Վենետիկի Բիենալեի միջազգային ժյուրին հրաժարական է տվել միջոցառմանը Ռուսաստանի և Իսրայելի վերադարձի վերաբերյալ քննադատություններից ու բանավեճերից հետո:
Ժյուրիի անդամներն ավելի վաղ հայտարարել էին, որ մրցանակների համար չեն դիտարկի այն երկրներից ներկայացված արվեստի գործերը, որոնց առաջնորդները Միջազգային քրեական դատարանի կողմից քրեական հետապնդման են ենթարկվում՝ ակնարկելով Ռուսաստանին և Իսրայելին:
Դիտորդները, ըստ Euronews-ի, նշում են, որ որոշման առիթ է դարձել այն, որ այցելուներին պատրաստվում էին թույլ տալ քվեարկել նաև ռուս կամ իսրայելցի նկարիչների օգտին:
Ժյուրիի հրաժարականից հետո Բիենալեի ղեկավարությունը հայտարարել է, որ հաշվի առնելով ներկայիս միջազգային աշխարհաքաղաքական իրավիճակի բացառիկ բնույթը՝ որոշում են կայացրել, որ 61-րդ միջազգային գեղարվեստական ցուցահանդեսի հաղթողների պարգևատրման արարողությունը, որն ավելի վաղ նախատեսված էր մայիսի 9-ին, տեղի կունենա նոյեմբերի 22-ին:
Ռուսաստանի մասնակցությունը սուր բանավեճի առիթ է դարձել Հռոմի և Բրյուսելի միջև։ Եվրոպական հանձնաժողովը սպառնացել էր Ռուսաստանի ներգրավման պարագայում չեղարկել ցուցահանդեսի համար նախատեսված 2 միլիոն եվրո (2.3 միլիոն դոլար) դրամաշնորհը։
ԵՄ-ի վերջնագրին Իտալիայից հակադարձել էր փոխվարչապետ Մատտեո Սալվինին՝ շեշտելով. «Հաշվի առնելով աշխարհում և Իրանում կատարվողը, Բրյուսելի կողմից իտալական մշակութային հաստատությունների դեմ սպառնալիքներն իսկապես ամոթ են»։