Բաքվի զինվորական դատարանն այսօր ցմահ ազատազրկման դատապարտեց Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։
Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման՝ նրանց տարիքով պայմանավորված։ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 20 տարվա և ցմահ ազատազրկում Բաքվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբԲաքվի զինվորական դատարանի առջև կանգնած մյուս հայերը՝ Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը, դատապարտվեցին 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Լևոն Բալայանը և Դավիթ Ալավերդյանը՝ 16, Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։ Բաքուն բոլորին մեղադրում է ծանր հանցանքների մեջ՝ ահաբեկչությունից մինչև ցեղասպանություն։
«Չնայած գերիներին և օկուպացիային՝ մրցանակ են ստանում»
«Չկա աշխարհում որևէ երկիր, որ այս կերպ նվաստացած լինի, և որի իշխանությունը ջայլամի պես համարեն՝ ամեն ինչ նորմալ է», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Դաշնակցական Մանուկյանն ասաց՝ ճիշտ այն ժամերին, երբ եղբայրը՝ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, Բաքվում ցմահ ազատազրկման էր դատապարտվում, ինքը Երևանում՝ խորհրդարանում, հանդիպում էր մի քանի տասնյակ ուսանողների հետ։ Նրանց ընդդիմադիր պատգամավորը ընդամենը մեկ հարց է տվել, որին հետևել է քար լռություն։
«Արդյոք նրանք գիտե՞ն աշխարհում մի երկիր, որի քաղաքացիները, ռազմաքաղաքական ղեկավարները գերության մեջ են իր հարևանի մոտ, մի երկիր, որի հսկայական տարածքներ օկուպացված մնում են, և այդ երկու երկիրը հայտարարում են իբր խաղաղության մասին, դրա համար ժպտում են, եղբայրանում են, մրցանակներ են ստանում և համարում են, որ ամեն ինչ նորմալ է», - ասաց նա:
«Ասում է՝ կոկորդումս ինչ-որ բան կա, շունչս կտրում է». Բաքվում 19 տարվա ազատազրկման դատապարտված Մադաթ Բաբայանի որդին ահազանգում է
Բաքվի զինվորական դատարանում այսօր 19 տարվա ազատազրկման դատապարտված Մադաթ Բաբայանի որդին անթույլատրելի է համարում հոր դատավճիռը։
«Իրավունք չունեին իրեն 19 տարի դատեին, որ ասում են՝ ինքը «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցել է, սաղ սուտ է, ինքը դրա հետ ընդհանրապես կապ չունի», - ասաց նա:
Մադաթ Բաբայանը մինչև գերեվարվելը Մարտակերտի Գետավան գյուղում էր ապրում։ 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ նա գյուղը լքել չէր հասցրել և հետագայում գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Տաք գլխարկ ուղարկեք, ցուրտ է»․ Մադաթ Բաբայանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներինԲաքուն 74-ամյա հայ տղամարդուն մեղադրում է այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար։ Ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունն, այսօր հրապարակելով դատավճիռը, նշում է, որ թեև Բաբայանին ցմահ ազատազրկում էր սպառնում, բայց հաշվի առնելով նրա տարիքը՝ դատախազը պահանջել է 20 տարի։ Դատավորն էլ մեկ տարով նվազեցրել է պատժաչափը։
Ադրբեջանական լրատվամիջոցը պնդում է, թե Մադաթ Բաբայանը ընդունել է մեղքը։ Մինչդեռ նրա որդին՝ Արմենը, վստահ է, որ հորը պարզապես ստիպել են ասել այդ ամենը։
«Հիմա ես էլ որ լինեմ այնտեղ, ինձ էլ էդ օրը գցեն, ես էլ կխոստովանեմ, ստից տեղը կասեմ, որ հա, կռվել եմ, 100 հոգի մարդ եմ սպանել, սաղս էլ գիտենք, ով ընկնում է էնտեղ, պետք է խոստովանի, բայց ինքը կապ չունի դրա [Խոջալուի դեպքերի] հետ, ի՞նչ ասեմ, հույսներս կտրվեց», - նշեց նա:
Որդին ահազանգում է հոր առողջական լուրջ խնդիրների մասին։ Բաքվի բանտում շուրջ 3 տարի գտնվող 74-ամյա Բաբայանը կոկորդի հատվածում արդեն մեկ տարի է՝ խեղդող ցավեր ունի։ Տղան կասկածներ ունի, որ հոր մոտ քաղցկեղ է զարգացել, բայց արդյոք նրան բժիշկ այցելել է, զննել է՝ ընտանիքը տեղյակ չէ. «Երեկ էր զանգել, իր առողջական վիճակը շատ վատ էր, չէր կարողանում խոսել։ Ասում է՝ կոկորդումս ինչ-որ բան կա, խանգարում է, շունչս կտրվում է, չեմ կարողանում խոսել։ Մի տարի է, որ դա առաջացել է իր մոտ։ Ուռուցքի նման մի բան է»։
«Բաքվի դատարանը ընդամենը քաղաքական որոշում կայացրեց»
Եվրոպական դատարանում հայ գերիներին ներկայացնող Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի դատարանը ընդամենը վավերացրեց նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական որոշումները։ Ըստ իրավապաշտպանի՝ Ալիևի վարչակազմը քաղաքական հայտարարություններով բազմիցս մերժել է ինքնորոշման իրավունքը և օրինականացրել ուժի գործադրումը, իսկ այս քայլով Բաքուն նաև ցուցադրաբար պատժում է ինքնորոշման իրավունքը իրացնողներին։
«Այս դատավճիռները գործնականում չեն կարող խոչընդոտել կամ կանխել հայերի հայրենադարձմանը, քանի որ կրկին գործընթացը իրավական չէ, քաղաքական չէ: Դատարանները ցույց տվեցին, որ այս հարցը գերքաղաքական է, և նրանք ունակ չեն ապահովելու արդար դատաքննություն», - ասաց նա:
«Գերիների ազատ արձակման հարցում դրական կանխատեսումներ ունենք». իրավապաշտպան
Հայ գերիների հետ կապված ողջ գործընթացը քաղաքական համարող Սահակյանը չի բացառում, որ առաջիկայում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Երևան ու Բաքու կատարելիք այցերի ընթացքում կամ հետո հայ գերիների մի մասը ազատ արձակվի։
«Մենք դրական փոփոխությունների կանխատեսում ունենք, և իրավիճակը փակուղային չէ։ Մեծ հույսեր ենք կապում նաև ամերիկյան վարչակազմի հետ, որը պայմանավորված է նրանց հատուկ դերով կապված խաղաղության գործընթացի հետ, և խաղաղությունը առանց մարդասիրական հարցերի լուծման գոյություն ունենալ չի կարող», - շեշտեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերությունից վերադարձածները հանդիպել են հարազատների հետ. ինչ վիճակում են նրանքԻրավապաշտպանն ընդգծում է՝ խոսքը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակման մասին չէ։ Այդ հարցի շուրջ քննարկումները կարող են սկսվել վերջնական փուլում, երբ արդեն հայրենադարձված կլինեն Բաքվի բանտերում գտնվող և այլ կարգավիճակ ունեցող հայերը, այսինքն՝ դեռևս 2020-ին և 2023-ին գերեվարված ռազմագերիները և տարբեր հանգամանքներում ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված քաղաքացիական անձինք։
15 հայերին ցմահից մինչև 15 տարվա ազատազրկման դատապարտելով՝ Բաքվի զինվորական դատարանն առաջիկայում ամենայն հավանականությամբ կվերսկսի Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը։
Խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառաբանությամբ դատարանը անցած տարվա վերջից հետաձգել էր Վարդանյանի դատաքննությունը։
Ադրբեջանում այս պահին 19 հայ գերի է պահվում, վերջերս Բաքուն Հայաստանին վերադարձրեց 4 քաղաքացու։