Տյումենի նավթավերամշակման գործարանում ԱԹՍ-ների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել

Արխիվ

Ուկրաինայից ավելի քան 2 հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տյումեն քաղաքում այսօր անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում։ Ուկրաինական մոնիթորինգային ալիքները հրապարակել են Տյումենի նավթավերամշակման գործարանի հրդեհի տեսանյութերը։

Հարձակման փաստը հաստատել է Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մոորը։ «ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հակառակորդի անօդաչու թռչող սարքն ընկել է Տյումենի նավթավերամշակման գործարանի տարածքում։ Բռնկում է տեղի ունեցել», գրել է նա տելեգրամյան ալիքում։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարվածներից հետո Տյումենում ընդհատվել է քաղաքի հիմնադրման 440-ամյակի տոնակատարությունը։ Astra-ի փոխանցմամբ ևս՝ Տյումենի վարչակազմի VK-ի պաշտոնական էջում ընդհատվել է Քաղաքի օրվա տոնակատարության ուղիղ հեռարձակումը։

Տյումենի նավթավերամշակման գործարանը («ՌԻ-ԻՆՎԵՍՏ»-ի մասնաճյուղ, նախկինում՝ «Անտիպինսկի նավթավերամշակման գործարան») Ռուսաստանում խոշորագույն անկախ նավթավերամշակման գործարաններից մեկն է՝ տարեկան շուրջ 8 մլն տոննա նավթի վերամշակման հզորությամբ։

Գործարանը արտադրում է «Եվրո-5» ստանդարտի դիզելային վառելիք, բենզին, կոքս, բիտում և մազութ։ Ձեռնարկությունը նախկինում ևս ենթարկվել էր անօդաչու թռչող սարքերի հարձակումների՝ 2025-ի հոկտեմբերին և 2026-ի հունիսի 20-ին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԹՍ-ների հարձակում՝ Կալուգայի մերձակայքի նավթավերամշակման գործարանի վրաՄոսկվայի նավթավերամշակման գործարանը կրկին հայտնվել է ԱԹՍ-երի թիրախումՈւկրաինական ուժերը թիրախավորել են խոշորագույն նավթավերամշակման գործարան Սանկտ Պետերբուրգի մոտՌուսաստանի հարավում նավթավերամշակման գործարան է վնասվել՝ ԱԹՍ հարձակման հետևանքով