Մի խումբ ցեղասպանագետներ բաց նամակով մտահոգություն են հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից Էդիտա Գզոյանին ազատելու կապակցությամբ:
Ներկայացնելով Գզոյանի կատարած աշխատանքի արդյունքը՝ ցեղասպանագետները նշել են, որ պաշտոնից նրա հարկադիր ազատումը սարսափեցնող ազդակ է ամբողջ աշխարհի գիտնականների և պատմաբանների համար: Սա, ըստ նրանց, ցույց է տալիս, որ ինչ-ինչ դեպքերում հետաքննությունն ու ճշմարիտ հիշողությունը կարող են փոխարինվել դիվանագիտական հարմարավետությամբ:
Օրերս հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Ցեղասպանության հուշահամալիր այցից մեկ ամիս անց թանգարան-ինստիտուտի տնօրենը հեռանում է այդ պաշտոնից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Գզոյանը պաշտոնանկ է արվել իր անմիջական հրահանգով՝ փետրվարի սկզբին Վենսին Արցախյան հակամարտության մասին գիրք նվիրելու համար։
Ի դեպ, թանգարան-ինստիտուտի պաշտոնական հաղորդագրության մեջ էլ ոչ թե Լեռնային Ղարաբաղ՝ ինչպես Հայաստանի բարձրաստիճաններն են նախընտրում հնչեցնել, այլ Արցախ է գրված։
Գիտնականներն իրենց նամակում փաստել են, որ արդեն նախկին տնօրենն այցի ժամանակ խոսել է ոչ միայն 1915թ. Ցեղասպանության, այլև հետագայում Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հայերի զանգվածային սպանությունների մասին, Վենսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին գիտական աշխատությունները:
Նրանք նկատում են, որ Ցեղասպանության թանգարանը զբոսավայր չէ, իսկ նման իրադարձությունները միգուցե վկայում են, որ միտում կա քաղաքական նկատառումներից ելնելով համապատասխանեցնել թանգարանի դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ:
«{Թանգարանի} ղեկավարությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից, այլ ոչ թե ենթարկվի դրան», - ընդգծել են նամակի հեղինակները, որ գործում են տարբեր երկրներում՝ կոչ անելով ՀՀ կառավարությանը զերծ մնալ միջամտությունից:
«Նման որոշումը ոչ միայն խաթարում է ինստիտուտի ներկայիս աշխատանքը, այլև տագնապի ազդանշան է ցեղասպանության ուսումնասիրության առաջատար գիտնականների համար ամբողջ աշխարհում», - նշել են նրանք:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկյան մամուլի ժողովածուն սադրա՞նք էՀարցին, թե Արցախի մասին Գզոյանի խոսելը, նաև գիրք նվիրելը վարչապետը համարե՞լ է Կառավարության քաղաքականությանը հակառակ ինչ-որ գործողությո՞ւն, Փաշինյանը պատասխանել էր. - «Այո, ես դա համարել եմ Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բոլոր 74 աշխատակիցներն օրեր առաջ դիմել էին վարչապետին՝ հույսով, որ կվերանայվի այս պարտադրանքը։ Նրանք «Ազատության» հետ զրույցում ասել էին, որ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել: