Ընդդիմությունը պատրաստ է փողոցային պայքարի. Սամվել Կարապետյան

Ընդդիմությունը պատրաստ է փողոցային պայքարի,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը:

Ընդդիմության շրջանում խուզարկությունները նա «իշխանության ներքին ցնցումների արդյունք» է համարում, որովհետև, ինչպես հայտարարեց, մարզերում շրջագայելով տեսնում են, որ կորցրել են ժողովրդի աջակցությունը, «հույսը դրել են ճնշումների վրա, բայց դա նրանց չի օգնելու»:

Սամվել Կարապետյանն այսօր նաև պնդեց, որ մինչև իր ձերբակալությունը իրեն բարձր մակարդակով առաջարկվել է եկեղեցուն չպաշտպանելու մասին հայտարարություն անել, «դրանից հետո էլեկտրական ցանցերը ու ամեն ինչը հետ է վերադարձվում»: Պնդում է՝ ինքը չի ընդունել առաջարկությունը:

Ըստ «Ուժեղ Հայաստանի» ղեկավարի՝ իր կալանավորումից հետո արդեն Մոսկվայի ընկերների միջոցով նաև առաջարկ է եղել՝ քաղաքականություն չմտնելու մասին հայտարարություն անել ու ինքը կազատվի:

Թե կոնկրետ ո՞ւմ կողմից է եղել այդ առաջարկները, Կարապետյանն այսօրվա ասուլիսի ընթացքում չմանրամասնեց, անուններ չտվեց:

Գործարարն անցած տարվա հունիսին կալանավորվեց եկեղեցին պաշտպանելու իր մի քանի րոպե տևած հարցազրույցից հետո, այն իրավապահները որակել էին որպես իշխանությունը զավթելու կոչ: Մոտ կես տարի ԱԱԾ մեկուսարանում անցկացնելուց հետո՝ անցած դեկտեմբերից Կարապետյանը տնային կալանքի տեղափոխվեց: