Ընտրակաշառքի մեղադրանքներ, 10-հազարական դրամներ և խուզարկություններ. «Ուժեղ Հայաստան»-ից հերքում են մեղադրանքները

«Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը, արխիվ

Հակակոռուպցիոնն այսօր ձերբակալեց, ապա մեղադրանք առաջադրեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, Կանդազ մականվամբ հայտնի Արթուր Ավանեսյանին: Նախկին հետախույզը և նրա հետ ձերբակալված ևս երեք հոգի, որոնց անունները չեն հրապարակվել, մեղադրվում են ընտրակաշառքի հոդվածով: Պարզ չէ` արդյո՞ք միջնորդելու են, որ կալանավորեն ձերբակալվածներին:

«Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից», - ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում:

Ավելի ուշ իրավապահ կառույցը հրապարակեց գաղտնալսումներ, որտեղ ենթադրաբար Արթուր Ավանեսյանը Արցախի բարբառով խոսող տղամարդուն պատմում է, որ «Ուժեղ Հայաստան»-ի թիմում է, որ ընդդիմադիրների՝ իշխանության գալուց հետո լավ է լինելու, խոսում է ինչ-որ միջոցառմանը ներկայանալու կարևորության մասին:

Ըստ Հակակոռուպցիոնի հրապարակած ձայնագրության, Արթուր Ավանեսյանը քաղաքացուն դրական պատասխան է տալիս, երբ նա հարցնում է՝ իրեն պաշտոն կտա՞ բանակում: Հրապարակված գաղտնալսման մեջ քվեի դիմաց փող տալու մասին ակնկարկ չկա:

Մինչ քննիչները պնդում են, թե տվյալներ ունեն, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի համակիրը իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրողներին խոստացել է աշխատանքի ընդունել, «Ուժեղ Հայաստան»-ից հայտնում են, որ Արթուր Ավանեսյանը մեղքը չի ընդունում: Պատգամավորի թեկնածու Արեգա Հովսեփյանի խոսքով՝ Ավանեսյանի տանն իրականացվել է խուզարկություն, որի ընթացքում քրեական վարույթին առնչվող և առհասարակ ապօրինի որևէ բան չի հայտնաբերվել։

«Խուզարկության ընթացքում որևէ առարկա քրեական վարույթին առնչվող չի հայտնաբերվել, ավելին՝ ապօրինի որևէ առարկա չի հայտնաբերվել», - ասաց Հովսեփյանը:

«Ուժեղ Հայաստան»-ին առնչվող մեկ այլ վարույթի մասին այսօր առավոտյան հաղորդեց նաև Քննչական կոմիտեն: Շիրակի մարզի մի ընտանիքի չորս անդամ, այդ թվում՝ անչափահասը, մեղադրվում են հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հոդվածներով: Ըստ իրավապահների՝ նրանք մի խումբ մարդկանց գումարի դիմաց առաջարկել են մասնակցել ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին: Գյուղից մայրաքաղաք տեղափոխվելուց, հավաքին մասնակցելուց հետո նրանց 10-հազարական դրամ են տվել:

Այս մի գործին ընդդիմադիր կուսակցությունը դեռ չի անդրադարձել:

Ընտրություններին ընդառաջ իրավապահների վարույթները Սամվել Կարապետյանի ուժի դեմ ավելանում են: Եվս մի քանի գործ էլ հարուցվել է բարեգործության արգելքը խախտելու, ընտրակաշառքի, ինչպես նաև հավաքին մասնակցելու հարկադրանքի և նյութապես շահագրգռելու հոդվածներով: «Ուժեղ Հայաստան»-ից հերքում են, թե ապօրինի քայլեր են արել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ձերբակալվել է Սամվել Կարապետյանի թիմակից Արթուր ԱվանեսյանըՆոր քրեական գործ՝ «Ուժեղ Հայաստան»-ին առնչվողՈստիկանություն տարված, ապա ազատ արձակված Գյուլագարակի ավագանու անդամը պնդում է՝ հավաքին մասնակցել չեն պարտադրելԳյուլագարակում զանգվածային խուզարկություններ են, բերման էին ենթարկվել «Ուժեղ Հայաստանի» աջակիցները«Մեղադրանքները փոշիացել են». «Ուժեղ Հայաստան»-ի 17 ձերբակալվածներից միայն 3-ն է տնային կալանքի տակ, մյուսներն ազատության մեջ են«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ«Ուժեղ Հայաստան»-ում դաշինքը չգրանցելու միտում են տեսնումՍամվել Կարապետյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեց