Վենս. ԱՄՆ-ը պատրաստ է ուժ կիրառել Իրանի դեմ, եթե դիվանագիտությունը ձախողվի

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս, արխիվ

ԱՄՆ փոխնախագահը կրկին հայտարարել է, որ Սպիտակ տունը պատրաստ է ուժ կիրառել Իրանի դեմ, եթե դիվանագիտությունը ձախողվի։ Երեկ տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն ընդգծել է, որ այս հարցում ԱՄՆ-ը կանգնած է բարդ ընտրության առջև՝ կա՛մ կնքել երկարաժամկետ համաձայնագիր, որը թույլ կտա մշտական ստուգումներ անցկացնել Իրանի միջուկային օբյեկտներում, կա՛մ վերսկսել ռազմական գործողությունները։

Ըստ փոխնախագահի, Դոնալդ Թրամփը ցանկանում է հարցը լուծել դիվանագիտությամբ, բայց միայն այն դեպքում, եթե Թեհրանը ընդունի միջուկային ծրագրի վրա սահմանափակումները։ «Նախագահն ասում է՝ «պատրաստ եմ ռումբեր նետել», և հստակ ցույց է տվել, որ իսկապես դա կանի, բայց միայն այն դեպքում, եթե դա կծառայի որևէ նպատակի», - ասել է նա։

Վենսը նաև նշել է, որ Իրանի հրապարակային ուղերձները հակասական են: «Նրանք մի կողմից ասում են՝ «ո՛չ, ո՛չ, խաղաղության բանակցություններ չկան», մյուս կողմից՝ ընդունում, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ տեխնիկական բանակցություններ են ընթանում։ Դա իրանական կողմի բանակցային մարտավարությունն է և պարսկական հռետորական հնարք, որը ես չեմ հասկանում», - ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Ավելի ուշ Fox News-ին տված հարցազրույցում էլ Վենսն ասել է, որ Վաշինգտոնը հռետորաբանության վրա կենտրոնանալու փոխարեն նախընտրում է քննարկել՝ արդյոք Թեհրանը պատրաստ է «իրական զիջումների»։

«Մեզ շատ ավելի քիչ է հետաքրքրում, թե ինչ են ասում իրանցիները։ Մեզ շատ ավելի է հետաքրքրում, թե ինչ են անում նրանք», - ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Վենսի հայտարարությունը հնչել է Թեհրանի հետ բանակցությունների հաջորդ փուլի շուրջ անորոշության ֆոնին։ Իրանի բանակցողները երեկ Դոհայում չհանդիպեցին ԱՄՆ դեսպանների հետ, չնայած ակնկալիքներին՝ սասանելով հույսերը, որ ներկայիս հրադադարի շուրջ պայմանավորվածությունը կարող է արագորեն վերածվել վերջնական ու ավելի լայն կարգավորման։

«Ներկայիս պայմանավորվածությունը ոչ թե խաղաղության համաձայնագիր է, այլ մարտական գործողությունների ժամանակավոր դադար», - երեկ փաստել են փորձագետները Արտաքին հարաբերությունների խորհրդում՝ վաշինգտոնյան վերլուծական կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության նախկին հրամանատար (2016–2019թթ.), պաշտոնաթող գեներալ Ջոզեֆ Լ. Վոտելը պնդել է՝ ԱՄՆ ուժերը շարունակում են իրենց ձեռքում պահել գերիշխանությունը, միաժամանակ վերագնահատել վերջին հակամարտության արդյունքում բացահայտված խոցելի կետերը։

Վոտելը նշել է, որ Վաշինգտոնը պահպանում է զգալի ճկունություն իր ռազմածովային ներկայության շնորհիվ, մասնավորապես՝ տարածաշրջանային ջրերում գործող երկու ավիակիրների միջոցով։

Փաստելով, որ Իրանի կողմից ԱՄՆ անվտանգության ենթակառուցվածքներին հասցված վնասի վերաբերյալ պաշտոնական մանրամասները չեն բացահայտվել, Վոտելը միաժամանակ նշել է, որ տարածաշրջանում ամերիկյան բազաների թիրախավորումը «լայնածավալ» էր։

Բաց աղբյուրներից ստացված տվյալների համաձայն, պատերազմի մեկնարկից՝ փետրվարի 28-ից ի վեր իրանական կողմից հարված է հասցվել 16-ից 20 տարածաշրջանային օբյեկտների։ Դրանց թվում էին Բահրեյնի Հինգերորդ նավատորմի շտաբը, Քուվեյթի Ալի Ալ Սալեմի ավիաբազան, Սաուդյան Արաբիայի արքայազն Սուլթանի ավիաբազան և Քաթարի Ալ Ուդեյդի ավիաբազայում գտնվող CENTCOM-ի առաջնային շտաբը։ Այս հարվածները, ըստ ամերիկացի բարձրաստիճան զինվորականի, բացահայտել են Պարսից ծոցում տեղակայված ռազմական ենթակառուցվածքների խոցելիությունը՝ ստիպելով Վաշինգտոնին վերանայել ռազմավարությունը տարածաշրջանի բազաների պաշտպանության հարցում:

Քննարկվող փոփոխությունների շարքում են, մասնավորապես, հիմնական հանգուցային օբյեկտների ամրապնդումը, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում խոցելիության նվազեցումը, ռազմական ներուժի տեղափոխումը Լևանտի երկրներ։

Պարսից ծոցի երկրները՝ պատերազմի և դիվանագիտության արանքում

Չնայած Պարսից ծոցի երկրները կրել են Իրանի հարձակումների հիմնական հարվածը՝ հակամարտության վեց-յոթ շաբաթների ընթացքում, հրադադարից հետո քիչ բան է արվել տարածաշրջանում անկայունությունը խթանող «հիմնական խնդիրների» լուծման համար, հայտարարել է Արտաքին հարաբերությունների խորհրդի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ավագ գիտաշխատող Էլիզա Կատալանո Էվերսը։ Մտահոգությունների շարքում փորձագետն առանձնացրել է Իրանի բալիստիկ հրթիռային հնարավորությունները, անօդաչու թռչող սարքերի ցանցերը և պրոքսի ուժերը, որոնք դուրս են մնացել ներկայիս փոխըմբռնման հուշագրից:

Էվերսը, որը ծառայել է Ազգային անվտանգության խորհրդում Ջորջ Բուշի և Բարաք Օբամայի օրոք, նշել է, որ փոխըմբռնման հուշագիրը Իրանի դիրքերն արմատապես թուլացնելու փոխարեն Թեհրանին թողել է ազդեցության նոր լծակներ Հորմուզի նեղուցում և նավթի վաճառքը վերսկսելու հնարավորություն՝ ԱՄՆ պատժամիջոցների վերացման շնորհիվ: Ըստ այդմ՝ կնքված հուշագիրը նա բնորոշել է որպես «վատ տարբերակներից լավագույնը», որը տարածաշրջանի կառավարություններին ստիպում է, մի կողմից, գնալ Թեհրանի հետ դիվանագիտական լիցքաթափման, մյուս կողմից՝ ամրապնդել իրենց անվտանգության համակարգը Վաշինգտոնի հետ։

Էվերսը ևս կասկած է հայտնել, որ 60-օրյա բանակցային պատուհանը կհանգեցնի համապարփակ կարգավորման, ընդգծելով՝ «եղած խնդիրները պարզապես թողնվում են հետո-ին»։

Նավթը և նավագնացությունը՝ առանցքային հարցերի շարքում

Դիվանագիտության ֆոնին շարունակում է գերիշխող մնալ տնտեսական ճնշումը։ Փոխնախագահ Վենսը բազմիցս է ընդգծել, որ բանակցությունների հաջող ելքը նշանակում է համաշխարհային նավթի մատակարարումների կայունացում։ Այս հարցում առանցքային է Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնումը։

Փաստացի, նեղուցով ծովային երթևեկությունը հիմա իրականացվոմ է մինչև նախապատերազմյան մակարդակի մոտ մեկ երրորդի չափով։ Ընդ որում, փորձագետները զգուշացնում են, որ տնտեսական այս խափանումները տարբեր կերպ են ազդում տարածաշրջանի երկրների վրա։

Խոշոր տնտեսությունները՝ Սաուդյան Արաբիան, Օմանը և ԱՄԷ-ն, որոնք ունեն բազմազան արտահանման ուղիներ և խողովակաշարեր, ավելի լավ դիրքում են։ Մինչդեռ Կատարը, որը վնաս է կրել էներգետիկ ենթակառուցվածքներում, Բահրեյնը և Քուվեյթը չունեն այլընտրանքային արտահանման ուղիներ և մնում են խիստ խոցելի։

Ընդհանուր առմամբ, ըստ Վաշինգտոնում «Ազատության» թղթակցի, այժմ ամերիկյան կողմում ընդհանուր ըմբռնում կա, որ բանակցությունների 60-օրյա շրջանակը խիստ անհավանական է վերջնական, համապարփակ կարգավորման հասնելու համար։ Վերլուծաբաններից շատերի համոզմամբ՝ այն ուղղակի հնարավորություն կտա կառավարել լարվածությունը, քանի դեռ ավելի խորը տարաձայնությունները մնում են չլուծված։

Ամենահավանական սցենարը համարվում է ձեռք բերված գործարքի երկարաձգումը, ինչը, սակայն, կարող է իր հերթին անկայուն միջավայր ձևավորել։

Հստակ է, որ այս փուլում Վաշինգտոնի համար առաջնային խնդիրը ոչ թե ակտիվ պատերազմի դադարեցումն է, այլ կանխարգելիչ քայլերի ձեռնարկումը, որ այս դիվանագիտական դադարը չդառնա նախերգանքը հաջորդ հակամարտության։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կատարում սկսվել են ԱՄՆ-Իրան տեխնիկական բանակցությունները․ Al JazeeraԱՄՆ-ն «հիանալի դիրքում» է, եթե նույնիսկ Իրանի հետ բանակցությունները ձախողվեն․ ՎենսԿատարում ամերիկյան և իրանական պատվիրակությունները չեն հանդիպիՈւիթքոֆն ու Քուշները ժամանել են ԿատարԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարձակումները և վերսկսել բանակցությունները․ աղբյուրԻրանն ու Կատարը «համաձայնել են 6 միլիարդ դոլարի իրանական ակտիվների ապասառեցման շուրջ»Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցի հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստն են անցկացրել«Հորմուզի նեղուցի համար նոր կարգավորումներ ընդունելու ցանկացած փորձ կմեծացնի լարվածությունը». ԱրաղչիԹրամփը սպառնում է «ոչնչացնել» Իրանը