Տվերի մարզում, Ստավրոպոլի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումներից հետո այրվել են նավթաբազաներ, Ազովի ծովում վնասվել է 2 լցանավ

Տվերի մարզի նահանգապետ Վիտալի Կորոլյովը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Տվերում գտնվող «Տվերնեֆտեպրոդուկտ» նավթաբազայի պահեստարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Astra-ի տվյալներով՝ նավթաբազայի պահեստարանների մի մասը հագեցած էր պաշտպանական ցանցերով, որոնք նախատեսված էին ԱԹՍ-ներից վնասվելու վտանգը նվազեցնելու համար։

Ստավրոպոլի երկրամասում ևս այրվել է մեկ այլ նավթաբազա։ Նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է Շպակովսկի շրջանի արդյունաբերական օբյեկտներից մեկի տարածքում բռնկված հրդեհի մասին՝ չնշելով ձեռնարկության անվանումը։

Ավելի վաղ ուկրաինական տելեգրամյան ալիքները գրել էին, թե հրդեհ է բռնկվել Միխայլովսկ քաղաքում գտնվող «Լուկոյլ-Յուգնեֆտեպրոդուկտ» նավթաբազայում։ Սակայն Astra-ն պարզել է, որ խոսքը ոչ թե «Լուկոյլի» նավթաբազայի, այլ Վյազնիկիում գտնվող խոշոր թիկունքային հանգույցի մասին է, որը նախատեսված է թեթև նավթամթերքների ընդունման, պահպանման, փոխաբեռնման և մանրածախ մեծածախ առաքումների համար։

Ավելի ուշ Վլադիմիրովը հայտնել է, որ Վյազնիկիի ձեռնարկությունում հրդեհն ուժգնացել է․ կրակը հասել է այրվող նյութերով պահեստարաններին։ Հարակից փողոցի բնակիչները տարհանվել են։

Ռոստովի մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը հայտնել է Տագանրոգի ծոցում գտնվող երկու լցանավերի վրա իրականացված հարձակման մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցվել է ընդհանուր առմամբ 73 անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Օրյոլի, Ռոստովի և Տվերի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, բռնակցված Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի, ինչպես նաև Ազովի ծովի երկնքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԹՍ-ների հարձակում՝ Կալուգայի մերձակայքի նավթավերամշակման գործարանի վրաՄոսկվայի նավթավերամշակման գործարանը կրկին հայտնվել է ԱԹՍ-երի թիրախում