Վրացական, ռուսական, ապա նաև հայկական մի շարք լրատվամիջոցներ գրում են, թե Վրաստանի մաքսային անցակետերում կանխվել է Հայաստանից ներկրված 22 290 հատ վարդերի ներմուծումը։ Ֆիտոսանիտարական ստուգումից հետո դրանք վերադարձվել են արտահանող երկիր։
Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, սակայն, հերքում է, թե խոսքը Հայաստանից արտահանված վարդերի մասին է։ Տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն «Ազատությանն» ասաց՝ նման դեպքերում վրացի գործընկերները պարտավոր են պաշտոնապես տեղեկացնել հայկական կողմին, մինչդեռ նման ծանուցում իրենք դեռ չեն ստացել։
«Առաջին հերթին, եթե նույնիսկ խնդիրներ են առաջանում, մենք դրան արձագանքել լրատվամիջոցի հրապարակման մակարդակում չենք կարող, քանի դեռ տվյալ երկրից պաշտոնապես տեղեկություն չենք ստացել, որ այսպիսի խնդիր է առաջացել», - ընդգծեց Հարությունյանը:
Վրաստանի հեղինակավոր բիզնես և տնտեսական լրատվամիջոցներից մեկը՝ Business Media Georgia-ն, հղում անելով երկրի Եկամուտների ծառայությանը, գրել է, որ «Սադախլո-ավտոմոբիլային» և «Նինոծմինդա» մաքսային անցակետերում է բուսասանիտարական հսկողության իրականացվել ու պարզվել է, որ ծաղիկները չեն համապատասխանում Վրաստանի բուսասանիտարական պահանջներին։ Մասնավորապես՝ բույսերի վրա հայտնաբերվել են վնասատու միջատներ, ինչի հետևանքով ամբողջ խմբաքանակը վերադարձվել է արտահանող երկիր։
Այս լրատվամիջոցը, սակայն, չի նշում, թե որ երկրից էր ներմուծվել վերադարձված ծաղիկների խմբաքանակը։ Փոխարենը, հղում անելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությանը, գրել է՝ 2026-ի հունվար-մայիս ամիսներին Վրաստանում աճել են ծաղիկների ներմուծման ծավալները:
Ըստ նույն աղբյուրի՝ Վրաստանի ծաղիկների ամենախոշոր մատակարարն Էկվադորն է, երկրորդ տեղում Հայաստանն է՝ 588 տոննա՝ 2.6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծաղիկների ներմուծմամբ, երրորդ տեղում՝ Նիդերլանդները:
«Սադախլո», «Նինոծմինդա» ավտոմոբիլային անցակետերը բավականին իրարից հեռու, տարբեր անցակետեր են, որտեղի՞ց են այդ ինֆորմացիան վերցրել և ընդհանուր ինչ-որ մի հատ թիվ են հրապարակում: Ի դեպ, դեպի Վրաստան այս քանակությամբ ծաղիկ մեր միջոցով համենայն դեպս չի անցել: Հայաստանի սահմանով այսքան ծաղիկ դեպի այդ երկիր չի անցել, և այս պահին էլ մենք՝ որ ծաղիկների խնդիր ունենք, սահմանին կանխվել են, ետ են վերադարձվել և այլն, նաև այդ ինֆորմացիան չունենք: Համենայն դեպս, եթե ետ են եկել դեպի մեր սահման, ուրեմն՝ մեր սահմանում այդ խնդիրը պիտի առաջանա, մենք էլ պիտի տեսնենք», - ընդգծեց Անուշ Հարությունյանը:
Որ Վրաստանի սահմանին մի բան այն չէ, օրերս «Ազատությանը» դիմած բեռնափոխադրող Ալեքսանն էր պատմել: Հայկական կոնյակը Վրաստանի սահմանով Լեհաստան տանելիս, վրացի մաքսավորներն իր բեռնատարն ուղարկել էին Գեզիի մաքսային տերմինալ, երկու օր շարունակ կանգնեցրել, հետո մի քանի շիշ վերցրել փորձաքննության համար ու անգամ դրա պատասխանին չսպասելով՝ թույլ էին տվել հատել սահմանը:
«Խնդիրներ կան, դե հիմա իմ խնդիրը փաստ էր, ինձ հետ էլի մեքենաներ կային՝ էլի հայկական կոնյակով, տարբեր ոգելից խմիչքներով, որոնք տարբեր երկրներ էին գնում ու բոլորն էլ հայտնվել էին Գեզիում», - «Ազատությանը» ասաց բեռնափոխադրողը:
Ալեքսանն ու հայկական ալկոհոլային խմիչքներ արտահանող հազարավոր այլ բեռնափոխադրողներ նման իրավիճակի բախվել էին նաև նախորդ տարի։ Դեպի Ռուսաստան ուղևորվող բեռնատարները օրերով կանգնում էին Գեզիի մաքսային տերմինալում, մինչ վրացական կողմը ստուգումներ էր իրականացնում։
Վրացական իշխանությունները պնդում էին, որ արտասովոր ոչինչ տեղի չի ունենում, և դրանք սովորական մաքսային ու որակի ստուգումներ են։ Մինչդեռ արտահանողները հայտարարում էին, որ այդ ձգձգումների հետևանքով ֆինանսական վնասներ են կրել և չեն կարողացել ժամանակին կատարել իրենց գործընկերների առջև ստանձնած պարտավորությունները։
Ալեքսանի կարծիքով՝ Վրաստանը թե՛ նախորդ տարի և թե՛ հիմա փորձել ու փորձելու է խոչընդոտել հայկական արտադրանքն իր տարածքով այլ երկրների շուկաներ հասցնելուն:
«Իմ կարծիքով՝ Վրաստանը միշտ խոչընդոտ ա լինելու մեզ, ես չգիտեմ՝ միգուցե ստեղ ինչ-որ խանդի տեսարա՞ն կա», - նշում է բեռնափոխադրողը:
«Էս ուղղությունը՝ դեպի ԵՄ, էս սա չեմ տենում ինչ-որ հարցի փրկությունը: Երբևիցե նա չի փոխարինելու ռուսական շուկային», - կարծում է Ալեքսանը:
Երկու օր ուշանալուց հետո նրան միայն այսօր է հաջողվել բեռնատարով նավ բարձրանալ, ընդ որում՝ հավելյալ վճարով. - «Հավելյալ գումարներով, բանով խցկվեցինք, հիմա Սև ծովի վրա եմ»:
Կառավարության այսօրվա նիստում այս թեման չքննարկվեց, բայց արտահանողներին հատկացվելիք սուբսիդիայի մասին խոսվեց: Հունիսին Հայաստանից արտահանված հայկական գյուղմթերքի և սննդամթերքի համար Կառավարությունն արտահանողներին շուրջ 3 միլիարդ 140 միլիոն դրամի աջակցություն կտրամադրի։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը որպես օրինակ ծիրանի արտահանման թվերից խոսեց. - «Եթե հունիս ամսվա համար ծիրանը մոտ 3 հազար տոննա էր՝ 2 950, արդեն հուլիսի 7-ի դրությամբ 5 405 տոննայի ենք հասել»:
Նախարարի խոսքով՝ հունիսին Հայաստանից արտահանվել է 784 տոննա պղպեղ, 200 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, մոտ 3 հազար տոննա ծիրան, 1 400 տոննա կեռաս, 1.5 միլիոն լիտր շշալցված հանքային ջուր և 230 հազար լիտր շշալցված խաղողի գինի։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ երբ հայկական արտադրանքը մուտք գործի Եվրամիության կամ բարձր ստանդարտներ ունեցող այլ շուկաներ, պետությունը կշարունակի աջակցությունը՝ փոխհատուցելով նաև մաքսատուրքերը։
«Կարծում եմ, որ ոնց որ լիզինգի ծրագիրը արեցինք՝ որոշ ժամանակ անց մոնիթորինգի արդյունքներով, իմ կարծիքով՝ էս գործիքները կսարքենք մշտական գործող: Ոչ էս չափերով, ոչ էս ապրանքատեսակներով, բայց էն քննարկումները, որ հիմա կա հեռանկար ունեցող արտադրանքի համար, ես վստահ եմ, որ մենք կներկայացնենք մի առաջարկություն, որպեսզի պերմանենտ գործի», - նշեց Գրիգորյանը:
Արդյո՞ք Վրաստանը խոչընդոտում է հայկական հատկապես փոքր և միջին արտահանող ընկերությունների բեռնափոխադրումներն իր տարածքով, պետական կառույցները չեն պարզաբանում։ Օրերս Էկոնոմիկայի նախարարությունից «Ազատությանը» հորդորեցին այս հարցով դիմել Արտաքին գործերի նախարարություն, այնտեղից էլ խոստացան պատասխանել, բայց դեռ արձագանք չկա: