Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը պետք է համակարգային լուծումներ մշակի բանակում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ:
Ըստ այդ որոշման` խմբում ընդգրկված կլինեն Պաշտպանության, Կրթության, Առողջապահության նախարարները, Զինված ուժերի շտաբի պետը, Ռազմական ոստիկանության պետը ու մի շարք այլ պաշտոնյաներ: Նրանք երեք ամիս ժամանակ ունեն առաջարկություններ մշակելու և վարչապետին ներկայացնելու համար:
Փաշինյանի այս որոշումը հաջորդում է այս տարվա ութ ամիսներին խաղաղ պայմաններում բանակում մահվան 12-րդ դեպքին:
Իրավապաշտպանները կոշտ քննադատում են իշխանությանը՝ Զինված ուժերում սպանության ու ինքնասպանության դեպքերը չկանխելու համար:
Վերջին՝ ինքնասպանության որակված դեպքից հետո Պաշտպանության նախարարությունում չորս պաշտոնանկություն եղավ, այդ թվում փոխվեց Ռազմական ոստիկանության պետը: Քննադատները բարձրացնում են նաև պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի պատասխանատվության հարցը, վարչապետ Փաշինյանը, սակայն, անցած շաբաթ պատասխանատուների շարքում նրանց չէր տեսել: