Վարչապետական ուրախ ավտոբուս դեպի մարզեր

Առավոտյան 11-ին, երբ Իրանում ռազմական գործողությունների մասին առաջին տեղեկություններն արդեն պայթել էին համացանցում, Հայաստանի իշխանական գրեթե ողջ վերնախավը սկսեց այսպես կոչված՝ ներկուսակցական քարոզարշավը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու ԱՄՆ հարվածել են Իրանին, Թեհրանը պատասխանել է



«Պարո՛ն Ռուբինյան, ի՞նչ կա, միջազգային իրավիճակը ո՞նց է», - դիմելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ հարցնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես, ճիշտն ասած, դա էի նայում, դե խառը էլի, կտեսնենք», - եղավ պատգամավորի արձագանքը:

Միջազգային իրավիճակի մասին ոչ մի հստակ տեղեկություն չստանալուց հետո վարչապետ Փաշինյանն անցավ այլ հարցերի: Դրանք հնչում էին Երևանից Արմավիր ճանապարհին: Բարձր տրամադրությամբ իշխանության ավտոբուսը սլանում էր դեպի Արմավիրի ու Արարատի մարզեր:

Փաշինյանն իր կուսակցության վերնախավի՝ ԱԺ նախագահի, պատգամավորների, նախարարների, մարզպետների հետ այս մարզերում էր ներկուսակցական քարոզարշավի ու քաղաքացիներին հանդիպելու համար:

«Այսօր ներկուսակցական քարոզարշավն է մեկնարկում, և իհարկե, մենք կուսակցական միջոցառում կունենանք, բայց այս ընթացքում նաև կօգտվենք առիթից և քաղաքացիների հետ կշփվենք, կզրուցենք, տպավորություններ կկիսենք նրանց հետ», - ասաց Փաշինյանը:

Զուգահեռ նաև ՔՊ-ականները համացանցում հակադարձում էին իրենց քննադատողներին, թե հարևան երկրում պատերազմ է, իսկ իրենք ուրախ ավտոբուսով ճամփորդության են ելել:

«Մահվան ու սգի գործակալներն իրենց լրատվականներով ակտիվացան: Ցավում են, որ Հայաստանը ներքաշված չի պատերազմի մեջ: Գնահատեք խաղաղությունը», - Ֆեյսբուքում գրեց վարչապետի հետ քարոզարշավի մեկնած, նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Խաղաղության մասին հիշեցրեց պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, հարցնելով. «Հիմա ընդդիմությունը մուննաթ է գալիս, որ Հայաստանում խաղա՞ղ է, ու ամեն մեկն իր գործո՞վ է զբաղված: Նեղվե՞լ են, որ էս տարածաշրջանային արյունահեղությունից դու՞րս ենք մնացել»:

ԱԳՆ-ն հետևում է իրավիճակին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, այսօր հաղորդեց ԱԳՆ-ն: Ներկուսակցական քարոզչության մեկնած նախարար Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցը Իրանում և Իսրայելում գտնվող Հայաստանի քաղաքացիներին հորդորել է պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։ ԱԽ գրասենյակից էլ հաղորդում են, որ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ։

Կուսակցական ավտոբուսում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետին վստահեցնում էր ոչ միայն խաղաղության, այլև տնտեսական աճի թռիչքի մասին:

«TRIPP-ի հաջող գործարկմանը ոչ մի բան չի խանգարում», - իր հերթին վստահեցրեց վարչապետը:

Հարյուրավոր բարևներ, ձեռքսեղմումներ, երեխաներին ջերմ խոսքեր:
Մեծամորում նարդի, Արմավիրում բլոտ էր խաղում Փաշինյանն ու կես կատակ-կես լուրջ հիշեցնում՝ շուտով ընտրություն է. «Նարդին կրվեմ, որ ընտրություններին կրեմ»:

Ողջույններ պատշգամբներից, բակերում ու խանութներում: Արտաշատում, սակայն, իշխանականներին ոչ հաճելի պահեր էին սպասում՝ բանջարեղենի խանութի հենց շեմին մի տղամարդը թույլ չտվեց անգամ առաջ գնալ:


Բանջարեղենի խանութի շեմքից լուռ հեռացած վարչապետը րոպեներ առաջ էլ դերձակի արհեստանոցում էր. տարեց կինը որդու համար արդարադատություն էր պահանջում վարչապետից, որը դատարանի տեղն էր ցույց տալիս. «Ինչո՞ւ եք հավասարության նշան դնում, դահիճին և զոհին դնո՞ւմ են նույն նժարին, պարո՛ն Փաշինյան: Դուք էլ ե՞ք այդպիսին, դուք էլ ե՞ք անարդար»:

Տարեց կնոջ այս բողոքից հետո Փաշինյանը շարունակեց ճանապարհը՝ Արտաշատից ուղևորվելով այլ քաղաքներ: Ընդմիջման կարկանդակը համեղ էր՝ առանց ձեթի ու սոխի, ինչպես նկատեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: