Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորեց՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով: Փաստաբաններն անհիմն են որակում մեղադրանքը, դատարանի որոշումը կբողոքարկեն:

«Մեղադրանքից քարը քարին չի թողնվել, նման փուչ մեղադրանք դժվար է պատկերացնել նման գործով, եթե նույնիսկ պետք է այս հետապնդումները կազմակերպեին, պետք է ավելի լուրջ բան մտածեին, որովհետև այստեղ կարծում եմ, որ հանցագործության դեպք էլ չկա: Ավելին՝ ոչ թե բիզնես վեճ է վերածվում է քրեաիրավական պրոցեսի, ես կարծում եմ, որ այստեղ բիզնես վեճ էլ չկա: Այստեղ պետք է պարոն Ծառուկյանը ճանաչվեր որպես տուժող», - ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը:

Խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավոր քննադատներից Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց երեկ իր առանձնատանը մոտ 12 ժամ տևած խուզարկությունից հետո, Ազգային անվտանգության դիմակավորված աշխատակիցները Ծառուկյանին տարան նախ Քննչական կոմիտե՝ այստեղ նրան մեղադրանք առաջադրվեց խարդախություն կատարելու և փողերի լվացման հոդվածներով, հետո՝ ձեռնաշղթաներով տեղափոխեցին դատարան։

69-ամյա Ծառուկյանի կալանավորումից հետո Քննչական կոմիտեն տեսանյութ տարածեց, թե ինչպես են ձերբակալում գործարարին:

Դրանում տասնյակ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մտնում են Ծառուկյանի առանձնատուն, գետնին պառկեցնում մի քանի տղամարդու, ապա ներսում շրջապատում են Ծառուկյանին, քաշում նրա ոտքից, ուժով պառկեցնում գետնին: Հաջորդիվ կադրերում արդեն Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխում են Քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։

Այնուհետև, ըստ նախաքննական մարմնի, Ծառուկյանը կազմակերպել է այդ հանցավոր ճանապարհով ստացված գույքի և գումարների լվացումը՝ դրանք սեփական ընկերությունների օրինական շրջանառությանը միախառնելով։ Ինքը՝ գործարարը, մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով կեղծիք։

Փաստաբան Երեմ Սարգսյանի պնդմամբ՝ այսօր դատարանում Ծառուկյանի մեղադրանքը հիմնավորելու բոլոր փորձերը ձախողվել են։ Դատական նիստը դռնփակ էր, և «Ազատությունը» հնարավորություն չի ունեցել ծանոթանալու իրավապահների հիմնավորումներին: Մեղադրող կողմը նաև լրատվամիջոցների հետ չի շփվել:

Ըստ Քննչականի՝ Ծառուկյանը մեկ այլ դրվագով էլ համագործակցելով վառելիքի ներկրմամբ զբաղվող մի քաղաքացու հետ, կազմակերպել և ղեկավարել է Իրանի քաղաքացուց խաբեությամբ շուրջ 934 հազար դոլարի հափշտակությունը։

«Իրանի դատարանը վերջնական որոշմամբ հաստատում է, որ իրենց քաղաքացիների գրածը սուտ է, այստեղ խարդախության հանցակազմ չկա, սովորական գործարար հարաբերություններ են: Հայաստանի իրավապահ համակարգն ասում է՝ չէ, նույնը հանցագործություն է, խարդախություն է: Եվ այն պարագայում, երբ կա նրանց դեմ տրված հաղորդում, դրան ընթացք չեն տալիս, սովորական վիճակով շատ դանդաղ քննություն է, իսկ սա 1-2 օրում հրատապ քննությունով... ակնհայտ էր, որ առիթ էր պետք Ծառուկյանին ձերբակալելու համար», - ասաց փաստաբանը:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին առնչվող այս գործընթացն, ըստ Ծառուկյանի թիմակիցների, քաղաքական է։ Նրանք պնդում են՝ իրավապահները գործում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը վարչապետի թիրախում հայտնված գլխավոր գործիչներից մեկն էր։ Փաշինյանը կոշտ բառապաշարով սպառնում էր բանտ ուղարկել Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին։ Նաև խոստանում Ծառուկյանի առանձնատունը դարձնել ծերերի խնամքի կենտրոն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Լակոտիդ բռնելու ենք». Փաշինյանը սպառնում է Ծառուկյանին, ԲՀԿ առաջնորդն արձագանքում է

Ընդդիմադիրների պնդմամբ՝ Ծառուկյանը հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով

ԲՀԿ ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործին ու նրան պատկանող ընկերություններում խուզարկություններին անդրադարձել են ընդդիմադիր մի շարք ուժեր, այդ թվում՝ խորհրդարան անցած «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները։ Նրանց գնահատմամբ՝ Ծառուկյանը հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով։

Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժի հայտարարության մեջ ասվում է. «Ակնհայտ է, որ այսպիսի գործողություններով իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը և հակապետական նպատակների իրագործման ճանապարհին վերացնում է հնարավոր դիմադրության բոլոր օջախները»։

Գրեթե նույնաբովանդակ գնահատական է հնչել «Ուժեղ Հայաստանից». «Սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։
Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին։ Իրավապահ համակարգի կիրառումը` որպես քաղաքական զենք, ծանր հարված է հասցնում երկրի տնտեսությանը և ներդրումային միջավայրին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցողին դեռ հրապարակային չի արձագանքել: