Վրաստանում ընդդիմությունը սկսում է ազգային արշավը․ «Արևմտյան այլընտրանք»

Ընդդիմադիր դաշինքի ճեպազրույցը, Վրաստան

Վրաստանում 9 կուսակցություններից կազմված ընդդիմադիր դաշինքն այսօրվանից ազգային մոբիլիզացիայի արշավ է սկսում: Արշավը կտևի երկու ամիս և կավարտվի մայիսի 26-ին՝ Վրաստանի Անկախության օրվան նվիրված զանգվածային ակցիայով։

«Այս անգամ ամեն ինչ այլ է։ Սա հաղթանակի ճանապարհն է»,- վստահեցրել է «Ֆեդերալիստների» առաջնորդներից Թամար Չերգոլեիշվիլին՝ ընդգծելով՝ արևմտամետ ընդդիմադիր ուժերը միավորվել են երկրի գլխավոր մարտահրավերի՝ իշխող «Վրացական երազանքի» ավտոկրատ և հակաարևմտյան կառավարման դեմ, որն առաջնորդում է Բիձինա Իվանիշվիլին։

Մարտի 31-ն ու մայիսի 26-ը Վրաստանում պատահական օրեր չեն: 1991 թվականի մարտի 31-ի հանրաքվեն և մայիսի 26-ը՝ երկրի Անկախության օրը նորանկախ Վրաստանի պատմության մեջ ամենակարևոր ամսաթվերն են: 35 տարի առաջ այս օրը՝ վրաստանցիների ավելի քան 90%-ը քվեարկել էր ԽՍՀՄ-ից անկախանալու օգտին, ինչը հիմք դարձավ հետագայում ինքնիշխանության պաշտոնական հռչակման համար։

Ընդդիմադիր դաշինքը կարծում է, որ ավելի քան երեք տասնամյակ անց Վրաստանը կանգնած է նույնատիպ մարտահրավերի առջև։

Ընդդիմության առաջնորդները նաև հայտարարել են, որ շուտով մտադիր են մեկնել ԱՄՆ և Եվրոպական միություն։ Թե ով է նրանց այնտեղ սպասում և ինչ ծրագրով, փակագծեր դեռ չեն բացում

«Մեր դաշինքը կարող է դառնալ ժողովրդավարական այլընտրանք՝ առաջարկելով ամերիկյան կառավարությանը իր ճանապարհն ու տեսլականը, թե ինչպես Վրաստանը կարող է դուրս գալ այն բարդ իրավիճակից, որի մեջ այն դրել է Իվանիշվիլիի ռեժիմը։ Այսինքն՝ սա կլինի այց՝ պահպանելու Վրաստանի անկախությունը»,- ասել է «Ֆեդերալիստների» առաջնորդներից Թամար Չերգոլեիշվիլին։

«Փոփոխությունների կոալիցիա»-ի կազմում ընդգրկված «Ախալի» կուսակցության ներկայացուցիչ Գեորգի Բուտիկաշվիլիի խոսքով՝ Արևմուտք մեկնելու հավանական ժամկետը ապրիլի վերջը կամ մայիսի սկզբին է։

Նրա խոսքով.- «Կարևոր չէ, թե ով կմեկնի․ մենք գիտենք, որ այսօր քաղաքական առաջնորդների անձնագրերը առգրավվում են, սակայն այդ հանդիպումը կկայանա անգամ առցանց ձևաչափով։ Այնպես, որ «Վրացական երազանքը» թող հույս չունենա, թե որևէ բան կկանգնեցնի մեզ։ Դաշինքի հիմնական նպատակն այլընտրանք ցույց տալն է՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս»։

Ե՛վ ընդդիմադիրների ծրագիրը, և՛ Անկախության օրը հանրահավաք անցկացնելու մտադրությունը, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որակել է որպես արմատական գործողությունների շարունակություն, նպատակը՝ Վրաստանին վնաս հասցնելն է,- պնդել է խորհրդարանի Տարածաշրջանային քաղաքականության հանձնաժողովի նախագահ Իրակլի Քադագիշվիլին:

«Եռամսյակը մեկ հայտարարվում է ինչ-որ նոր հարթակի, գործողությունների ծրագրի, միասնության մասին, սակայն ինչպես տեսնում ենք, այս ամենը ապարդյուն է, որովհետև այս խոսքերի հետևում դատարկություն է։ Նրանց քաղաքականությունը Վրաստանին վնաս հասցնելն է։ Նրանք այլ ճանապարհ չունեն իրենց այս հիվանդ նպատակին հասնելու համար։ Նրանք գիտեն, որ մայիսի 26-ը պետական տոն է, հասարակությունը նշում է Անկախության օրը, և ցանկանում են լարվածություն ստեղծել»,- հայտարարել է Քադագիշվիլին։

Խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արչիլ Գորդուլաձեն էլ նախօրեին էր հայտարարել, որ ընդդիմությունը ուզում է երկիրը խայտառակել՝ փորձելով աջակցություն գտնել Վրաստանի սահմաններից դուրս և մոռանալով, որ որոշում կայացնողը վրաց ժողովուրդն է։

Վաշինգտոն-Թբիլիս հեռախոսազանգ՝ տևական լռությունից հետո

Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները զգալիորեն վատթարացան 2024 թվականին, այն բանից հետո, երբ Վրաստանն ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանում ուժի մեջ մտավ «օտարերկրյա գործակալների» օրենքը. ԵՄ-ն դարձյալ քննադատել է

Անցած տարի էլ Վրաստանի վարչապետի՝ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության բանակցությունների սառեցման մասին հայտարարությունից հետո ԱՄՆ Պետդեպը կասեցրել էր երկրի հետ իր ռազմավարական գործընկերությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրացական դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողները չեն կարող առանց վիզայի մտնել շենգենյան գոտի

Ուշագրավ է, որ այսօր, մինչ ընդդիմադիրները արևմտյան արժեքների շուրջ համախմբման կոչ էին հնչեցնում ու ամերիկյան կառավարությանը ժողովրդավրական այլընտրանք առաջարկում, կարծես թե պաշտոնական Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև սառույցը հալվեց։

Տևական լռությունից հետո ԱՄՆ Պետքարտուղարությանը տեղեկակացրեց, որ հեռախոսազրույց է կայացել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի միջև։ Այս զանգը, ըստ էության, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև առաջին լիարժեք շփումն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ իշխանության գալուց ի վեր։

Ավելի վաղ Կոբախիձեն անգամ բաց նամակ էր գրել Թրամփին, հրապարակել սոցցանցերում ու տարակուսել՝ ինչու է լռում Վաշինգտոնը։

Իսկ այսօր արդեն Վրաստանի վարչապետը X-ում լավ լուրով կիսվելու առիթ ուներ, գրել է. «Արդյուանվետ զրույց էր, ընդգծել ենք գործընկերության վերագործարկման և Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես հուսալի գործընկերոջ դերի ամրապնդման կարևորությունը»։ Այլ մանրամասներ վրաց-ամերիկյան շփումից չի հաղորդվում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրամիություն-Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա. ՓաշինյանԵՄ-ը դադարեցնում է Վրաստանի պաշտոնյաների համար առանց վիզայի մուտքի իրավունքըԿավելաշվիլի․ «Պատրաստ ենք վերականգնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը»Թբիլիսին մտադիր չէ չեղարկել վիճահարույց օրենքները