«Յաբլոկո»-ն բողոքարկել է Պետդումայի ընտրապայքարից իրեն դուրս թողնելու որոշումը

«Յաբլոկո»-ի նախագահ Նիկոլայ Ռիբակովը, արխիվ

Ռուսաստանի ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցությունը երեկ վերաքննիչ բողոք է ներկայացրել Գերագույն դատարան՝ Պետդումայի ընտրություններին իր ներկայացրած դաշնային ցուցակի գրանցումը չեղարկելու որոշման դեմ:

Գերագույն դատարանը իր որոշումը հրապարակել էր օգոստոսի 10-ին՝ իշխանամետ և ազգայնական «Ռոդինա» կուսակցության հայցի հիման վրա:

Վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո «Յաբլոկո»-ի նախագահ Նիկոլայ Ռիբակովը հայտարարել է, որ կուսակցության փաստաբանները լիովին ապացուցեցին, որ «Յաբլոկո»-ին ընտրություններից դուրս թողնելու համար որևէ հիմք չկար ներկայացված մեղադրանքներից և ոչ մի կետով։

«Ամեն ինչ հորինված էր»,- ասել է Ռիբակովը՝ հավելելով, որ «Յաբլոկո»-ն կլինի Պետդումայի ընտրությունների քվեաթերթիկում, այսինքն, ըստ նրա՝ Գերագույն դատարանի որոշումը կչեղարկվի։

«Յաբլոկո»-ի վերաքննիչ բողոքը կքննարկվի երկուշաբթի՝ օգոստոսի 17-ին։

«Յաբլոկո»-ն Պետդումայի ընտրությունների մասնակցող ուժերից միակն է, որը պաշտպանում է Ուկրաինայում պատերազմի անհապաղ դադարեցումը: Այս դիրքորոշման համար կուսակցությունը քննադատության է արժանացել ընտրությունների մյուս մասնակիցների, այդ թվում՝ «Ռոդինա»-ի կողմից:

«Ռոդինա»-ի հայցը հիմնված էր ոչ միայն «Յաբլոկո»-ի դեմ ծայրահեղականության մեղադրանքների, այլև հեղինակային իրավունքի ենթադրյալ խախտումների, արտասահմանյան սոցցանցերում իրենց քարոզչական նյութերը տարածելիս օրենքը խախտելու, ինչպես նաև այլ խախտումների վրա: Դատարանը բավարարել էր «Ռոդինա»-ի փաստարկների մեծ մասը:

Ընդդիմադիր մեկնաբանները և ինքը՝ «Յաբլոկո»-ն, կարծում են, որ ցուցակի գրանցումը չեղարկելու պատճառը քաղաքական է։ «Յաբլոկո»-ն մեջբերում է վերջին հարցումների արդյունքները, ըստ որոնց՝ կուսակցությունը առաջին անգամ հնարավորություն ունի հաղթահարելու 5 տոկոսի շեմը և անցնելու Պետդումա։
Եթե «Յաբլոկո»-ի դաշնային ցուցակը չեղարկելու որոշումը հաստատվի, կուսակցությունը չի լինի քվեաթերթիկում։ Այնուամենայնիվ, «Յաբլոկո»-ի թեկնածուները կկարողանան մասնակցել մի շարք միամանդատ ընտրատարածքներում։

Կուսակցությունը նաև գրանցվել է մի քանի շրջանների, այդ թվում՝ Պսկովի մարզի օրենսդիր ժողովի ընտրություններին մասնակցելու համար, ինչի մասին «Յաբլոկո»-ն հայտարարեց երեկ։ Կարելիայում և Սանկտ Պետերբուրգում, որտեղ կուսակցությունն այժմ ներկայացված է տարածաշրջանային խորհրդարաններում, «Յաբլոկո»-ին արգելվել է մասնակցել ընտրություններին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Յաբլոկո»-ն հայտարարում է, որ շարունակելու է պայքարըՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց ընտրություններում «Յաբլոկո»-ի ցուցակի գրանցումը. կուսակցությունը կբողոքարկի