Վանաձորում երկամյա բոյկոտից հետո ընդդիմադիր Ալավերդյանը պատրաստ է մասնակցել նիստին

Վանաձորի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության միակ անդամ Արտավազդ Ալավերդյանը, որ իշխանության գործողությունները որակում է «10 տոկոսանոց կառավարում և 90 տոկոսանոց սուտ», հայտարարել է, որ պատրաստ է վերջ տալ երկամյա բոյկոտին և մասնակցել ավագանու առաջիկա նիստին։

«Առաջարկում եմ ամսի 9-ին տեղի ունենա ավագանու նիստ, և որպեսզի պարզ լինի, թե ինչու, ես ունեմ մի քանի սկզբունքային հարցեր, որի համար պետք է գնամ: Առաջինը ձեր բոլորի անձնական հարցերն են», - ասում է նա:

Վանաձորում արդեն չորս տարի է՝ ժամանակավոր իշխանություն է։ Նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կալանավորումից և դատարանի արգելանքից հետո ավագանին կիսատ-պռատ է գործում։ Իշխանության համար իրավիճակն օրհասական դարձավ հատկապես վերջին մեկ տարում, երբ ընդդիմադիր անդամ Գայանե Քալանթարյանի մահից հետո իշխանական թևը կորցրեց անհրաժեշտ մեկ ձայնը՝ քվորում ապահովելու և որոշումներ կայացնելու համար։

«Ես չեմ վստահում «Քաղաքացիական պայմանագրին»», - ասել է Ալավերդյանը, որը նախկինում պնդում էր, թե իր մանդատի հաշվին թույլ չի տա առաջ տանել իշխանական «կեղծ օրակարգերն» ու նիստին չներկայանալու մեջ դավաճանություն տեսնողներին պատասխանում էր կոշտ հակադարձմամբ, հանկարծակի փոխել է դիրքորոշումը։ Իր քայլը նա հիմնավորում է վանաձորցիների կենսական խնդիրները լուծելու ցանկությամբ, չնայած ամիսներ առաջ անդրդվելի էր:

«Դա դավաճանություն չէ, ընդհակառակը՝ հստակ քաղաքացիական դիրքորոշում է, քաղաքական, և վերջ ի վերջո ո՞վ է ասել, եղբա՛յր, որ դուք պետք է անեք, ու մենք պետք է գանք, մենք ձեզ չենք վստահում, ինչո՞ւ պիտի գանք, քաղաքը կկանգնի՞, ինձ համար քաղաքը կանգնած է, մենք ասֆալտապաշտ ժողովուրդ չենք», - անցած տարեվերջին ասել էր նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորի քաղաքական վեճը՝ վճռաբեկում. ՀԱՍԿ-ից պնդում են, թե համայնքը բնականոն կյանքով է ապրում

Ալավերդյանի դիրքորոշման մեղմացմանը նախորդեց մի ուշագրավ նշանակում քաղաքապետարանում։ Համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը խորհրդականի պաշտոնում նշանակեց Արեն Անանյանին։ Բոյկոտը դադարեցրած Արտավազդ Ալավերդյանը չի հերքում՝ նորանշանակ Անանյանն իր մտերիմ ընկերն է։ Նրանք դեռ վերջերս համատեղ բարեգործական ակցիաներ էին իրականացնում Վանաձորում։

Արդյո՞ք սա քաղաքական գործարք է, որտեղ ընկերոջ բարձր պաշտոնի դիմաց ընդդիմադիր գործիչն ապահովում է իշխանությանն օդ ու ջրի պես անհրաժեշտ քվորումը, նրա ներկայությունը նիստին թույլ կտա հաստատել քաղաքի բյուջեն ու սուբվենցիոն ծրագրերը. Ալավերդյանը կատեգորիկ հերքում է մտերիմ ընկերոջ պաշտոն ստանալու և իր դիրքորոշման փոփոխության կապը:

«Իմ հետ ընկերություն անելիս երբեք չի եղել, որ քաղաքական առումով Արեն Անանյանը ազդի «Ապրելու երկրի» որոշումների հետ», - ասաց նա:

Մեկ տարի առաջ դատարանն Արեն Անանյանին, որ օրերս նոր պաշտոն է ստացել քաղաքապետարանում, մեղավոր էր ճանաչել կեղծ դիպլոմ և աշխատանքային ստաժի կեղծ տեղեկանք ներկայացնելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյան մեղավոր է ճանաչվել կեղծ դիպլոմի ու ստաժի կեղծ տեղեկանքի համար

Այդ ժամանակ նա քաղաքապետարանում այլ պաշտոն էր զբաղեցնում՝ բնակարանային տնտեսության և համատիրությունների բաժնի պետն էր: Թեև նա դատարանի որոշմամբ ազատվել էր պատասխանատվությունից վաղեմության ժամկետի հիմքով, բայց պաշտոնավարման արգելք ուներ՝ գոնե մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Արեն Անանյանը, որը ժամանակին ՔՊ ցուցակով ավագանի էր ընտրվել, իր դեմ հարուցված քրեական գործը համարում էր պատվիրված, թեև պատվիրատուների անուններ չէր տալիս։

Մինչ նա բողոքարկում է դատավճիռները, իսկ Ալավերդյանը պատրաստվում է մուտք գործել նիստերի դահլիճ, Վանաձորն արդեն երկու ամիս ապրում է առանց հաստատված բյուջեի։ Իշխանության ձեռքերը կապված են, իսկ խոստացված միլիարդների շինարարությունը՝ դեռ թղթի վրա: Իշխանություններն սպասում են ընդդիմադիր անդամի այն մեկ ձայնին, որն ամիսներ շարունակ անհասանելի էր համարվում։ Անգամ իշխանականների կոչերն արդյունք չէին տալիս: