Ընդդեմ Եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները չեն ունենա շահեկան արդյունք. Գարեգին Բ

Այսօր ընդդեմ Եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները չունեն որևէ արդարացում և չեն ունենա շահեկան արդյունք, իր ամանորյա ուղերձում հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

«Անցնող տարին ազգիս համար լի էր տագնապալի իրադարձություններով՝ հասարակության մեջ տեղ գտած պառակտումներով, ատելության ու անհանդուրժողության դրսևորումներով։ Ցավոք, Նոր տարի մուտք ենք գործում նաև Հայոց Եկեղեցու և հոգևոր դասի թիրախավորման մտահոգիչ պայմաններում», - նշել է վեհափառ հայրապետը:

Նա հորդորել է «ամուր և աներեր պահել մեր հավատը», դժվարություններին արիաբար դիմակայելու կամքն ու վճռականությունը։

«Աննվազ նախանձախնդրությամբ գործենք՝ հանուն արցախահայության իրավունքների պաշտպանության և Բաքվում անմարդկային նվաստացումների ենթարկվող մեր հայրենակիցների ազատ արձակման։ Դժվարին այս շրջանը, անտարակույս, պիտի հաղթահարենք մեր լույս հավատի, մեր միասնականության, հաստատակամության ու տոկունության շնորհիվ», - ասել է նա:

ՀՀ վարչապետը ամիսներ շարունակ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը: Ազատազրկված են 3 արքեպիսկոպոս և մեկ եպիսկոպոս:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեզ մեղադրում են թուրքասիրության, ադրբեջանամետության մեջ, մեր խնդիրն է՝ ճանաչել մեր տարածաշրջանը. Փաշինյան