Դատախազը դժգոհել է Բագրատ սրբազանի քաղաքական ելույթներից, արքեպիսկոպոսն էլ՝ քրգործից

Հանրային մեղադրողներն այսօր դատավորին հորդորեցին ընդհատել դատական նիստերն ու վարչական խիստ միջոցներ կիրառել, երբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, մյուս մեղադրյալներն ու նրանց պաշտպանները «քաղաքական ելույթներ են ունենում, գործի հետ անմիջական կապ չունեցող հայտարարություններ անում, վիրավորական արտահայտություններ ու պիտակավորումներ թույլ տալիս»:

Դատախազն ասաց՝ արդեն 4-5 ամիս շարունակվող նիստերի ընթացքում բազմիցս նման առիթներ եղել են, բայց դատարանը համարժեք միջոցներ չի ձեռնարկել, դատավարության բնականոն, օրենքի պահանջներին համապատասխան ընթացքը չի ապահովել:

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանն անգամ կասկածի տակ դրեց դատավորի քաղաքական չեզոքությունը. «Դատարանը պարտավոր է պահպանել քաղաքական չեզոքությունը և թույլ չտալ, որ դատական նիստի ընթացքում այս կամ այն մասնակիցները դատավարության տվյալ փուլին չվերաբերող հարցերի, այդ թվում՝ քաղաքական ենթատեքստ, իսկ որոշ դեպքերում ակնհայտ քաղաքական ելույթներով խաթարեն դատավարության բուն ընթացքը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանները «ծանրաբեռնվածության» պատճառով դատարան չէին ներկայացրել Գալստանյանի և մյուսների գործով 2 մեղադրյալի


Սրան կոշտ հակադարձեցին ահաբեկչության ու իշխանությունը զավթելու փորձի մեջ մեղադրվող ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները: Իրար հետևից արված հայտարարություններում նշեցին, թե այս քրեական գործն ու դատավարությունը քաղաքական հետապնդում է, ու որ «ահաբեկչություն» մեղադրանքն արդեն իսկ քաղաքական մեղադրանք է, ուստի իրենց պնդումներն ու հայտարարությունները չեն կարող քաղաքական չլինել:

«Ես շարունակելու եմ նույնն ասել, օրինակ՝ Քննչական կոմիտեի ղեկավարի պահվածքը, այս գործի մեջ տեղի ունեցած, չարձանագրված փորձաքննությունների պարագան, քոփի փեյսթ եղած՝ յուրաքանչյուրի առանց մի ստորակետի փոփոխության մեղադրանք կարդալը: Մեղադրողը կարող է հանգիստ կիսագողական արտահայտություն անել: 6-7 ամիս մարդկանց կալանքի տակ պահելը, սրանք վիրավորական են չէ՞», - ասաց Բագրատ Գալստանյանը:

Նախորդ դատական նիստին էր, որ արքեպիսկոպոս Գալստանյանը դատախազներին հորդորել էր չխախտել իրավական ու բարոյական նորմերն ու տղամարդկության կոչ արել:

Դատավորը դատախազի պահանջը ոչ թե միջնորդություն, այլ որպես հայտարարություն ընդունեց՝ վստահեցնելով, որ դատարանը միշտ քաղաքական չեզոքություն է պահպանում և դատարանում քաոս թույլ չի տա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ծուխ եմ փորձարկել հանրահավաքների համար». Լիդյա Մանթաշյանն ազատ արձակվեց կալանքից



Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր ևս կասկածի տակ դրեց իր ու 17 աջակիցների քրեական գործին կցված ապացույցները: Այս անգամ էլ շեշտեց՝ գործ հարուցելուց ի վեր յոթ ամիս է անցել՝ դեռևս փորձաքննությունների մասին լուր չկա՝ արդյո՞ք հրապարակված գաղտնալսումներում մեղադրյալների ձայնն է, թե ոչ, արդյո՞ք դրանք մոնտաժված չեն, ու արդյո՞ք ահաբեկչության պլանն իսկապես Գալստանյանի ձեռքով է գրված, ինչպես պնդում են մեղադրողները: Այս անգամ էլ մեղադրողներն անպատասխան թողեցին արդեն 7 ամիս բանտում գտնվող բարձրաստիճան եկեղեցականի այս հարցը:

Դատական նիստը կշարունակվի հաջորդ շաբաթ: