Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանի նիստին զուգահեռ, Բարձր դատարանի շենքի մոտ էին հավաքվել ընդդիմադիր ուժերի աջակիցները: Այստեղ ոստիկանական ուժեր էին կուտակված, թեև ակցիան խաղաղ էր։ Ոստիկանները փակել էին շենքի մուտքը։
Քաղաքացիները պահանջում էին, որ դատարանն արդար որոշում կայացնի, չենթարկվի իշխանությանը, ինչպես հայտարարեց ընդդիմադիրներից մեկը։
Դատարանի մոտ էին հավաքվել «Ուժեղ Հայաստան» «Հայաստան» դաշինքների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները։ Նրանք ճեպազրույցներ էին տալիս, պատասխանում լրագրողների հարցերին։ Գլխավորը կարծես թե մանդատներ վերցնել-չվերցնելու որոշումն է։ Թե՛ «Հայաստան», թե՛ «Ուժեղ Հայաստան» դաշինքներից վստահեցնում են, որ դեռ որոշում չկա։
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն ասաց՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո պարզ կդառնա։
«Առաջին օրը, ընտրությունների հաջորդող օրերը, գրեթե թիմի մեծամասնությունը ցանկություն ուներ չվերցնել մանդատները։ Հետագայում մենք մի քանի ճանապարհներ ենք, քննարկումներ ենք ունենում: Որ վստահ
ասեմ՝ ունենք արդեն նախանշած վերջնական ճանապարհ, չեմ կարող ասել, որ ունենք։ Ժամանակի ընթացքում, կարծում եմ, Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում, հետագա քայլերի պլանավորման որոշման արդյունքում մենք հանդես կգանք հայտարարությամբ: Դա լինելու է մարդկանց աչքի առաջ, թափանցիկ», - ասաց Կարապետյանը:
Մինչև դատարանի մոտ հավաքվելը, «Ուժեղ Հայաստան»-ը հանդիպում էր կազմակերպել աջակիցների հետ, հանդիպումը փակ էր։ Ի՞նչ են նրանք առաջարկել, արդյո՞ք ստիպում են ընդդիմադիրներին, որ մանդատները վայր դնեն ու Փաշինյանի իշխանության դեմ փողոցում քայլեր սկսեն։
Նարեկ Կարապետյանն ասաց՝ կարծիքները տարբեր են:
«Մենք այսօր շատ թեժ, հետաքրքիր և կարելի է ասել ինտենսիվ հանդիպում ենք ունեցել, փակ հանդիպում այն մարդկանց հետ, ովքեր մեզ վստահություն են տվել։ Հանդիպումը փակ ֆորմատով էր, բայց հիմնականում մարդկանց երկու բևեռային կարծիք կար: Մի մասը մարդկանց կարծում էր, որ պետք է օրենսդիր, օրենսդիրով քայլեր անել: Բոլորի նպատակը մեկն էր՝ իշխանության փոփոխությունը, բայց գործիքակազմերի տարբերության մասին էինք խոսում։ Ինչ-որ ընդհանուր տրամաբանություններ գտանք, բայց պետք է աշխատենք ևս, որ մեր հայրենակիցների վստահությունը կարողանանք արդարացնենք», - հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը: