Մատչելիության հղումներ

Վրաստանը վտարել է բելառուսցուն Հայաստան, որտեղ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակել

Բելառուսցի Լև Միխեևը
Բելառուսցի Լև Միխեևը

Վրաստանի իշխանությունները վտարել են Բելառուսի քաղաքացի Լև Միխեևին Հայաստան, որտեղ նրան ձերբակալել են բելառուսական իշխանությունների հարցմամբ, սակայն հետո ազատ են արձակել: Այդ մասին Միխեևը պատմել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը:

Բելառուսցին Վրաստանում ապրել է հինգ տարի: Սեպտեմբերի 25-ին նա ներկայացել է երկրի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի միջազգային պաշտպանության բաժին՝ երկարաձգելու անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթի՝ հոկտեմբերի 9-ին լրացող ժամկետը, սակայն այնտեղ նրան ձերբակալել են, ապա հաղորդել, որ անհապաղ պետք է լքի Վրաստանը. պարզվել է, որ երկու ամիս առաջ վրացական դատարանը Միխեևի միջազգային պաշտպանությունը մերժող վերջնական որոշում է ընդունել: Նա պնդում է, թե տեղյակ չէր այդ որոշման մասին:

Միգրացիոն ծառայության աշխատակիցները Միխեևին առաջարկել են ընտրել երկիրը, ուր իրեն վտարելու են՝ Բելառուս, Ռուսաստան, Թուրքիա կամ Հայաստան: Նա ընտրել է Հայաստանը, նույն օրը բելառուսցուն հասցրել են սահման՝ նրան հանձնելով անձնագիրը, հեռախոսը և Վրաստանում ապօրինի մնալու համար 1000 լարի (շուրջ 385 դոլար) տուգանքի անդորրագիրը:

Հայաստանի սահմանին անձնագրի ստուգման ժամանակ Միխեևին ձերբակալել են, քանի որ Բելառուսը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, և տարել Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք, որտեղ գիշերն անցկացնելուց հետո հաջորդ օրը նա ազատ է արձակվել:




​
XS
SM
MD
LG