Վարդան Ղուկասյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Կաշառքի համար մեղադրվող Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը ևս երկու ամիս բանտում կմնա: Դատավորն այս որոշումը կայացրեց՝ դատախազների ու փաստաբանների հակադիր հիմնավորումները լսելուց հետո:

Մեղադրող կողմը պահանջում էր կալանքը ևս երեք ամսով երկարացնել՝ պնդելով, որ, օրինակ, ազատության մեջ վկաների վրա ազդելու ռիսկը պահպանվում է. «Կալանքի ժամկետը պետք է երկարաձգվի երեք ամիս ժամանակով, որովհետև ես կարծում եմ՝ դա այն ժամանակն է, որի ընթացքում հնարավոր է մենք արդեն հետազոտած լինենք ապացույցները, հարցաքննած վկաներին, և միայն այդ հանգամանքների գնահատմամբ արդեն կարող ենք նոր եզրահանգումներ կամ դիրքորոշումներ հայտնել»։

Պաշտպանական կողմը մի շարք հանգամանքներ մատնանշեց, թե ինչու Ղուկասյանը չի կարող բանտում մնալ: Փաստաբան Արամայիս Հայրապետյանը պնդեց՝ 5 ամիս առաջ կալանավորված Ղուկասյանի մոտ թեթև շաքարային դիաբետ կար, հիմա այն ծանրացել է: Ասաց՝ Վարդան Ղուկասյանը պատշաճ բժշկական օգնության կարիք ունի և միջնորդեց, որ դատարանն այլ խափանման միջոց կիրառի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից կրկին բանտ տեղափոխվեց. շտապօգնության բժշկի մուտքը ՔԿՀ արգելվել է

Տարեսկզբին բժշկական փորձաքննություն անցկացրած բժիշկները եզրակացրել էին, որ Ղուկասյանը բանտային կալանքը կրելու հետ անհամատեղելի հիվանդություններ չունի, բայց նաև շեշտել էին, որ նա պարբերաբար հետազոտվելու կարիք ունի: Դատարանը նոր նեղ մասնագետներով փորձաքննություն է նշանակել և հաջորդ շաբաթ Ղուկասյանը ստուգումների համար դարձյալ հիվանդանոց կտեղափոխվի:

Քանի որ խափանման միջոցի հարցը նաև վերաքննության կարգով էին բողոքարկել ու վերաքննիչը ևս այն չէր փոխել, դատավորը սա ևս հիմք ընդունեց ու որոշեց, որ Ղուկասյանը կշարունակի մնալ բանտում. «Խափանման միջոցի ժամկետի ենթակա երկարաձգման երկու ամիս ժամկետում՝ արդեն կիրառված սահմանափակումների պահպանմամբ»:

Կալանքի հարցը քննելուց հետո սկսվեց բուն գործի քննությունը: Դատախազը մեղադրանքը ներկայացրեց. «Վարդան Ղուկասյանը մեղադրվում է այն արարքի կատարման համար, որ նա հանդիսանալով գյուղի համայնքի ղեկավար, նույն համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Հենրիկ Գասպարյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորության, թշնամության և այլ ապօրինի գործողության համար պահանջել է խոշոր չափերով, շուրջ 4 միլիոն ՀՀ դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնական անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք»։

Փաստաբաններն առարկեցին ու դարձյալ հայտարարեցին, որ Ղուկասյանն իրեն մեղավոր չի ճանաչում և դատարանում իրենք կապացուցեն վերջինիս անմեղությունը: Հարցրեցին՝ եթե նախաքննական մարմինը թաքցնելու բան չունի, ինչո՞ւ մինչ օրս մեղադրանքի հիմքում դրված գաղտնալսումների ձայնագրության ամբողջական տարբերակը չի տրամադրվում իրենց:

«Եթե մեզ թույլ տային հասանելիություն ունենալ քրեական վարույթի անբողջ նյութերին, մասնավորապես ձայնագրություններին, վստահություն ունենք, որ պաշտպանության կողմի անելիքները սույն դատաքննությամբ այնքան էլ շատ չէին լինի, բայց նկատի ունենալով, որ վարույթի անկախության մարմինը տևական ժամանակ մեզանից, մեր համոզմամբ, փախցնում է գործի համար էական նշանակություն ունեցող պաշտոնական հանգամանքներ, ողջամիտ կասկածներ են ծնում, որ ըստ էության կյանքի իրավունք ունի պարոն Ղուկասյանի այն բազմաթիվ արված հայտարարություններից, որ քրեական վարույթն իրականացվել է ոչ թե փաստերի հիման վրա, այլ քաղաքական շարժառիթներով», - ասաց փաստաբանը:

Վարդան Ղուկասյանն էլ պնդեց, թե ինքը չի ճանաչում գործարար Սևակ Գոմցյանին, որից ենթադրաբար չորս միլիոնի կաշառք է ստացել՝ ապօրինի շինությունն օրինականացնելու համար: Հակակոռուցիոնի հրապարակած ձայնագրությունն էլ, ըստ հոկտեմբերից կալանավորված Ղուկասյանի, մոնտաժված է. «Ես էդ ձայնագրության պահով հիմա չեմ ուզում ասել, թե ինչ է եղել խոսակցությունը և ոնց են կտրել, սարքել, կարել ու բերել ներկայացրել։ Չնայած կգա Գասպարյան Հենրիկը և մնացած բոլոր վկաները, իրենք բարձրաձայն կկանգնեն ու կասեն, որ Ղուկասյան Վարդանը նմանատիպ մարդ չի եղել և դրա համար էլ այս քաղաքը այդպես կառուցել է»:

Հաջորդ նիստին կսկսվի մյուս մեղադրյալների հարցաքննությունը: Կդատակոչվեն Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ու գործարար Սևակ Գոմցյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գյումրիի քաղաքապետի փաստաբանները դատարանում կրկին պնդեցին՝ Ղուկասյանը քաղաքական հետապնդման է ենթարկվումՎարդան Ղուկասյանի մերձավորների մասով գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանՓաստաբանները պնդում են՝ նաև Վարդան Ղուկասյանի գործով դատավորին են մոլորեցրել ու նրան ԲԿ-ի փոխարեն բանտ տարելՎարդան Ղուկասյանը դատարանից կրկին տեղափոխվեց հիվանդանոցՎարդան Ղուկասյանի փաստաբանը կրկին պնդում է՝ իր պաշտպանյալի «անձը թիրախավորված է»