Վրաստանը 2026 թվականի առաջին ինը ամիսներին ներգաղթի օրենքները խախտելու համար արտաքսել է Ռուսաստանի 254 քաղաքացու, ինչը ավելի քան երեք անգամ շատ է 2025-ի ցուցանիշից, հայտնում է Deutsche Welle-ն՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներին հղումով։
Համեմատության համար՝ ամբողջ 2025 թվականին Վրաստանի իշխանությունները արտաքսել են 1311 անօրինական ներգաղթյալի, այդ թվում՝ Ռուսաստանի 73 քաղաքացու։
2026-ին Վրաստանից արտաքսվել է ընդհանուր առմամբ 3170 օտարերկրացի։ Նրանցից 791-ը Թուրքիայի քաղաքացիներ են, 306-ը՝ Հնդկաստանի, 274-ը՝ Իրանի և 254-ը՝ Ռուսաստանի։
2026 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանի իշխանությունները երկրից արտաքսել են Ռուսաստանի 109 քաղաքացու՝ ներգաղթի օրենքները խախտելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վրաստանը վտարել է բելառուսցուն Հայաստան, որտեղ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակելՄիևնույն ժամանակ հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտաքսվել է Բելառուսի 15 քաղաքացի:
Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտաքսվել է ընդհանուր առմամբ 1134 օտարերկրյա քաղաքացի։ Արտաքսվածների ամենամեծ թիվը՝ 306, կազմել են Թուրքիայի քաղաքացիները։ Արտաքսվածների թվով երկրորդ տեղում ռուսներն են՝ 109 մարդ:
Լրատվամիջոցը նշում է, որ Վրաստանը 2025 թվականին ակտիվացրել է պայքարն անօրինական միգրացիայի դեմ։ Երկրի խորհրդարանը խստացրել է ներգաղթի մասին օրենսդրությունը՝ պարզեցնելով արտաքսման և խուզարկության ընթացակարգերը։
Այդ ժամանակվանից ի վեր Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար հաղորդում է երկրում գտնվելու կանոնները խախտած օտարերկրյա քաղաքացիների արտաքսման մասին։