Վարչապետական դրաման՝ Երևանից Գյումրի և անդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևորդները միանշանակ չարձագանքնեցին նրա կիրակնօրյա 9 վայրկյանանոց ռիլին: Այստեղ մինչև վարչապետը սրտիկի տրամադրություն է ստեղծում, նրա մեջքի հետևով արագ սուրում է նախկին կինը՝ Աննա Հակոբյանը: Վերջինս դեռ նախօրեից էր մեքենայի ղեկին բազմանշանակ լռում:

Սերը գործողությամբ ու հոգատարությամբ են ցույց տալիս, շուրջ 50 օր առաջ այս խոսքերով Աննա Հակոբյանը կառավարական առանձնատնից իրերն էր հավաքել, հայտարարել բաժանվելու մասին: Գուցե բաժանվել են, բայց մնացել լավ ընկերներ, քննարկում էին սոցցանցերում, երբ վարչապետ Փաշինյանը ճամփա ընկավ ավտոերթով դեպի Գյումրի՝ սիրային երգացանկի ուղեկցությամբ:

Աննա Հակոբյանը միայն կառավարական առանձնատանը չէր: Գյումրիում էլ էր, ընդ որում թիկնապահների ուղեկցությամբ, թեպետ բաժանման մասին հայտնելիս շեշտել էր՝ հեռանում է այնպես, ինչպես եկել է՝ առանց դղյակների, մեքենայի, միլիոնանոց հաշիվների ու պետական պահպանության:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետական առանձնատնից՝ վարձով տուն. Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բաժանվում են

Այդպես էլ պարզ չդարձավ՝ արդյոք վերականգնվել է առաջին տիկնոջ կարգավիճակը, որ օգտվում է պահպանության ծառայությունից: Փաշինյանն ու Հակոբյանը զբոսնեցին, միասին սուրճ խմեցին, վերամիավորման մասին հայտարարություններ չեղան:

Զույգի բաժանումից հետո քննարկումները թեժ էին՝ նախընտրական փուլում այս դրաման իրակա՞ն է, թե՞ բեմադրված:
Կրիմինալի նշաններ էլ Աննա Հակոբյանը չէր բացառել:

Ընդդիմությունն էր ամիսներ առաջ ահազանգել, որ «Իմ քայլը» հիմնադրամը անգլերենի անվճար դասեր է խոստանում: Սա համարել էին նախընտրական փուլում բարեգործության արգելքի խախտում: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն այդ ժամանակ ասել էր՝ ուսումնասիրում են հարցը: Այս ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամի դասընթացները նոր ոլորտներ են գրավել:

Անկախ նրանից Փաշինյանն ու Հակոբյանը բաժանված են, թե արդեն՝ ոչ, «Իմ քայլը» հիմնադրամը հանրային ընկալման մեջ ուղիղ ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագրի» հետ: Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին շրջանում շատ ակտիվ բարեգործության արգելքի խախտման դեպքեր է բացահայտում՝ դրանցում գլխավոր դերակատար են միայն ընդդիմադիրները: «Ազատությունը» կոմիտեի խոսնակին հարցրել է՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործունությունը դիտարկվո՞ւմ է: Պատասխան դեռ չկա:

Ընտրական գործընթացների փորձագետ Մարիամ Հովեյանի խոսքով՝ բարեգործության արգելքի վերաբերյալ կարգավորումների իմաստն այն է, որ ընտրողի կամքի վրա ազդեցություն չլինի: Հանրության աչքում այս հիմնադրամի գործունեության կապն իշխող ուժի հետ ակնհայտ է, բայց օրենքում ասոցիացիան ոչ թե բովանդակությանը, այլ հենց անվան նմանությանն է վերաբերում:

Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունն ընդամենը շաբաթներ առաջ ընդունվեց միայն ՔՊ-ի ձայներով, այս դրույթին անդրադարձ չեղավ:

«Խոսքը բովանդակային ասոցիացիայի մասին է, հոդվածի մեկնաբանությունն ավելի նեղ է, և հենց անվանումների, նմանեցման ու ասոցիացիաների մասին է խոսքը: Այլ բան, որ հետագայում արժե այս հարցին ուշադրություն դարձնել՝ կարգավորումը ավելի լայն սահմանելու մասին, որպեսզի բովանդակային ասոցիացիան ևս ներառվի դրանում», - ասաց Հովեյանը: