Վարչապետը Վրաստանում խոսե՞լ է հայ բեռնափոխադրող վարորդներին մտահոգող հարցերից

Հայաստան մեկնող և Ռուսաստան - Վրաստան սահմանի վրացական կողմում կանգնեցված բեռնատարներ, 21-ը փետրվարի, 2026թ.

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Թբիլիսիից այսօր վերադարձած վարչապետից հետաքրքրվում էր՝ Վրաստանի իր գործընկերոջ հետ խոսե՞լ է բեռնատարների վարորդներին ու տնտեսվարողներին մտահոգող հարցերից:

«Դուք շատ բարձր տրամադրությամբ թմբուկ էիք խփում, ես նայեցի էդ դրվագները, շատ լավ ա, բայց դրանից զատ մեր քաղաքացիները ուզում են հասկանալ՝ ի վերջո, էս խնդիրները հստակ լուծում ստանալո՞ւ են, թե՞ չէ», - հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Վրաստանի տարածքով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներն ու տնտեսվարողները վերջին մեկ տարվա ընթացքում անընդհատ բողոքում են, որ վրացական անցակետերում առանց բացատրությունների կանգնեցնում են բենռնատարները, չհիմնավորված ստուգումների ենթարկում՝ այդպիսով լուրջ դժվարություններ առաջացնելով հայկական բիզնեսի համար։ Բայց թե ինչո՞ւ, հստակ պատասխան, ասում են, ոչ ոք չի տալիս:

«Պարոն Փաշինյան, ես ուզում եմ շատ ուղիղ ասել՝ դուք էդ հարցը բարձրացրե՞լ եք, որ մեր տնտեսվարողները կաշառքի դիմաց ամիսներ, օրեր շարունակ կանգնում են այնտեղ՝ ձնի, բքի, անձրևի եղանակային պայմանների, լինում է նաև, որ ամիսներ ա տևում այդ, կրկնում եմ՝ նյութական շահագրգռվածության դիմաց հնարավորություն ա լինում: Այսինքն, ուղիղ ասել ե՞ք էս մարդկանց, որ «մենք՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, էս խնդիրը տեսնում ենք, էս խնդիրը կա, ի վերջո, ե՞րբ ա այս հարցին լուծում տրվելու», - ասաց Դանիելյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավորի հարցը «սադրանք» որակեց, հորդորելով՝ եթե կոնկրետ ինֆորմացիա ունի, ապա ե՞րբ ու ո՞ր իրավապահ մարմնին է դիմել:

«Ձեր սադրանքներով, ես կարծում եմ, որ դուք ուզում եք պրոբլեմներ ստեղծեք, որ հետո գաք էլի էդ պրոբլեմների մասին խոսեք, հետո նոր սադրանքներ անեք, հետո ավելի բարձր խոսեք էդ սադրանքների մասին: Դուք ասեցիք՝ ի՞նչ մենք կարող ենք փոխանցել մեր, չգիտեմ ինչ ասեցիք, դուք ոչ մի բան չեք կարող փոխանցել, որովհետև դուք փոխանցելու ոչ մի բան չունեք: Կառավարությունը ապահովում է Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության տրանսպորտային արտահանման և ներմուծման խնդիրները: Իսկ եթե դուք այլ, այլ ինֆորմացիա ունեք, իրավապահներին պետք ա դիմեք: Իսկ եթե մինչև հիմի չեք դիմել, ուրեմն՝ դուք պարզ պրովոկացիայով եք զբաղված, ուրիշ ոչ մի բանով», - հայտարարեց վարչապետը:

Բեռնատարների վարորդները, որոնք հիմնականում անանուն են խոսում կաշառք տալու մասին, խնդրում են նաև իրենց ձայնը փոխել, որ ավելի լուրջ խնդիրների առաջ չկանգնեն. - «Գումարը տալիս են մի հատ անհատի, որ էդ ապրանքը հասնի տեղ, գումարը չեն տալիս՝ էդ ապրանքը չի հասնում, էդ ա ամբողջ խնդիրը: Անօրինական գումար: Հայաստան ինչ-որ մեկին [են տալիս]: Էդ մեքենան դուրս ա գալիս: Միանգամից տալիս են, վսյո, համարները նկարում ղրգում են, տամոժնիկը բացում տենում ա, որ կա էդ տվյալ մեքենայի համարները, վսյո, աֆորմիտ անում ա՝ ավտոն էթում ա: Չկա՝ ասում ա «քաշի կայնի», մինչև ըլնի համարները»:

Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը երեկ նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին էր նույն հարցն ուղղել: Նախարարն էլ արձագանքեց՝ ինքը դիմել է իրավապահներին, որ բացահայտեն, բայց ոչ ոք ցուցմունք չի տվել, ու իր դիմումն ընթացք չի ստացել:

«Հրապարակային հայտարարություններ ա եղել ֆեյսբուքյան իմ էջում, հարյուրավոր մարդիկ էդպիսի բան են գրել, ես դիմել եմ իրավապահ մարմիններին, իրավապահ մարմինները դիմել են էդ մարդկանց, Հայաստանի Հանրապետությունում չի գտնվել մեկ հոգի, որ գնա ասի՝ «ես հաստատում եմ իմ գրածը», - ասաց Պապոյանը:

«Անանուն են խոսում, որովհետև վախենում են, որ ունեցած խնդիրները կհազարապատկվեն», - հայտարարեց Դանիելյանն ու վստահեցրեց՝ հարկ եղած դեպքում ինքն այդ մարդկանց հանդիպման կբերի նախարարի մոտ: Պապոյանն ընդգծեց՝ այդ հայտարարությունների համար ոչ թե իր կամ ԱԺ որևէ պատգամավորի մոտ պետք է գնան, այլ՝ իրավապահների:

«Բազմաթիվ տեսանյութեր կան փաստող այն մասին, կոնկրետ մարդկանց, անձերի դեմքերն էլ կան, ազգանուններն էլ կա, էդ տնտեսվարողներն էլ կա, կարծում եմ, որ խնդիր չի էդ մարդկանց հավաքել մի տեղ, եթե պետք լինի, ես էլ ձեզ հետ կմասնակցեմ, և էդ մարդիկ մանրամասը կասեն՝ ինչ խնդիրների առջև են բախվում: Ինչի են խուսափում՝ որովհետև գիտեն՝ որ էդ մարդիկ ֆիքսվեն, շատ ավելի լուրջ խնդիրների առջև են կանգնում: Այսինքն՝ պետությունը իր պարտականությունները կատարելու տեղը պատասխանատվությունը դնում ա, կներեք, էդ խեղճուկրակ մարդկանց վրա, որ առանց այն էլ էս անձրևին, ցրտին, ձյանը բավականին լուրջ պրոբլեմների առջև են կանգնում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Շուրջ մեկ տարի առաջ Հայաստանի կոնյակի ու գինու մի քանի գործարանների աշխատակիցներ, տնօրեններ ու արտահանողներ էին բողոքի ցույցերի դուրս եկել, պնդում էին՝ Վրաստանն ամիսներով կանգնեցնում ու ստուգում է իրենց խմիչքի որակը, որը ոչ թե Վրաստանում, այլ Ռուսաստանում պետք է վաճառեն: Բողոքներից հետո ստուգումները չեն դադարել․ վրացական կողմը շարունակում է վերահսկել իր տարածքով Ռուսաստան արտահանվող հայկական խմիչքի որակը, սակայն, ըստ վարորդների, ստուգման օրերն են կրճատվել:

Հետո հեղուկ գազ ներկրող բեռնատարների վարորդներն էին դժգոհում՝ Վրաստանում կաշառք են պահանջում, որ մեքենաները Հայաստան մտնեն: Օրերս էլ շինանյութ ներկրող բեռնատարներն էին վրացական անցակետում մնացել, Պապոյանն ասաց՝ իր վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո բոլոր մեքենաները Հայաստան են հասել:

«Վերջերս կահույքի հետ կապված հարց կար, նախարարը եկավ, ես հանդիպեցի իրա հետ, ու էդ հարցը հիմա լուծվել ա», - փոխանցեց էկոնոմիկայի նախարարը:

Այսօր էլ մի քանի վարորդներ «Ազատությանն» ասացին՝ մի քանի տասնյակ հացահատիկ ներկրող բեռնատարներ են անցակետերում կուտակվել. - «Հիմա էլ պահում են հացահատիկը, ու ահագին կուտակված մեքենաներ կան վրացական սահմանում՝ տամոժնու մոտ, Ռուսաստանից դեպի Հայաստան գալացողը: Էրեկվա օրվա երկրորդ կեսի դրությամբ 60-ից ավել մեքենա կանգնած էին: Գումար են ուզում, որ մեքենան անցնի, չէ՝ չի անցնում, վսյո, էդ ա»:

Օրերս Վրաստանի ֆինանսների նախարարությունից «Ազատության» վրացական ծառայությանը փոխանցել էին, թե հայկական բեռնատարների նկատմամբ ոչ մի արտառոց գործողություն չի իրականացվում, մաքսային ստուգումները ստանդարտ ընթացակարգով են եղել:

Իսկ հայաստանցի վարորդները շարունակում են դժգոհել՝ Կառավարությունից ոչ ոք հստակ չի պատասխանում իրենց հարցերին:

Փաշինյանն էլ ասում է՝ Թբիլիսիում ամեն ինչ քննարկել են, բայց փակագծերը չի բացում, թե ի՞նչ պատասխան է ստացել Վրաստանի իր պաշտոնակցից, և խնդիրն արդյո՞ք կլուծվի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. ՓաշինյանԿանգնած բեռնատարներ վրացական կողմում. վարորդներին թույլ չեն տալիս ուղևորվել ՀայաստանԲեռնափոխադրող վարորդների բարձրացրած հարցերը դեռ անպատասխան են մնումՊապոյանը զանգահարել է բեռնափոխադրողին, խոստացել քննարկել նրանց խնդիրը«Տարին սկսվել է, չգիտենք ոնց աշխատենք». բեռնատարների վարորդները կրկին Կառավարություն էին եկելՎարորդները պնդում են՝ վրացական սահմանում հեղուկ գազ տեղափոխողներից կաշառք են պահանջումԲեռնափոխադրողները՝ Պապոյանին․ ինչո՞ւ է Վրաստանը դեռ ստուգում իր տարածքով Ռուսաստան հասնող հայկական կոնյակի որակը «Մեր հարցերի պատասխանները չստացանք». կառավարությունում ընդունեցին բեռնատարների վարորդներինՀեղուկ գազն ավելի է թանկացել. «Վրաստանում հայ վարորդներից կաշառք են պահանջում»Կոնյակագործների և բեռնափոխադրողների բողոքի ակցիա՝ Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց