Վեդիում անչափահաս քույրերի գործով 2 անձ է ձերբակալվել

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած դեպքով երկու անձ է ձերբակալվել, նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել, հայտնում է Քննչական կոմիտեն:

Նախօրեին գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ.

«Հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)», - նշվում էր հայտարարությունում:

Սեռական բռնության մասին առաջին ահազանգից երեք ամիս անց ու միայն լրագրողների բացահայտումներից հետո են երկու տղամարդիկ երեկ գիշերը առերեսվել Վեդիում բնակվող անչափահաս աղջիկներից մեկի հետ։

Անչափահասների հանդեպ սեռական բռնության առաջին ահազանգը դեռ փետրվարի 12-ին է եղել, երկրորդը՝ ապրիլի 22-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Առերեսում՝ դեռահասների նկատմամբ սեռական բռնության մասին առաջին ահազանգից երեք ամիս անցԳլխավոր դատախազը հայտնեց, որ Վեդիի դեպքը եզակի չէ, նման դեպքեր արձանագրվել են նաև այլ մարզերում