Եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի, ապա Ուկրաինայում նախագահական ընտրություններ կկազմակերպվեն, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ արձագանքելով ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հայտարարություններին:
Երեկ Թրամփը Հայաստարել էր, որ Ուկրաինայում նոր նախագահ ունենալու ժամանակն է: «Ես առաջարկում եմ նրանց նոր առաջնորդ ընտրել, ով կարող է գործարք կնքել», - ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ «ինչ-ինչ պատճառներով (Զելենսկին) երբեք դա չի անում»։ ԱՄՆ նախագահի այս առաջարկին այսօր միացել էր նաև SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը՝ նշելով, որ «Զելենսկին չափն անցել է»:
«Խնդրում եմ, փոխանցեք Պուտինին. տվեք մեզ երկու ամիս՝ 60 օր լիակատար հրադադար, և մենք կկազմակերպենք ընտրություններ», - ասել է Զելենսկին ABC հեռուստաալիքի «This Week» հաղորդման եթերում։
Զելենսկին հայտարարել է, որ իրենց առաջնորդին ընտրելը «ուկրաինացիների գործն է», և նշել, որ Պուտինը նույնպես կցանկանար փոխել Ուկրաինայի ղեկավարին։
ԱՄՆ նախագահը, քննադատելով Զելենսկիին, նաև կոչ է արել Ուկրաինայի ղեկավարին դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները։
Վալդիմիր Զելենսկին ի պատասխան նշել է, որ հեշտ է վառելիքի թանկացման համար մեղադրել Ուկրաինային, «մինչդեռ աշխարհում բոլորը հասկանում են, որ գները բարձրանում են Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի պատճառով»։
Ավելի վաղ՝ նա հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, եթե Մոսկվան դադարեցնի ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների վրա իր հարվածները։
Թրամփի կողմից Զելենսկու հասցեին քննադատություններ հաջորդում են հոկտեմբերի 9-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցին, որի ընթացքում նրանք համաձայնության են եկել համաշխարհային շուկաներ ռուսական դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ։
Մի քանի շաբաթ առաջ Թրամփն ասել էր, թե Ռուսաստանը «կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Ուկրաինայի հետ իր պատերազմի պատճառով, և մեծ թվով ռուսական վերամշակման գործարաններ պայթեցվել են կամ առնվազն ժամանակավորապես շարքից դուրս են եկել»:
Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը երկարաձգել էր դիզվառելիքի արտահանման արգելքը մինչև հոկտեմբերի վերջ, ինչն էլ ավելի էր մեծացրել լարվածությունը համաշխարհային էներգետիկ շուկայում, որն առանց այդ էլ ցնցումների մեջ է շարունակվող հակամարտությունների և մատակարարումների պակասի պատճառով: