Վարդան Ղուկասյանի մերձավորների մասով գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Իրադարձությունները Գյումրիի քաղաքապետարանի դիմաց, 20-ը հոկտեմբերի, 2025թ.

Քննչականն ավարտել է Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի մերձավորների մասով նախաքննությունն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան: Վարդան Ղուկասյանի որդուն, փոխքաղաքապետ փեսային, եղբոր թոռանն ու կոմունալ բաժնի պետին իրավապահները մեղադրում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

«Առավոտ ժամը 6 անց կեսի - 7-ի սահմաններում, երբ նույնիսկ հանրային քրեական հետապնդում իրականացնելու որոշումը գոյություն չուներ, այդ ոստիկանական և հատուկ ուժերը ի՞նչ գործ ունեին Գյումրիի մատույցներում», - ասում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

Անցած հոկտեմբերին՝ Գյումրիի քաղաքապետի ձերբակալության օրը, աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց, ընթացքում Գյումրի բերված մեծաթիվ ոստիկանների ու ցուցարարների միջև իրավիճակը պարբերաբար լարվում էր: Արդյունքում չորս տասնյակից ավելի մարդ հիմա մեղադրյալ է զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատությանը խոչընդոտելու գործով: Նախաքննությունը, սակայն, ավարտվել է միայն ենթադրյալ կազմակերպիչների մասով:

Քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ըստ իրավապահների՝ կազմակերպել է, որ պաշտոնատարի անձի նկատմամբ բռնություն գործադրվի, նաև ղեկավարել է բռնությամբ, գույքի ոչնչացմամբ ուղեկցված զանգվածային անկարգությունները: Ո՞վ է բռնության ենթարկված պաշտոնյան, կոնկրետ ի՞նչ գույք է ոչնչացվել, Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տեքստում նշված չէ: Իսկ ինչպե՞ս է կրտսեր Ղուկասյանը կազմակերպել այս ամենը, երբ հոր ձերբակության օրը մեկ այլ գործով տնային կալանքի տակ էր, տնից չէր կարող դուրս գալ, ոչ էլ կապի միջոց օգտագործել: Ինչպե՞ս է նախաքննական մարմինը հաստատել նրա մասնակցությունը, սա Զարուհի Փոստանջյանին հայտնի չէ, նա դեռ գործի նյութերն ու մեղադրական եզրակացությունը չի ստացել, բայց մեղադրանքն անհիմն է որակում:

«Ակնհայտ անհիմն, ակնհայտ քաղաքական մեղադրանք, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել», - «Ազատության» հետ զրույցում նշեց փաստաբանը:

Վարույթ հարուցելու հաջորդ օրը իրավապահներն առգրավել էին Ղուկասյանի ընտանիքի անդամների բոլոր հեռախոսները: Արդյո՞ք Սպարտակ Ղուկասյանը նրանց հեռախոսներից է զանգել. Փոստանջյանը պնդում է՝ ոչինչ չեն հայտնաբերել, ու հեռախոսների առգրավումն, ըստ նրա, ապօրինի է եղել. - «Հեռախոսները վերցրել են ապօրինաբար, հեռախոսները վերցրել են, պահել են, մեր կողմից ներկայացված բողոքների հիման վրա, պահել են ընդամենը մեկ օր, իհարկե միջամտել են հեռախոսների մեջի պարունակությանը, ըստ էության իրականացրել են թվային խուզարկություն և հետո, հաջորդ օրը հեռախոսները հետ են վերադարձրել և որևիցե բան այդ հեռախոսների միջոցով չեն պարզել»:

Ինչ վերաբերում է զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված քրեական վարույթին, փաստաբանը հարցնում է՝ որևէ տուժած կա՞:

«Այդ զանգվածային անկարգություններից ով է՞ տուժել, արդյո՞ք կան տուժողներ, ես այդ տուժողների մասին տեղեկություն չունեմ», - ընդգծեց Փոստանջյանը:

«Ազատության» տեղեկություններով՝ այս գործով քաղաքապետարանն է տուժող ճանաչվել, որովհետև գույքն է վնասվել, ինչպես նաև՝ ոստիկաններ: Բայց Փոստանջյանը պնդում է, որ մարդիկ, հակառակը, ուժայինների գործողություններից են տուժել, գույքն էլ ոստիկաններն են վնասել, երբ Վարդան Ղուկասյանին քաղաքապետարանի շենքի հետնամուտքից դուրս բերելու համար կոտրեցին դուռը:

«Ես ունեմ տեղեկություն, որ տուժել է ոչ թե զանգվածային անկարգությունից, այլ ոստիկանական և այլ ուժերի բռնի գործողություններից Գյումրիի քաղաքապետարանը և քաղաքապետարանի աշխատակիցները», - պնդեց փաստաբանը:

Քանի որ Սպարտակ Ղուկասյանն այլ գործով արդեն իսկ բանտում է, նրա նկատմամբ խափանման միջոցի հարց չի քննարկվել: Կալանավորված է նաև նրա հորեղբոր թոռը, կոմունալի պետը տնային կալանքում է: Իսկ փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանին արգելված է բացակայել երկրից: Քաղաքապետ աներոջ պարտականությունները կատարող Առաքելյանը իր դեմ հարուցված քրեական գործը չի մեկնաբանում, ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում կանխատեսել էր, որ հնարավոր է՝ ինքն էլ հայտնվի անազատության մեջ:

«Գործընթացը ինչ-որ թիրախային, ասեմ, խոչընդոտներ էս պահին չի նկատվում: Կարող է, ինչ-որ, իմ անձի հետ կապված հայտարարություններ լինեն, ինչ-որ բաներ ասեն, էդ կտեսնենք, էլի: Ամեն ինչի էլ սպասում ենք», - ասել էր փոխքաղաքապետը:

Եթե Ավետիս Առաքելյանը կալանավորվի, Գյումրին, ըստ էության, առանց ղեկավարի կմնա: Երկրորդ փոխքաղաքապետը համայնքապետին փոխարինելու իրավասություն չունի: Ավագանին թեև իր կազմից կարող է առաջին փոխքաղաքապետ ընտրել, բայց այս պարագայում Ավետիս Առաքելյանը պետք է մանդատից հրաժարվի, իսկ փոխքաղաքապետի պաշտոնը Վարդան Ղուկասյանի քաղաքական բանակցություններում չսակարկվող պաշտոն էր՝ իր կալանավորման դեպքում այն փեսային փոխանցելու համար: Բայց, ըստ ամենայնի, նման սցենար որ փեսան ևս կարող է հայտնվել անազատության մեջ, Ղուկասյանը չէր կանխատեսել:

Գյումրիի քաղաքապետի մերձավորներին առաջադրված հոդվածներով 4-8 տարվա ազատազրկում է սահմանված:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գյումրիի դեպքերի գործով կալանավորվածների մեծ մասը ազատ է արձակվելՁերբակալություններ՝ Գյումրիի քաղաքապետարանումԳյումրիի դեպքերի գործով երկու մեղադրյալ ազատ կարձակվի կալանքիցԳյումրիի դեպքերի 15 մասնակցի, այդ թվում՝ Ղուկասյանի եղբոր թոռների նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԳյումրիի դեպքերով 41 անձ մեղադրյալ է, այդ թվում՝ երկու անչափահասԳյումրիի քաղաքապետարանի դիմացից ձերբակալված 15 մարդ կալանավորվել էԳյումրիի դեպքերի գործով 37 ձերբակալվածներից 29-ին մեղադրանք է առաջադրվել, 19-ի համար կալանք են պահանջումՎարդան Ղուկասյանին ձերբակալել են, նա մեղադրանքը չի ընդունում. փաստաբան