Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունները կապարակնքվել են վարութային գործողությունների և գույքագրման նպատակով. ՔԿ

Կալանավորված Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունները կապարակնքել են հետագայում գույքագրելու ու վարութային գործողություններ իրականացնելու համար։ «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ Քննչական կոմիտեի՝ այնուհետև այդ ընկերություններում գույքագրումներ իրականացնելու որոշումներ են կայացրել։

Ե՞րբ կհեռացնեն կապարակնիքները ու ե՞րբ հարկադիր պարապուրդի մատնված հազարավոր աշխատակիցները կկարողանան աշխատանքի վերադառնալ, ի՞նչ են փնտրում Ծառուկյաններին պատկանող ընկերություններում, Քննչականը մեր այս հարցադրումներն անպատասխան է թողել։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում կատարելու և առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքերով ավելի քան տասը գործ են քննում։

Գագիկ Ծառուկյանից զատ այլ կալանավորված անձինք կան, թե քանի հոգի, Քննչականը չի հայտնել:

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման և հարկերից խուսափելու դեպքերի քննության շրջանակում ավելի քան 70 հասցեում խուզարկություններ են իրականացվել։