Ծառուկյանին նոր՝ 3-րդ մեղադրանքն է առաջադրվել

Արխիվ

Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործերի աշխարհագրությունն ու ոլորտն ընդլայնվում է: Նրան նոր՝ երրորդ մեղադրանքն է առաջադրվել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի հետ մեղադրվում է 2.5 միլիոն դոլարի գույքի շորթման ու խոշոր չափի փողերի լվացման դեպքով: Ըստ Քննչականի՝ այս անգամ նրանք լիբանանահայ գործարարի հետ են գործ բռնել:

Իրավապահների հաղորդագրությունում նշվում է.- «Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Գ․Ծ․-ն 2008 թվականի ընթացքում ծանոթացել է լիբանանահայ գործարար Գ․Թ․-ի հետ և առաջարկել համատեղ իրականացնել ոսկյա զարդերի վաճառքի գործունեություն: Նշված գործունեությունը ծավալելու նպատակով ընկերությունը 2009 թվականին պետական գրանցում է ստացել, որտեղ 50-ական տոկոս բաժնեմասերով բաժնետերեր են գրանցվել Գ․Ծ․-ն և Գ․Թ․-ն, իսկ ընկերության գլխավոր տնօրեն է ընտրվել Ս․Ա․-ն»։

«Ազատության» տեղեկությունով՝ խոսքը լիբանանահայ գործարար Գևորգ Թորամանյանի մասին է: Ըստ Քննչականի՝ ոսկու վաճառքից բացի նրա հետ նաև խմելու ջրի գործարանի նախագիծ է սկսել Ծառուկյանը՝ վերջինս պիտի շենքը կառուցեր Ակունք գյուղում, իսկ Թորամանյանը դրսից հոսքագծեր բերեր: «Մուլտի Ակվամարին» ընկերությունը 50-50 պիտի երկու կողմինը լիներ, բայց, ըստ իրավապահների, Ծառուկյանի թիմը սպառնալիքով ստացել է Թորամանյանի 50 տոկոսը։

«Առինջ գյուղում գտնվող առանձնատան այգում Գ․Թ․-ի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են ստորագրել փաստաթղթեր, ինչի ազդեցության ներքո Գ․Թ․-ն նույն օրը նոտարի մոտ ստորագրել է պարտավորագիր և տվել լիազորագիր»,- ասված է իրավապահների տարածած հաղորդագրությունում։

Հետո էլ, դարձյալ, ըստ Քննչականի, որպեսզի թաքցնեն ոսկյա զարդերի ու ընկերության 50 տոկոս բաժնեմասի հանցավոր ծագումը, դրա գործունեությունը կապել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների օրինական եկամուտների հետ:

«Իրականության հետ աղերս չունեցող մեղադրանք». Ծառուկյանի փաստաբան

Ծառուկյանի փաստաբաններից Էմին Խաչատրյանը պնդում է՝ ինչպես մյուս՝ իրանցիների գործով, այս մեկով էլ Ծառուկյանը ոչ թե պիտի մեղադրյալ, այլ տուժող լիներ, փաստաբանի խոսքով.- «Բացարձակ սուտ, իրականության հետ որևէ աղերս չունեցող մեղադրանք է»։ Փաստաբանը հարցնում է՝ ինչպե՞ս է լիբանանահայ Թորամանյանը լռել ավելի քան 12 տարի ու արթնացել ճիշտ այն ժամանակ, երբ իրավապահները գետնին պառկեցրին Ծառուկյանին.

«Եկել է Հայաստան, գնացել է, երբևէ որևէ պահանջ, ըստ էության, չի ներկայացրել, դեռ ավելին ասեմ՝ իրա գործողություններում բազմաթիվ դրվագներ կան խարդախության, որը փաստաթղթերով է հիմնավորվում, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, բայց ժամանակներն այնպիսին են, որ այդ փաստաթղթերը որևէ ազդեցություն ու տպավորություն չեն թողնում վարույթն իրականացնող մարմնի վրա»,- ասում է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով՝ բազմաթիվ փաստարկներ ունեն Ծառուկյանի անմեղությունն ապացուցող, բայց Քննչականը դրանց ուշադրություն չի դարձնում: Փաստաբանը նկատում է.- «Չակերտավոր տուժողի մերկապարանոց, չփաստարկված, որևէ փաստաթղթով չհիմնավորվող հայտարարությունները միանգամից ընդունելի են դառնում Քննչական մարմնի համար»։

«Մուլտի Գրուպ»-ի ղեկավար Սեդրակ Առուստամյանի փաստաբանն էլ է պնդում մեղադրանքը սուտ է և իր պաշտպանյալն այն չի ընդունում. «Միանշանակ չի ընդունում։ Փաստաթղթերով հիմնավորված են, որ դիմացի կողմը բացարձակ կեղծիք ու սուտի մասին է խոսում»,- ասում է փաստաբան Դավիթ Մանթաշյանը։ Դիտարկմանը, թե իրավապահների տարածած հաղորդագրությունում նշված է, որ «փաստաթղթերը բռնությամբ են ստորագրվել», Մանթաշյանն ասաց.- «Դա էլ է ստուտ, ամբողջությամբ սուտ է»։

Ծառուկյանի փաստաբանը մեղադրանքից առանձնացնում է սպառնալիքով փաստաթղթեր ստորագրելու դրվագը։ Իսկ նոտա՞րը, հարցնում է, կին է եղել, նա հաստատե՞լ է բռնության փաստը, գոնե նկատե՞լ է, որ ընկճված է Թորամանյանը այդ սպառնալիքների հետևանքնով...Ծառուկյանի ու նրա թիմակցի նկատմամբ քրեական այս նոր վարույթով խափանման միջոցներ չկան , որովհետև Ծառուկյանն ու Առուստամյանն արդեն իսկ կալանավորված են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նոր մեղադրյալներ Գագիկ Ծառուկյանի գործովՀՌՀ-ն տուգանեց «Կենտրոն» հեռուստաընկերությանը 100 հազար դրամովԳագիկ Ծառուկյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի«Սենց երկրում ես չեմ ուզում ապրեմ». Գագիկ Ծառուկյանի բիզնեսների աշխատողները՝ անորոշության մեջ«Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում». Ծառուկյանի արձագանքը Փաշինյանին«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը և պահպանմանըԾառուկյանի թիմակիցները բողոքի ակցիա անցկացրեցին Իրանի դեսպանատան առջևԾառուկյանին նոր մեղադրանք է ներկայացվել, նրա ընկերությունների 2 տնօրեններ կալանավորվել են