Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը մեկ հոդվածով դադարեցվել է, մյուս մեղսագրվող արարքով հետապնդում չի հարուցվի, հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը:
Նա մասնավորապես նշել է, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով որոշվել է դադարեցնել ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով հետապնդումը՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով:
Այս վարույթի հիմքում Ղուկասյանի այն տեսակետն էր, թե Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ մի միությունում լինի: Նրա այս հայտարարությունը խորհրդարանի ամբիոնից խիստ քննադատել էր վարչապետ Փաշինյանը՝ պնդելով, թե նման հայտարարությունների հեղինակները պետք է դուրս շպրտվեն քաղաքական դաշտից:
ՔԿ-ի մյուս որոշմամբ ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) հանրային քրեական հետապնդում չի հարուցվի՝ կրկին նույն հիմքով։ Ընտրությունների հաջորդ օրը տեղի ունեցած ասուլիսում Վարդան Ղուկասյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասել էր, թե պատրաստ է գնդակահարել այն քահանային, ով առաքելական եկեղեցում կամուսնացնի ԼԳԲՏ+ համայնքի ներկայացուցիչներին:
Վարույթի կարճումը, սակայն, չի նշանակում, որ Ղուկասյանը ազատության մեջ կհայտնվի: Նա շարունակում է մեղադրյալ մնալ կաշառքի, փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով: Նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս երեք ամսով: