Ծառուկյանի թիմակիցները ակցիա անցկացրին Իրանի դեսպանատան առջև, նամակ հանձնեցին դեսպանին

Կալանավորված Գագիկ Ծառուկյանի թիմակիցները բողոքի ակցիա են անցկացրել Իրանի դեսպանատան առջև՝ դիվանագիտական գերատեսչությանը կոչ անելով օգտագործել գործիքկազմը՝ «ադարության հասնելու» համար:

«Ինչու ենք Իրանի դեսպանատան առջև. ցանկություն կա անձամբ փոխանցելու ԲՀԿ-ի նամակը, որտեղ նկարագրված է ամբողջ իրավական «բեսպրեդելը», որը սանձազերծվել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Մեր համար անընդունելի է, որ Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների, խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական բարեկամական հարաբերությունները»,- հայտարարեց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Մենք ուզում ենք հավատալ, որ Իրանի դեսպանատունը՝ դեսպանի գլխավորությամբ, հետամուտ է լինելու այս գործընթացի բացահայտմանը, օգտագործելու է բոլոր հնարավոր իրավական և դիվանագիտական գործիքները Ծառուկյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով»,- նախքան նամակը դեսպանատանը հանձնելն ասաց Իվետա Տոնոյանը: ԲՀԿ առաջնորդի խոսնակը նաև տեղեկացրեց, որ ուրբաթ օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նամակներ է ուղարկել նաև Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցիչներին:

Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար: Ըստ իրավապահների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Մինչդեռ, Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան:

Գագիկ Ծառուկյանն այսօր հերթական ուղերձն է հրապարակել մեկուսարանից՝ կրկին ձեռնպահ մնալով իշխանություններին հասցեական ու խիստ քննադատելուց: Փոխարենը «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարը նորից խոսել է երկրի զարգացման խոչըդոտների, բոլորի ներուժն օգտագործելու մասին: «Վստահ եմ, որ արդարությունը վերականգնվելու է»,- ԱԱԾ մեկուսարանից գրել է 70-ամյա Ծառուկյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ծառուկյանին պատկանող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿԾառուկյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել«Ուզում ենք մարզվենք, գոնե մի բանի հասնենք». Օլիմպավանը 10 օր է՝ կապարակնքված էԾառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի կառավարումն ու պահպանումն անցել է գործադիրինԾառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից ու հրավիրել հարցաքննությանԳագիկ Ծառուկյանը կրկին տեղափոխվել է մեկուսարան