Վենետիկյան Բիենալեի ժյուրիի անդամները հայտարարել են, որ մրցանակների համար չեն դիտարկի այն երկրներից ներկայացված արվեստի գործերը, որոնց առաջնորդները Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից քրեական հետապնդման են ենթարկվում։ Սա ակնհայտ ակնարկ է Ռուսաստանին և Իսրայելին, գրում է Reuters գործակալությունը։
Մայիսի 9-ին մեկնարկող հեղինակավոր Բիենալեի ժյուրիի 5 անդամները, որոնք 110 մասնակցից պետք է ընտրեն «Ոսկե և Արծաթե առյուծ» մրցանակների դափնեկիրներին, հայտարարել են, որ պարտավորված են զգում միջոցառման շրջանակում հանձնառություն ստանձնել նաև «մարդու իրավունքների պաշտպանության» նկատմամբ։
«Ժյուրին ձեռնպահ կմնա դիտարկել այն երկրներից ներկայացված արվեստի գործերը, որոնց առաջնորդները ՄՔԴ-ի կողմից մեղադրվում են մարդկության դեմ հանցագործությունների համար», - ասվում է հայտարարության մեջ՝ առանց Ռուսաստանի և Իսրայելի անունները նշելու։
Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդերներ է տվել գործող առաջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայում երեխաների դեմ ենթադրյալ հանցագործությունների, և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ Գազայում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։
Իտալիայում Ռուսաստանի և Իսրայելի դեսպանություններն առայժմ չեն մեկնաբանել ժյուրիի հայտարարությունը։
2022-ին Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո Ռուսաստանն առաջին անգամ է մասնակցում երկու տարին մեկ անցկացվող հեղինակավոր ցուցահանդեսին։ Հյուրընկալող հարթակում Ռուսաստանը ցարական դարաշրջանին բնորոշ առանձին սրահ կունենա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսաստանի վերադարձը Վենետիկյան Բիենալե՝ թեժ բանավեճի թեմաՌուսաստանի մասնակցությունը սուր բանավեճի առիթ է դարձել Հռոմի և Բրյուսելի միջև։ Եվրոպական հանձնաժողովը սպառնում է Ռուսաստանի ներգրավման պարագայում չեղարկել ցուցահանդեսի համար նախատեսված 2 միլիոն եվրո (2.3 միլիոն դոլար) դրամաշնորհը։
ԵՄ-ի վերջնագրին Իտալիայից հակադարձել է փոխվարչապետ Մատտեո Սալվինին՝ շեշտելով. «Հաշվի առնելով աշխարհում և Իրանում կատարվողը, Բրյուսելի կողմից իտալական մշակութային հաստատությունների դեմ սպառնալիքներն իսկապես ամոթ են»։