Միքայել արքեպիսկոպոսը պահանջում է արդարացնել իրեն, դատախազությունը՝ նրա ազատազրկումը կես տարով երկարացնել

Վերաքննիչ դատարանն այսօր սկսեց քննել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը: 2 տարվա ազատազրկման դատավճիռը բողոքարկում է և՛ Շիրակի թեմի առաջնորդը, և՛ դատախազությունը: Աջապահյանը արդարացում է պահանջում, մեղադրող կողմն ուզում է, որ նա 2-ի փոխարեն 2.5 տարի մնա բանտում:

Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար, մեղքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում:

Դատական նիստը, սակայն, ընդհատվեց դատախազների բացակայության պատճառով, որոնք պնդել էին, թե պատշաճ չեն ծանուցվել նիստի մասին: Դատավորն առաջարկեց ընդմիջել նիստը, փաստաբանները համաձայնեցին:

Դատական նիստերի դահլիճում ոչ բոլորը տեղավորվեցին: Գյումրիից եկածների մի մասը մնաց միջանցքում:

Նիստը սկսելուց առաջ Շիրակի թեմի առաջնորդն ասաց, որ վիրահատության թույլտվություն է ստացել: Ավելի վաղ քրեակատարողական բժշկության կենտրոնն առաջարկել էր սրբազանին վիրահատել պետության հաշվին իրենց առաջարկած հիվանդանոցում, բայց արքեպիսկոպոսը պնդել էր, որ իր բժիշկն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է, այնտեղ էլ մտադիր է վիրահատվել: Վաղը սրբազանին բանտից կտեղափոխեն այս բժշկական կենտրոն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետական կառույցից հաստատում են՝ Միքայել սրբազանն ունի վիրահատության կարիք

«Այս դատավճիռը, որը կայացվել է, ոտքից գլուխ ապօրինություն է։ Եվ այդ խնդիրները այնպիսի խնդիրներ են, որ նույնիսկ առանց ապացույցների գնահատման պետք էր արդարացում տեղի ունենար, և վերաքննիչ դատարանն էլ այլ հնար չունի օրենքի իմաստով, քան բեկանելու դատական ակտը», - ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:

Մեղքը չընդունող հոգևորականի փաստաբանը նիստից հետո ասաց՝ մի քանի խախտումներ են նշել իրենց վերաքննիչ բողոքում: Առաջինն այն է, որ Աջապահյանի դատավարությունն ի սկզբանե պետք է անցկացվեր ոչ թե մայրաքաղաքում, այլ՝ Շիրակի մարզում. «Օրինակ՝ ընդհատության կանոնի խախտումը, որ դատարանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ենթակա գործը քննել է Երևան քաղաքում։ Սա բացարձակ տեխնիկական չէ, այնքան տեխնիկական չի, որ քրեական դատավարության օրենսգրքում մի քանի հիմք կա, որոնց դեպքում պարտադիր բեկանման ենթակա է օրենքում, որ օրինակ՝ եթե մնացածը գնահատման ենթակա են, սա գնահատման չէ, այս փաստը կա, վերաքննիչը պարտավոր է բեկանի, այսինքն՝ այդ աստիճանի կարևորություն ունի»:

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը հենց սկզբից պատճառաբանել էր, թե արքեպիսկոպոսի հայտարարությունը հեռարձակվել է մի քանի լրատվամիջոցներով ողջ երկրիի տարածքում, և հանցագործության դեպքի վայրը ճշտել հնարավոր չէ, թեև սրբազանն իր առաջին հարցազրույցը տվել էր Գյումրիի տեղական հեռուստատեսությանը: Փաստաբան Սարգսյանն ընդգծում է՝ հատուկ են Երևան տեղափոխել:

«Իմ կարծիքով՝ իրենք ակնհայտ կաշկանդված էին Շիրակի մարզում՝ հաշվի առնելով սրբազանի մարդկային և բարոյական հեղինակությունը, և Շիրակի մարզում, կարծում եմ, իրենք դժվարություններ ավելի կունենային դատավորների մասով, բնակչության մասով։ Այստեղ իրենք փորձեցին ավելի հեռու մի տեղ իրենց նախընտրած դատավորի միջոցով կամ գուցե հատուկ գիտեին՝ Արմինե Մելիքսեթյանի հետ ինչպես աշխատեն», - ասաց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կալանավորված ընդդիմադիրներին, հոգևորականներին ազատ արձակելու պահանջով ընդդիմությունն ակցիա իրականացրեց
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան, թե՞ ոչ. ընդդիմությունը նախագիծ է հեղինակել

Մյուս խախտումն այն է, ըստ փաստաբանների, որ դատախազությունն այդպես էլ չկարողացավ ապացուցել, թե Միքայել արքեպիսկոպոսի հայտարարությունում որն է իշխանությունը զավթելու կոչը։

«Ամբողջ դատաքննության ընթացքում առաջին ատյանում խնդրում, աղաչում էինք, ասում էինք՝ ընկերնե՛ր, կասե՞ք՝ այդ կոչը ի վերջո որն էր։ Ճառում էլ դրան անդրադարձանք։ Խոստանում էին, ասում էին՝ հիմա չենք ասում, բայց բոլորիդ խոստանում ենք, որ մենք չենք խուսափում, հիմա էլ շեշտում ենք, որ չենք խուսափում, կտեսնեք, որ կանդրադառնանք։ Ճառերում, եզրափակիչ ելույթներում կանդրադառնանք։ Տեսանք, որ չանդրադարձան։ Մենք ֆիքսեցինք, որ հիմա էլ չանդրադարձաք։ Այսինքն՝ իրենք չգիտեն՝ այդ կոչը որն է, բայց կոչի համար դատապարտում են անձին», - ասաց Երեմ Սարգսյանը։

Հեղաշրջման կոչի հոդվածով կալանավորված Աջապահյանի մեղադրանքի հիմքում հունիսի 21-ին նրա հայտարարությունն է, որով արքեպիսկոպոսը վերահաստատել է դեռ 2024-ի փետրվարին տված հարցազրույցում հեղաշրջում անելու անհրաժեշտությունը. «Եվ դրանից հետո էլ եմ ասել՝ պետք է ռազմական հեղաշրջում, բայց մենք բանակ չունեցանք, չունեցանք գեներալիտետ, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը պետականության և Արցախի փրկության համար»:

Ընդ որում, 2023-ի այս հայտարարությունը, թեև բողոքին, իրավապահները հանցագործություն չէին որակել: Դանիել Իոաննիսյանն էր այն ժամանակ բողոք ուղարկել դատախազություն, ինչին ի պատասխան իրավապահները արձանագրել էին՝ հանցակազմ չկա:

Դատախազությունը Աջապահյանին մեղադրանք առաջադրելուց հետո պարզաբանել էր, թե Աջապահյանն այս մասին խոսել է 2024-ին, իսկ հետո վերահաստատել իր կարծիքը ոչ թե հուզական վիճակից ելնելով, այլ՝ «գիտակցված ու շարունակաբար», իսկ «այդ հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում Բագրատ սրբազանի ղեկավարած «Սրբազան պայքար» անունը ստացած շարժման կողմից իշխանության զավթման և ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում»:

Աջապահյանի փաստաբանները պնդում են՝ նա ընդամենն իր քաղաքական տեսակետն է հայտնել: Սա չի նշանակում, որ Շիրակի թեմի առաջնորդը մտադիր էր կյանքի կոչել իր կարծիքը: Ըստ փաստաբանների՝ իրավապահները պարզապես թիրախավորեցին Աջապահյանին իշխանության կողմից եկեղեցու դեմ արշավի շրջանակում:

Հաջորդ նիստը վերաքննիչում հունվարի 13-ին է::