Հունիսի 7-ին «Սուրբ Էջմիածնի տոնն այս օրերին, ցավոք, նշելու ենք մի իրավիճակում, երբ ծանր կորուստները խռովել են մեր ժողովրդի անդորրը, երբ հարվածներ են հասցվում մեր ժողովրդի ինքնության հիմքերին, աղճատվում հոգևոր և ազգային սրբազան խորհրդանիշերը», - հայտարարում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը վաղը մեկնարկող Արարատյան տոների շաբաթվա առթիվ ուղերձում:
«Սուրբ Էջմիածնի տոնը նշելու ենք խորապես մտահոգող պայմաններում՝ պառակտված է մեր հասարակությունը, հայրենական անդաստանում սերմանվում են ատելություն, թշնամանք, անհանդուրժողություն ու անարդարություն, և իշխանությունների միջամտությամբ խեղվում են Եկեղեցու դարավոր կանոնակարգերը, հետապնդումների ու բռնաճնշումների են ենթարկվում մեր Սուրբ Եկեղեցին և եկեղեցասեր անձինք», - նշում է Վեհափառը:
«Սուրբ Էջմիածնի տոնի նվիրական օրը, մեր երկրում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները։ Հայրապետիս հորդորն է ամենքիդ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին՝ ազգի և հայրենիքի շահերի բարձր գիտակցությամբ, լուսավոր գալիքի տեսիլքով և սերունդների նկատմամբ պատասխանատվությամբ, որպեսզի մեր երկրում գերակայի օրենքը, հարգվեն մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, տիրապետեն արդարությունն ու ճշմարտությունը, սերն ու համերաշխությունը և փոխադարձ հարգանքը», - ասված է ուղերձում, որը հրապարակել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Ամենայն Հայոց կաթողիկոսը կոչ է անում քաղաքական ուժերին «զերծ լինել ատելության խոսքից, դրսևորել զգոնություն ու շրջահայացություն և հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից»։
«Մեր հորդորն է իրավապահ համակարգի ներկայացուցիչներին անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովել արդար ընտրությունների անցկացման և մեր հայրենակիցների ազատ կամարտահայտության համար», - ասված է ուղերձում:
Արարատյան տոների շաբաթվա ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին հիշատակում է Սուրբ Հռիփսիմյանց ու Գայանյանց կույսերի մարտիրոսությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից, Հայոց մեծ դարձը և Տրդատ արքայի հրովարտակով Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակումը։ Շաբաթվա ավարտին Սուրբ Էջմիածնի տոնն է: