Ծառուկյանը քննադատում է Երևանի քաղաքապետին, Ավինյանը զգուշացնում է՝ զբաղվելու է ապօրինի շինություններով

«Քաղաքապետը որ իմանա՝ ինքը քաղաքապետ ա, ոչ թե մայկա-տրուսիկ տպող, որ հաճոյանա վարչապետին, նա այդ հաճոյանալը, պետք է հաճոյանա Ավինյանը երևանցիներին». - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը Երևանի քաղաքապետի ստեղծագործական մտքին այսպես արձագանքեց։ Շապիկին պատկերված եռագլուխ հրեշը, ըստ ՔՊ-ական մեկնաբանության, ընդդիմադիր մրցակիցների՝ գործարարներ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստվերային միասնության խորհրդանիշն է։

Վարչապետ Փաշինյանին այս շապիկն այնքան է դուր եկել, որ իր էջում է տեղադրել։ Ծառուկյանն էլ դրան պատասխանեց՝ հիշեցնելով Ավինյանի ու Փաշինյանի օդում մնացած մեգախոստումները. - «Էսքան ժամանակ նա պետք է կառուցեր մետրոների կայաններ, մետրոներ, թունելներ, ճանապարհներ, ոչ թե տրուսիկ-մայկա տպեր, որ Նիկոլ Փաշինյանը ասի՝ հալալ ա։ Ավինյանն էլ, Նիկոլ Փաշինյանն էլ, որ նոր էին եկել իշխանության, ասում էին՝ «Արցախը Հայաստան ա և վերջ, մենք չենք եկել Արցախը հանձնելու համար, Արցախը Հայաստան ա ու վերջ»։ Կարճ ժամանակում հայտարարեց, որ «Արցախը Ադրբեջան ա ու վերջ»։

Ծառուկյանի այս մեկնաբանությունից հետո Երևանի քաղաքապետն ուղիղ եթերում զգուշացրեց՝ հենց արձակուրդից վերադառնա, կզբաղվի ապօրինի շինությունների հարցերով. - «Պարոն վարչապետ, Գագիկ Ծառուկյանը ինձ կոչ ա արել գնալ և զբաղվել քաղաքային գործերով՝ մայկա-տրուսիկի փոխարեն։ Ես կարծում եմ՝ հենց արձակուրդից վերադառնամ, արձակուրդում եմ ուղղակի, էլի, հիմա, բայց անպայման հենց վերադառնամ՝ մի հատ էդ ապօրինի շինություններով արվի գործողություններ»։

«Իհարկե», - արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թե ինչու այս ութ տարվա ընթացքում ապօրինի շինությունների հարցը իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի ավարտել, Փաշինյանն ու Ավինյանը չքննարկեցին։

«Ժողովուրդ ջան, ութը տարի ա, ասեք մի բան, որ արվել ա». - «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդն այս հարցի պատասխանն այսօր էլ փորձում էր լսել Արագածոտնի մարզի բնակիչներից: Ինչ խոստացան՝ հակառակն արեցին, համայնքներում կրկնում էր Ծառուկյանը՝ Փաշինյանի տապալված խոստումները հիշեցնելով։

«Ի՞նչ են արել ժողովրդի համար, աշխատավարձ բարձրացե՞լ ա, աշխատատեղ էղել ա՞: Ղարաբաղը հանձնել ենք, էլի հանձնում ենք, էլի պետք է հանձնենք։ Էսօր հիմնականում միայն դատարկ-դատարկ խոսքեր են, ասելով երկիրը զարգացրել, ծաղկացրել ... մտնի բոլոր տեղերը նայի, մարդկանց նայի՝ վարկեր, տուրքեր, տույժեր, գույքարկ ավելացնել ու ոչ մի բան», - ասում էր Ծառուկյանը:

«Թոշակառուն ինչո՞վ պտի ապրի, էդ քու 10 հազար դրամդ, Նիկոլ, օր տվել ես, ո՞ւմ ես տվել», - ասաց մի տարեց տղամարդ:

Ինքն էլ է ժամանակին հավատացել հեղափոխության առաջնորդ Փաշինյանի գեղեցիկ խոսքերին ու հետո համոզվել, որ չի կարողանում խոսքին տեր կանգնել, Արագածավանի բնակիչների հետ հանդիպմանը խոստովանեց Գագիկ Ծառուկյանը:

«Ես էլ եմ մեղավոր: Հավատալով գնացել եմ հրապարակ, ժողովրդին հարցրել եմ՝ «ո՞ւմ եք ուզում», որ անհրաժեշտ էր հեղափոխության, հավաքվել էին: Գնացել ենք՝ հավատալով խոսքին, գեղեցիկ խոսքերին, գնացինք: Հիմա տեսեք, չի կարում իր ասածները անի՝ եղբայր ջան, թող գնան: Էսօր ժողովուրդը մեղավոր չի, չի ստացվում՝ թող գնան, ինչի՞ մասին ա խոսքը: Ես կարծում եմ՝ իրանց մեծամասնությունը կա՛մ անգրագետ ա, կա՛մ տառերը գիտի, իրենց գրած իմաստը չեն հասկանում: Որ ասենք եթե ստորագրում ես պայմանագիր կամ Ադրբեջանի հետ, թուղթ ես ստորագրում Եվրոպայի հետ, գոնե իմաստը պետք է հասկանաս՝ դա մեր երկրին, ժողովրդին օգուտ ա՞, թե՞ վնաս», - հայտարարում էր ԲՀԿ առաջնորդը:

Ըստ նախկին պատգամավորի՝ Հայաստանի համար վտանգավոր թեմաներից է Եվրասիական տնտեսական միությունից Եվրամիություն թեքվելը։ Գործարար Ծառուկյանը Եվրասիական տնտեսական միությանն է կողմնակից։ Ի՞նչ են գտել Եվրոպայի մեջ, այսօր էլ զայրացավ Ռուսաստանի ու Բելառուսի հետ իր կապերով հպարտացող Ծառուկյանը։ Բելառուսի նախագահը Գագիկ Ծառուկյանի մտերիմն է։

«Եվրոպայից եկան, Եվրոպա, Եվրոպա, ի՞նչ ա արել Եվրոպան, օդի մեջ դատարկ-դատարկ խոսեցին, գնացին։ Եվրոպան իր գլուխը չի կարողանում պահել, ձեր ցավը տանեմ», - նշեց ԲՀԿ առաջնորդը:

«Պտի աշխատանք լինի, սեր ու միություն լինի, Սովետական Միության կարգեր, ընկեր Ծառուկյան ջան», - ասաց հանդիպման մեկ այլ տարեց մասնակից:

«Համաձայն եմ, գիտեմ։ Էսօր կրթության համար էլ ասեմ՝ դրել են Բոլոնիայի ծրագիր, ժողովուրդ, ամենաուժեղ ծրագիրը Սովետական Միության կրթական ծրագիրն էր», - արձագանքեց ԲՀԿ առաջնորդը:

Ծառուկյանի գլխավորած կուսակցությունը նախորդ՝ 2021-ի ընտրություններում էլ էր պայքարում, բայց ակտիվ քարոզարշավ չէին անում ու նվազագույն շեմն էլ չհաղթահարեցին։ Այս անգամ ակտիվ են, ցուցակը նորից գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, բայց վարչապետի թեկնածուի անուն մինչև հիմա չեն նշում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դոլարային միլիոնատերեր, 29 անշարժ գույք ունեցող ընդդիմադիրներ. ի՞նչ են հայտարարագրել ընտրացուցակների առաջատար գործիչները52 պարեկի թեման ու Ծառուկյանի քարոզարշավը ՏավուշումՏավուշում Գագիկ Ծառուկյանն առաջարկում է սպասել կարևոր փոփոխության՝ առջևում Հիսուսի արձանի բացումն է«Լակոտիդ բռնելու ենք». Փաշինյանը սպառնում է Ծառուկյանին, ԲՀԿ առաջնորդն արձագանքում էԾառուկյանը բացառում է ՔՊ-ի հետ հետընտրական համագործակցությունը՝ նախորդ փորձից ելնելովԸնտրարշավը սկսեցին ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, «Միասնության թևեր»-ը, «Բոլորին դեմ եմ»-ը