես գալիս ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը:

ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը նիստում նշեց, որ 2 տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքով՝ ԲՀԿ-ի համար 4 տոկոսի շեմի հաղթահարման խնդիր է առաջանում:

Նիստին ՔՊ ներկայացուցիչ Եվա Առաքելյանն ուշացումով ներկայացավ, Արամ Օրբելյանը խնդրեց ընդմիջել նիստը՝ պարզելու, թե արդյոք ՔՊ ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու նիստին:

Օրբելյանը պնդեց, որ ՔՊ ներկայացուցիչ ներկայացած փաստաբանն ընդամենը մեկ ամիս առաջ պաշտպանում էր հայցվոր կողմի, այսինքն՝ ԲՀԿ շահերը մինչև հունիսի 1- ը ներառյալ: Իսկ հիմա հանդես է գալիս որպես 3-րդ կողմ՝ ինչը շահերի բախում է և փաստաբանական գաղտնիքի բացահայտման խնդիր կա:

Այս շաբաթ ընտրատարածքային հանձնաժողովներում տեղի ունեցած վերահաշվարկից հետո ԲՀԿ ձայներն ավելացան 147-ով, սակայն դրան զուգահեռ 222-ով պակասեցին՝ 3 ընտրատեղամասերի ՝ 35/ 65 -ի, 10/51 -ի և 12/13 -ի արդյունքներն անվավեր ճանաչվելուց հետո:

Արդյո՞ք ԿԸՀ-ն այդ տեղամասերում վերաքվեարկության որոշում կկայացնի, առայժմ պարզ չէ:

ԲՀԿ ներկայացուցիչները դատարանում պնդեցին, որ ԿԸՀ-ն իրավունք չուներ անվավեր ճանաչել ընտրատեղամասերի արդյունքները, քանի որ դա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունն է: Փոխարենը՝ ԿԸՀ-ն կարող էր վերաքվեարկության որոշում կայացնել, ինչը չի արել: Հետևաբար, հայցվոր կողմը դատարանից պահանջեց բեկանել ԿԸՀ որոշումը: ԿԸՀ փոխնախագահը, սակայն, հակադարձեց՝ գործել են ընտրական օրենսգրքի շրջանակում, հետևաբար խնդրեց հայցը մերժել:

Դատաքննությունն ավարտվեց, դատավորը հայտարարեց, որ դատական ակտը կհրապարակվի մինչև օրվա ավարտը: Խոսքը 35/65 ընտրատեղամասի արդյունքներն անվավավեր ճանաչելու մասին ԿԸՀ որոշման դեմ ներկայացրած ԲՀԿ դիմումի մասին է, այս ընտրատեղամասում ԲՀԿ-ն ստացել էր 82 քվե:

Դատարանն այժմ քննում է արդեն 10/51 ընտրատեղամասի
ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը բեկանելու ԲՀԿ 2- րդ դիմումը:

Այստեղ էլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները պնդեցին՝ ԿԸՀ-ն առանձին ընտրատեղամասերում, այն էլ իր հայեցողությամբ, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու իրավասություն չունի: Դա, ըստ նրանց, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործառույթն է:

ԿԸՀ-ն, ըստ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, կարող էր արձանագրել, որ ընտրատարածքային հանձնաժողովը պատշաճ գնահատական չի տվել տեղի ունեցած խախտումներին, բայց արդյունքներն անվավեր ճանաչելու իրավասություն չուներ:

Արծվիկ Մինասյանն այս առումով շեշտեց՝ պատահական չէ, որ արդեն ի տարբերություն վերոհիշյալ 2 ընտրատեղամասերի, 12/13 տեղամասում ընտրություններն անվավեր ճանաչեց հենց ընտրատեղամասային հանձնաժողովը: Հետևաբար, խնդրեցին իրենց հայցը բավարարել: ԿԸՀ փոխնախագահն էլ խնդրեց մերժել հայցը, ասելով, թե իրենք վերահսկողական գործառույթ են իրականացրել:

Դատավորը հարց տվեց ԿԸՀ փոխնախագահին, թե արդյոք անվավեր ճանաչված տեղամասերում ենթադրվում է, որ վերաքվեարկություն պետք է անցկացվի: Նունե Հովհաննիսյանն ուղիղ չպատասխանեց:

Արամ Վարդևանյանը հարցին պատասխանեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն, ամենայն հավանականությամբ, վերաքվեարկություն չի անի. «Թող ես սխալված լինեմ»,- ասաց Վարդևանյանը:

Այս դատաքննությունը ևս ավարտվեց: Որոշումը կհրապարակվի մինչև 24:00:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Իշխանությունը գլխացավանք է ունենալու փողոցի ձևով». ԲՀԿ-ում վստահ են՝ անցնելու են խորհրդարան Վաղը երեկոյան ԿԸՀ նիստում կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները