Վարչապետը կրկին դիմեց ռուս գործընկերներին՝ երկաթուղու կառավարումը երրորդ երկրին հանձնելու խնդրանքով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս կրկին դիմեց ռուս գործընկերներին՝ երկաթուղու կառավարումը երրորդ երկրին հանձնելու խնդրանքով:

«Ինչո՞ւ են ներդրողները, բեռնափոխադրողները, ապրանքներ վաճառողներն ու ձեռքբերողները խուսափում Երասխ-Ախուրիկ երկաթուղուց, մի պարզ պատճառով երկաթուղու այդ հատվածը թեև Հայաստանի լիարժեք սեփականությունն է, գտնվում է ռուսական երկաթուղու կառավարման ներքո: Իսկ ՌԴ-ի և Արևմուտքի բարդ հարաբերությունները, ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները միջազգային ներդրողներին, բեռնափոխադրողներին ստիպում են խուսափել, ռիսկի չդիմել ուղղակի կամ անուղղակի պատժամիջոցային սահմանափակումների կամ նման ռիսկ ունեցող ենթակառուցվածքի հետ աշխատել»,- շեշտեց վարչապետը:

Փաշինյանը կրկին նշեց՝ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո և, որ այս փաստի հետ կապված որևէ խնդիր չունեն, շեշտեց.

«Մենք մեծագույն հարգանքով ենք վերաբերում ՌԴ-ին և նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով հիմա մենք կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։
Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը։ ՌԴ մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի»:

Այն, որ Հայաստանը մտադիր է դադարեցնել ռուսական կողմի հետ դեռևս 2008-ին 30 տարով կնքված կոնեցիսոն պայմանագիրը և դրա համար պատրաստ են հասնել անգամ արբիտրաժ, ավելի վաղ «Ազատության» հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանն ասել էր. «Մենք ուզում ենք բարեկամական ձևով էդ խնդիրը լուծենք, բարեկամական ձևով: Բայց նաև մենք էդ խնդիրը բոլոր դեպքերում պիտի լուծենք բարեկամական ձևով, բայց նաև էլի դե յուրե, կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք: Եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում կքննարկենք»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

2 միլիարդ դոլարի վարձավճար Ռուսաստանից. հայ-ռուսական նոր զարգացումներ հայկական երկաթուղու շուրջ Փաշինյանը պնդում է՝ հայկական երկաթուղու կառավարումը հետ վերցնելուն այլընտրանք չկա. Մոսկվայից հակադարձում ենԵրկաթուղու մասին իմ պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը. ՓաշինյանԻ՞նչ է անելու կառավարությունը երկաթուղու ու ատոմակայանի հետ