Վարչապետի երգը՝ դպրոցի բեմում. պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական քարոզչություն. տնօրենի մեկնաբանությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրած ու իշխող ուժի նախընտրական երգն էին երգում անցած շաբաթավերջին Այգեզարդի դպրոցի սաները՝ նույն Փաշինյանի հռչակած Քաղաքացու օրվա կապակցությամբ: Դպրոցի բեմում 6-7-րդ դասարանցիներն էին:

Տեսանյութը հեռացրած տնօրենը հերքում է քարոզչությունը

Իսկ ինչո՞ւ հեռացրին 1.14 վայրկյանանոց տեսանյութը, որ տարածել էին հենց դպրոցի ֆեյսբուքյան էջում: Տնօրեն Նունե Բաբլոյանն ասում է. «Ուշ տեսա, իհարկե, տեսանյութը, բայց երբ տեսա, ամեն դեպքում հորդորեցի, ասեցի՝ ավելի լավ կլինի ֆեյսբուքյան էջից հեռացնեն: Սա է եղել ընդամենը, որովհետև ի՞նչ իմանանք՝ ովքեր ինչպես կմեկնաբանեն, ինչպես կհասկացվի»։

Ավելի ուշ այս դրվագը հայտնվեց դիտորդների քննադատության թիրախում: «Ականատես» դիտորդական առաքելությունն ընդգծում է՝ խախտվել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեություն կամ քարոզչություն իրականացնելու արգելքը, իսկ դա ամրագրված է հենց «Հանրակրթության մասին» օրենքով: Տնօրեն Նունե Բաբլոյանը, սակայն, հակադարձում է՝ ինքը ոչ կուսակցական է, ոչ էլ թույլ է տալիս դպրոցում քարոզչություն անել, ասում է՝ կա նաև նախարարի հրահանգ: Ըստ նրա՝ տեղի ունեցածը պատահականություն էր:

«Ցանկացած մարդ, եթե հասկանա, որ դա իր համար խնդիր կարող է առաջացնել, երբեք նման բան չէր անի։ Ինչպե՞ս կարող է ես կամ ուսուցիչս, կամ մանկավարժս հասկանա, որ դա խնդիր կարող է առաջանալ, հենց թեկուզ իր համար կամ ինձ համար, երբեք նման բան չէր անի»,- շեշտում է դպրոցի տնօրենը:

Դիտորդների ուշադրությանն արժանացած կատարումի ու տեսանյութի հեռացումից օրեր անց՝ Բաբլոյանը վստահեցնում է, թե տեղյակ չէ աշակերտների ընտրությունից: Ըստ նրա՝ երգի քաղաքական ակունքների մասին անտեղյակ են եղել նաև միջոցառման անմիջական կազմակերպիչները։

Դպրոցի տնօրենի խոսքով.- «Երեխաները երևի համուհոտ տալով, տեմպն է միգուցե դուր եկել, երաժշտությունն է դուր եկել երեխաներին։ Գիտեք, երեխաների համար...նրանք շատ հեռու են քաղաքականությունից և չեն էլ հասկանում: Եթե լավ երաժշտություն է եղել, հավանաբար, սա է եղել պատճառը, որ երեխաները երգել են: Լավ էլ ստացվել մոտները, ասեմ Ձեզ, բավականին լավ երգել էին»:

Բաբլոյանը պատմեց, որ քաղաքացու օրվա կապակցությամբ միջացառում էին կազմակերպել. գյուղի մասին բարձր դասարանների աշակերտներն էին կարճ ռեպորտաժ պատրաստել, փոքրերն էլ իրենց սրտով երգ էին կատարել: Երկու տեսանյութերն էլ ֆեյսբուքյան էջում տեղադրվել են առանց կասկածի, որ դրանցից մեկը կարող է քաղաքական երանգ ստանալ։

«Եվ շեշտել ենք, որ սա որպես հայրենասիրական երգ է, էդ իմաստով, որ գեղեցիկ երգ էր, լավ խոսքեր ուներ: Երեխաներին, հավանաբար, դուր է եկել այդ երաժշտությունը, և երեխաները կատարել են։ Ամբողջ խնդիրը սա է, որ ինչ-որ քաղաքական ուղղվածություն կամ ինչ-որ նպատակ ունենար, չի եղել նման բան»,- պնդում է տնօրենը:

Վարչապետի բրենդային երգը դպրոցի բեմում երգած երեխաներն «Ազատության» հետ զրույցում ասում էին, թե հավանել են երգի տեմպը, ռիթմը, ու որ թեման Հայաստանի մասին է, իսկ այդ օրն էլ քաղաքացու օրն էր: Նրանք իմացել են, որ թմբուկահարը վարչապետն է, որոշել են՝ իրենք էլ երգել: Տնօրենը ևս կարծում է, որ գուցե երեխաներին դուր է եկել հենց վարչապետի մասնակցությունը, շեշտում է. «Ես չեմ կարող ասել՝ հնարավոր է։ Առաջին հայացքից դա ականջ շոյող երաժշտություն է, շատ հաճելի երաժշտություն է և էդքան սկի խոսքերի վրա էլ չեն կենտրոնանում, այլ երաժշտություն։ Հավանաբար, սա է եղել պատճառը»:

Այգեզարդի հենց կենտրոնում Նիկոլ Փաշինյանի պաստառներն էին: Բնակիչներն էլ նրա կողմնակիցը, որ «Ազատության» դիտարկումից զարմացան, թե վարչապետի ստեղծագործությունը հնչեցրած դպրոցը հայտնվել է դիտորդների քննադատության թիրախում:

«Ականատես» դիտորդական առաքելությունը, սակայն, տարածած հայտարարությունում խնդրահարույց է որակել դպրոցական միջավայրի քաղաքականացումն ու երեխաների ներգրավումը քաղաքական ենթատեքստ ունեցող բեմադրություններում:

«Ականատեսն» այսօր մեկ այլ խախտումի մասին էլ ահազանգեց: Ըստ նրանց՝ «Տաշիր պիցցա» ցանցի Երևանի մասնաճյուղերից մեկում երեք աշխատակիցներ ստիպված են եղել աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ հրաժարվել են մասնակցել այս ցանցի սեփականատեր, ընդդիմադիր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության ապրիլի 11-ի հանրահավաքին:

Դիտորդները հաղորդում են ներկայացրել իրավապահներին: «Տաշիր պիցցա»-ից այս հայտարարությունը որակում են զրպարտություն ու պնդում՝ որևէ աշխատակից չի ազատվել իր քաղաքական հայացքների կամ դիրքորոշման պատճառով, իրենք էլ քաղաքական գործունեությամբ չեն զբաղվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ականատես»-ը պնդում է՝ Գյումրիում համերգին մասնակցությունն ուղղորդված է եղել, իշխանությունը՝ հերքում

Ավելի վաղ «Ականատեսը» հայտնել էր, որ ապրիլի 19-ին ուղղորդում են արձանագրել Գյումրիում՝ Նիկոլ Փաշինյանի «Վարչաբենդի» մասնակցությամբ համերգին: Ըստ նրանց՝ Գյումրիի ՔՊ գրասենյակից հրահանգ էր եղել Ախուրյանի դպրոցների ու մանկապարտեզների աշխատակիցներին՝ մասնակցել այդ համերգին: Այդ դեպքում, սակայն, դիտորդները որոշել էին իրավապահներին հաղորդում չներկայացնել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բադալյանները վճարում են, «Վարչաբենդը»՝ նվագում. ո՞րն է խնդիրըՌուսական միլիոնները կասկած չեն հարուցել. 47.5 մլն ռուբլու դրվագով քննություն չկա