Վարչապետի օրակարգի նոր անելիքը. ստուգել՝ չի՞ բացվել օրինախախտ խանութը

Այսօրվա կառավարության նիստին վարչապետը պետական եկամուտների կոմիտեի նախագահին հրահանգեց փակել Երևանի կենտրոնի մի խանութ, որտեղից դժգոհ են դուրս եկել իր աշխատողները:

«Այն օրը վարչապետի աշխատակազմից գնացել են բան առնելու, ասել են՝ եթե կանխիկով կտաք փողը, ուրիշ գին է, եթե քարտով՝ ուրիշ, - պատմեց վարչապետը, շարունակեց, - Փակեք այդ խանութը, ձևը գտեք, փակեք»:

Զայրացած Փաշինյանն անձամբ է զբաղվելու այս հարցով, գնալու-գալու է, ստուգելու է, որ հանկարծ օրինախախտ խանութը չաշխատի. «Ստուգելու եմ, այդ խանութում առևտուր պետք է չլինի: Ինձ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ»:

Եվ միայն վարչապետական թույլտվությունից հետո կարող է բացվել Փաշինյանին հունից հանած խանութը. «Քանի սենց խանութի տեղ իմացա, ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»:

Արդյո՞ք վարչապետի այս հրահանգը օրինական է, արդյո՞ք Փաշինյանը դուրս չի եկել իր լիազորություններից ու իր ստորադասների փոխարեն է որոշում կայացնում, ու առանց քննության, առանց ուսումնասիրության, առանց տույժ ու տուգանք նշանակելու միանգամից դատավճիռ է կայացնում՝ փակել խանութը. «Ազատությունը» մի քանի հարց է ուղղել կառավարության ղեկավարին, պատասխան դեռ չկա:

«Սա սեփական անձը օրենքից վեր դասել է, սա հեքիաթների թագավորի պահվածք է, իսկ հեքիաթներում թագավորներն իրենց կամքով էին շարժվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց
խորհրդային կարգերի օրոք այլախոհ, այժմ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանն այս դեպքում ընդամենը մի անելիք ուներ՝ հանձնարարել ստուգել՝ արդյո՞ք կա խախտում ու օրենքի շրջանակում պատժել. «Սա նշանակում է՝ այո, որ իմ պահանջից դուրս այլ պահանջ լինել չի կարող, դուք պետք է գտնեք ինչ-որ ձև ինչ-որ կերպ փակել, կուզեք միանգամից, կուզեք՝ կեղծ մեղադրանք ներկայացնելով փակեք, ցանկացած քայլով, բայց այդ խանութը պետք է փակված լինի, և այդ խանութի բոլոր աշխատողները պետք է լինեն աշխատանքից զրկված: Սա է աշխատատեղ բացող վարչապետի պահանջը»:

Առանց դատի ու դատաստանի է գործում Փաշինյանը, նկատում է իրավապաշտպանը. «Եթե առանց դատի ու դատաստանի ենք անում, առանց ուսումնասիրության, միայն իշխանավորի կամքով, նշանակում է՝ դա օրինազանցություն է: Այդ դեպքում ցանկացած փողոցում կռիվ անողի էլ կարելի է գնդակահարել տեղում, որովհետև նա նույնպես օրենք է խախտել»:

Հարությունյանը հիշեցնում է ընդամենը 4 ամիս առաջ վարչապետի մի արտահայտություն, թե «կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2018-ին՝ «3 միլիոն վարչապետ», 2025-ին՝ «կառավարությունը ես եմ». Փաշինյանը փոխել է հռետորաբանությունը

Իրավապաշտպանը նկատում է՝ դա ո՛չ լեզվի սայթաքում էր, ո՛չ էլ թյուրիմացություն, Փաշինյանն այդպես է իրեն պատկերացնում: Հարությունյանը մեկ այլ դեպք էլ է հիշում՝ տարիներ առաջ Փաշինյանը հրահանգեց աշխատանքից հեռացնել մաքսատան աշխատողին դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը չարաշահել է իր լիազորությունները. իրավապաշտպանը՝ մաքսատան միջադեպի մասին

Երևանի կենտրոնի ո՞ր խանութն է դարձել վարչապետի առաջիկա օրակարգի կարևոր կետերից մեկը. ո՛չ աշխատակազմը, ո՛չ Պետական եկամուտների կոմիտեն չեն ասում: ՊԵԿ-ից չեն հայտնում նաև, թե արդյոք կատարեցին Փաշինյանի հրահանգը: Խոստացան առաջիկայում հայտնել: